ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ՌՈՒՍԱՄԵՏ Է, ՔԱՆ ՌԴ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները գլխապտույտ արագությամբ սկսել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերի վավերացման գործընթացը: Մեկ ամիս չի անցել համաձայնագրերի ստորագրման օրվանից` դեկտեմբերի 2-ից, բայց դրանք արդեն ներկայացվել են ԱԺ հաստատմանը: Ընդ որում, իշխող կոճակային մեծամասնությունը համաձայնագրերը պետք է վավերացնի այսօր կառավարության որոշմամբ գումարվելիք ԱԺ արտահերթ նիստում:

Մինչ այդ, երեկ ՀՀ Սահմանադրական դատարանն իր եզրակացությունը տվեց փաստաթղթերի սահմանադրականության վերաբերյալ: Ընդ որում, ՍԴ-ն համաձայնագրերը քննելու համար նիստը գումարել էր հինգշաբթի այն դեպքում, երբ սովորաբար, ՍԴ նիստերն անցկացվում են երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Ավելին՝ ՍԴ նիստը երեկ բավական կարճ տեւեց, բավական արագ կայացվեց ու հրապարակվեց նաեւ որոշումը:
Ինչպես եւ կարելի էր ենթադրել, ՍԴ-ն հերթական անգամ գտնվեց իր «բարձրության վրա»` կայացնելով հերթական իշխանահաճո որոշումը. ՍԴ կարծիքով՝ Պուտինի հետ Սերժ Սարգսյանի ստորագրած համաձայնագրերը չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Մինչդեռ այդ համաձայնագրերի տեքստերում առկա ձեւակերպումները բոլորովին հակառակի մասին են խոսում. դրանցով շատ հարցերում սահմանափակվում է ՀՀ ինքնիշխանությունը, էլ չենք ասում նվաստացնող ձեւակերպումների մասին: Դեռեւս խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեջբերել էր այդ դրույթները՝ որակելով դրանք «ապտակ ԱԺ-ին»:
Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի՝ հայկական կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը «Գազպրոմ» եւ արդեն ամբողջությամբ ՌԴ-ին պատկանող «Հայռուսգազարդ» ընկերությունների իրավունքները եւ շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների` առանց ռուսական կողմի համաձայնության: Բացի այդ՝ հայկական կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ-ում չի ընդունվի որեւէ օրենք, որոշում, հրամանագիր կամ նորմատիվ իրավական այլ ակտ, որով կփոփոխվի կամ չեղյալ կհայտարարվի ստորագրված այդ համաձայնագիրը: Ընդ որում, ՀՀ-ն պարտավորվում է այդ ողջ ընթացքում «Հայռուսգազարդ»-ի նկատմամբ չավելացնել հարկային որեւէ պարտավորություն, չսահմանել որեւէ նոր հարկատեսակ` անկախ երկրում տեղի ունեցող գործընթացներից, ընդունվող իրավական ակտերից: Ասել է թե՝ ՀՀ իշխանական կառույցները` նախագահը, ԱԺ-ն, կառավարությունը, դատարանները, Հայաստանի տարածքում գործող «Հայռուսգազարդ»-ի վրա չեն ունենա ազդեցության որեւէ լծակ եւ զրկվում են վերջինիս նկատմամբ որեւէ իրավական ակտ կայացնելու` Սահմանադրությամբ տրված իրավունքներից: Արդյունքում՝ «Հայռուսգազարդ»-ը դառնում է սուպերլիազորություններով օժտված անվերահսկելի մի կառույց, որին թույլատրված է անել ամեն ինչ ու երբեւէ չենթարկվել պատասխանատվության: Ավելին՝ համաձայնագիրը նախատեսում է նաեւ հետեւյալ նվաստացուցիչ դրույթը. «Հայկական կողմի ներկայացուցիչն իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստերին` ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով»: Թեեւ վերոհիշյալ մյուս դրույթների համեմատ այս մեկը որքան էլ նվաստացուցիչ լինի, այնուամենայնիվ, մեկ դրական կողմ ունի. հայկական կողմին, ժողովրդական լեզվով ասած, «շան տեղ են դնում» եւ գոնե թույլատրում ներկա գտնվել «Հայռուսգազարդ»-ի տնօրենների խորհրդի նիստին: Այլապես կարող էին համաձայնագրում ամրագրել, որ նրանց արգելվում է «Հայռուսգազարդ» ընկերության շենքին 50 մետրից ավելի մոտենալը, հակառակ դեպքում մոտեցողը ենթակա է տեղում գնդակահարության:
Հատկանշական է, որ ՀՀ ՍԴ որոշման մեջ որեւէ մեկնաբանություն չկա նշված վիճահարույց դրույթների վերաբերյալ: Այլ այդ ամենը թվարկելուց հետո ՍԴ-ն ընդամենը եզրակացրել է` պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՍԴ որոշումը մեկնաբանելու մեր հարցին հակադարձեց. «Կմեկնաբանեի, եթե ՍԴ-ն հակառակ որոշումը կայացրած լիներ: Բայց, ցավոք, ես վստահ էի, որ ՍԴ-ն նման որոշում էր կայացնելու: Մի՞թե որեւէ մեկի համար անակնկալ էր սա: Այսքանից հետո պետք է արձանագրենք, որ ՍԴ-ն պետք է լուծարել: Դա անիմաստ կառույց է: 15 տարի է` էդ մասին ասում եմ»:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւս նշեց. «Ցավոք սրտի, ՀՀ-ն գտնվում է այնպիսի իրավիճակում, որ իր արտաքին հարաբերություններում ստիպված է առաջին հերթին հաշվի առնել այլ պետություններ շահերը, եւ միայն նրանց շահի ֆոնին դիտարկել ու համադրել սեփական շահերը: Այնինչ պետք է հակառակը լիներ: Ցավով եմ այս բառերն ասում, բայց սա է իրականությունը»: Ուրիխանյանի խոսքով՝ հատկապես տնտեսական հարաբերություններում Հայաստանը նման քայլերի գնում է հարկադրաբար. «Բոլոր զիջումները դրա օրինակն են»:
Հ.Գ. Եվս մեկ ուշագրավ հանգամանք. այս համաձայնագրերը պետք է վավերացնի նաեւ ՌԴ Պետդուման, բայց այնտեղ այս առումով դեռեւս շարժ չկա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս