ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք պատրաստվում է փաստեր ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դատական համակարգի վերաբերյալ իր զեկույցից հետո: Ինչպես հայտնի է, օմբուդսմենը ներկայացրել էր դատավորների կողմից վերցված կաշառքների չափը, սակայն պահանջված կոնկրետ փաստերի մասին լռում է: ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը, պատճառաբանելով, թե Կ. Անդրեասյանը շատ զբաղված է, անձամբ պատասխանեց մեր հարցերին. «Դատական ոլորտի վերաբերյալ օմբուդսմենն այլեւս ասելիք չունի»: Իսկ հնարավո՞ր է իրականանան լուրերն այն մասին, որ ՄԻՊ-ն իր վերջին զեկույցի պատճառով գուցե «զրկվի», հրաժարվի պաշտոնից: Մամլո խոսնակն այսպես արձագանքեց. «Դատարկ խոսակցություններն ու ասեկոսեները չենք մեկնաբանում»:
Նկատենք, որ, այնուամենայնիվ, Կ. Անդրեասյանն իր սկանդալային զեկույցից հետո մի տեսակ ընդհատակ է անցել:

 

 

ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈ՞Վ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անգամ ինսուլին դեղի ներկրումն է մեր երկրում լի ապօրինի գործողություններով: ՀՀ առողջապահության նախարարությունն (ԱՆ) այս ամսվա սկզբներին «Զվարթնոց» օդանավակայանում մոտ 1200 կիլոգրամ քաշով ինսուլին պարունակող դեղեր է ներկրել, որի համար սահմանված ժամկետում վճարում չի կատարել: Եթե հաշվի առնենք, որ ինսուլինի 100 գրամը 7-8 հազար դրամ արժե, կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը, որը նախարար Դերենիկ Դումանյանի աշխատակիցները փորձել են «պլստացնել» «Զվարթնոց» օդանավակայանով: Դե ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ` իբրեւ «ամենաարդար պաշտոնյա», մաքսանենգության փորձի համար հրահանգել է ԱՆ աշխատակցին տուգանել ընդամենը 50 հազար դրամով:

 

 

ԱՆԻՄԱՍՏ ԲՈՒԼԿԻՆԵՐ

ՀՀ կառավարությունը հիմա էլ որոշել է փրկել իշխան ձկներին եւ այդ նպատակով ստեղծել Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ: Այս նոր նախագծի վերաբերյալ պարզաբանումները Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ տալու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, եւ մոտավորապես արդեն կարելի է ենթադրել, թե ինչ կարգի պարզաբանումներ են լինելու, եւ ինչպես է կառավարությունն արդարացնելու իր հերթական անարդյունավետ նախաձեռնությունը: Բանն այն է, որ դեռ 2008-ին ստեղծվել էր ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը, որը մինչ օրս գործում է, սակայն իշխանի եւ սիգի պաշարը լճում ավելանալու փոխարեն գնալով ավելի է պակասում: Այնպես որ, նման հիմնադրամ ստեղծելու փոխարեն լավ կլիներ ընդամենը պայքարել որսագողության դեմ, իսկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից էլ պահանջել, որ ինչ-ինչ շահագրգռվածության դիմաց աչք չփակի հանցանքների վրա:




Լրահոս