«ԱՐԵԼ ԵՄ ՄԱՔՍԻՄՈՒՄԸ, ՈՐՊԵՍԶԻ ՈՉ ՈՔ ՍՈՎԱԾ ՉՔՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ աղքատներին օգնելու միջազգային օրը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու: Ադիբեկյանը նշել է, որ իրենց կատարած հարցումների արդյունքները տարբերվում են պաշտոնական տվյալներից, ըստ որոնց՝ մեր ընտանիքների մոտ 37 տոկոսն աղքատ է, որոնցից չքավորները կազմում են 7 տոկոսը: «Մեր տվյալներով էլ բացարձակ աղքատների թիվը հասնում է 47 տոկոսի, բայց իրենց աղքատ են համարում 20 տոկոսը: Այսինքն` նրանք չեն ցանկանում իրենց համարել աղքատ: Իսկ 47 տոկոսից 10 տոկոսն ընչազուրկներն են»,-հայտարարել է սոցիոլոգը:

Ա. Ադիբեկյանը հավելել է նաեւ, որ ժողովուրդը պետք է կառավարությանը ստիպի լինել ավելի իմաստուն եւ գործունյա, որպեսզի ունենա մարդավայել աշխատանք եւ աշխատավարձ. «Ներկայումս կառավարությունը գտնում է, որ ծայրահեղ աղքատ է 2.8 տոկոսը: Աղքատության գիծը Հայաստանում 21,000 դրամ է: Մենք պետք է ունենանք երկու տասնյակ մեծ գործարաններ, որոնցից կլինեն նաեւ մանր եւ միջին բիզնեսներ: Հիմա մենք գյուղի հաշվին ենք ապրում, գյուղացին չի կարողանում իր քրտինքը բարձր վաճառել, որովհետեւ Հայաստանի սպառողը գնողունակ չէ: Այն, ինչ մենք կարող ենք արտադրել մեր երկրում, չպիտի ներկրենք: Պետք է ասեմ նաեւ, որ տնտեսապես շահավետ է Հայաստանում բիզնես դնել, որովհետեւ այստեղ ավելի քիչ ես աշխատողին վարձատրում: Այստեղ պետք է բիզնեսներ դնել, այդպես պայքարել աղքատության դեմ»,-ասել է սոցիոլոգը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ կառավարության ներկայացուցիչներից պարզել, թե ինչպես են վերաբերվում ՀՀ-ում նման ծավալների աղքատության առկայությանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ
-Պարո՛ն Երիցյան, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու, Դուք՝ որպես ՀՀ կառավարության անդամ, Ձեր մեղքի բաժինը զգո՞ւմ եք այդ ամենում:
-Գիտեք ինչ, այսօր շատ հեշտ է ամեն ինչում, ինչ-որ մեկին մեղադրել, ամեն ինչ բարդել կառավարության ու նախարարների վրա: Ես ուզում եմ մի բան ասել, որ այսօր աշխատատեղեր շատ կան, ես, լինելով ԱԻ նախարար, կարող եմ ասել, որ մենք աշխատատեղեր ունենք: Կարծում եմ՝ մյուս գերատեսչություններում ու նախարարություններում եւս կան աշխատատեղեր: Շատ ժամանակ լինում է, որ մարդիկ չեն սիրում աշխատել, չեն ձգտում աշխատանք փնտրել ու իրենց հացը վաստակել: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք առանց աշխատանքի են, կարող են, ասենք, նախարարներին ներկայացնել այդ ցանկը, ու այդ ցանկի հիման վրա մարդկանց տրամադրվեն աշխատանքներ: Օրինակ՝ ինչպես մենք արել ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: Ես կարծում եմ, որ այդպես ավելի հեշտ կլինի այդ հարցին լուծում տալ: Ովքեր որ աշխատանք չունեն, բայց ցանկություն ունեն աշխատել, մենք կարող ենք իրենց օգնել: Ի վերջո, մեր հայ ազգն է, մեր քաղաքացիներն են, ինչպե՞ս կարող ենք մենք նրանց չօգնել:
-Այսինքն, ըստ Ձեզ, հայ ազգը չաշխատող ազգ է ու նախընտրում է սոված մնալ, քան աշխատե՞լ:
-Չէ՛, ես դա նկատի չունեմ, մեր ժողովուրդն աշխատող է, ուղղակի ես նշում եմ, որ եթե նման վիճակագրություն գոյություն ունի, թե Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու, ապա մենք պատրաստ ենք այդ ընտանիքներին օգնել, աջակցել, որպեսզի Հայաստանում նման վիճակը չշարունակվի: Ես որպես նախարար եմ դա ասում, ես իմ նախարարությունում նման կերպ օգնում եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Մի բան էլ նշեմ, որ նման աբստրակտ բաներ ասելը շատ հեշտ է, պետք է կոնկրետ ցանկ ներկայացնել, որ այսքան ընտանիք գոյություն ունի, եւ այս ընտանիքը գտնվում է այս վիճակում: Ու մենք միասին, բոլորս այդ հարցին լուծում կտանք:
-Այժմ բոլորը սպասում են, թե ինչ է լինելու ՀՀ կառավարության «ճակատագիրը». խոստացված 7 տոկոս տնտեսական աճը կառավարությունն այդպես էլ չապահովեց: Մինչդեռ, ինչպես հիշում եք, Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե այդ աճը չապահովեք, պետք է հրաժարական ներկայացնեք: Պատրաստվո՞ւմ եք դա անել:
-Ինչի՞ համար, ես կարծում եմ, որ կառավարությունն իր առջեւ դրված խնդիրները կատարել է եւ կատարում է: Հաստատվեց նաեւ 2014թ. բյուջեն, ու դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք աշխատել:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
-Պարո՛ն Մովսիսյան, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ ՀՀ-ում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու: Առջեւում տոնական օրեր են, բայց շատերն անգամ չեն կարողանում օրվա հացի գումար վաստակել:
-Ես գտնում եմ, որ ես իմ ոլորտում արել եմ մաքսիմումը, որպեսզի ոչ ոք սոված չքնի:
-Այսինքն՝ Դուք Ձեր կատարած աշխատանքից գոհ եք ու կարծում եք, որ…
-Գոհ կլինեմ այն ժամանակ, երբ ինչ մտքիս դրել եմ, անեմ, ինչ ծրագրեր որ ունեմ, դրանք իրագործվեն:
-Իսկ Դուք մեղքի բաժին չունե՞ք, Ձեզ մեղավոր չե՞ք համարում, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասն աղքատության մեջ է ապրում:
-Ո՛չ (նստում է իր թանկարժեք ծառայողական մեքենան ու հեռանում-Ս. Գ.):

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս