Դեռեւս 2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած` Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ այնպիսի ներքաղաքական մարտավարության, որի շնորհիվ անցած հինգ տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական ներկապնակում կտրուկ պակասեցին ընդդիմադիր երանգները: Եթե հիշում եք, ընդամենը 5 տարի առաջ ընդգծված ընդդիմադիր էին ԱԺՄ-ն, ԱԺԴ-ն, ԱԺԿ-ն, «Ազգային միաբանություն»-ը, ՍԻՄ-ը, Կոմունիստական նորացված եւ հին կուսակցությունները եւ այլն: Այսօր, սակայն, այդ կուսակցություններն առավելապես իշխանական տիրույթում են: Համենայնդեպս, նրանց առաջնորդները կա՛մ լռում են, կա՛մ էլ իրենց ելույթներում գովաբանում Սերժ Սարգսյանին: Իսկ ոմանք էլ արդեն իսկ ստացել են ՀՀԿ ցուցակով խորհրդարան անցնելու խոստումներ:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի անդամ 18 կուսակցություններին, ապա այստեղ էլ, հատկապես անցած ամռանը մեկնարկած իշխանություն-ընդդիմություն երկխոսությունից հետո, իրավիճակը փոխվեց, եւ մինչ այդ իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ պահանջող Կոնգրեսն այսօր արդեն քննարկում է, թե քանի մանդատ է ուզում ստանալ Սերժ Սարգսյանի գծած Ազգային Ժողովում: Անշուշտ, դաշտում կան նաեւ «Ժառանգություն»-ը եւ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ»-ը: Սակայն առաջինն իր գործելաոճով անցած տարիներին եղել է առավելապես կառուցողական ընդդիմության դիրքերում, իսկ երկրորդն էլ առայժմ որեւէ հարցում հանդես չի եկել կտրուկ իշխանական քննադատությամբ: Վերջին երեք տարիներին կառուցողական կամ կիսաընդդիմադիր դիրքերում է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը, սակայն, ինչպես վերջերս խոստովանեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, բավականին ակտիվ գործակցում է Սերժ Սարգսյանի հետ: Ընդդիմադիր դաշտի խաղացողներից մնում են միայն «Նոր ժամանակներ» կուսակցությունը եւ «Սարդարապատ» շարժումը, որոնք չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Եւ, կարելի է ասել, այս պահի դրությամբ այս երկու ուժերն են, որ որեւէ կերպ չեն տեղավորվում Սերժ Սարգսյանի մշակած առաջիկա ներքաղաքական սցենարներում:
Այսպիսով` ամփոփելով առկա պատկերը` կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է ձեւավորել մի իրավիճակ, որտեղ, ըստ էության, չկան իրեն արմատականորեն ընդդիմադիր քաղաքական ուժեր: Սակայն այսօր Սերժ Սարգսյանի համար ամենաանողոք ընդդիմությունը նրա պաշտոնավարության արդյունքում ստեղծված իրավիճակն է` աղքատության աճը, արտագաղթը, համատարած կոռուպցիան եւ տնտեսության անմխիթար վիճակը: Եւ այս ընդդիմության հետ պայքարում գեղեցիկ ելույթները, իրականության հետ կապ չունեցող թվերն ու դատարկ խոստումները չեն օգնելու` որքան էլ հավատանք:
ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ