ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԼՌԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչները հետեւողականորեն փորձում են լրագրողներին պարտադրել՝ բացահայտելու տեղեկատվության աղբյուրը: Մեր գործընկերների՝ առցանց Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանի եւ լրագրող Արփինե Սիմոնյանի հետ կատարվածը հենց այդ շարքից է:

Ամեն ինչ սկսվել է այս տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից, որի հետեւանքով սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Գործով կալանավորվեցին Սուրեն Խաչատրյանի թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը, եւ որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Այս իրադարձությունները լուսաբանելիս Aravot.am-ը հրապարակել էր այսպիսի տեղեկություն. «Հունիսի մեկին՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ, նրա որդին՝ ձերբակալված Տիգրան Խաչատրյանը, թմրանյութերի ազդեցության տակ է եղել: Aravot.am-ն այս տեղեկությունը ճշտեց Խաչատրյանների պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանից: «Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, ես դեռ արդյունքներից տեղյակ չեմ: Արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ, քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որեւէ դեր խաղալ չի կարող»,-Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը»:
Հրապարակումից հետո՝ սեպտեմբերի 6-ին, Aravot.am-ը ծանուցագիր է ստանում ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, որով առցանց Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանին առաջարկվում է սեպտեմբերի 9-ին ներկայանալ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Լ. Ա. Պետրոսյանի մոտ քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար: Իսկ հարցաքննության առարկան եղել է աղբյուրի բացահայտումը:
Աննա Իսրայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք չեն բացահայտել աղբյուրը` հիշեցնելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքը. «Հոդված 5-ի համաձայն՝ 1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: 2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Ըստ Ա. Իսրայելյանի՝ իրենք ոչ մի դեպքում չեն բացահայտի տեղեկատվության աղբյուրը: «Նախաքննության մարմինը կարող է փորձել դա իրականացնել դատարանի որոշմամբ, եթե, իհարկե, արյան մեջ թմրադեղերի առկայության մասին տեղեկությունը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է»,-նշեց Aravot.am-ի խմբագիրը՝ հավելելով, որ տեղեկություն չունի՝ արդյոք քննչական ծառայությունը դիմել է դատարան, թե ոչ:
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՊՆ քննչականը պահանջում է, որ իրենք տեղեկատվության աղբյուր բացահայտեն. «Ես շատ կուրախանայի, որ իրենք նույնչափ նախանձախնդիր եւ հետեւողական լինեին այն դեպքերին, երբ խոսքը վերաբերում է Սուրեն Խաչատրյանի եւ նրա ընտանիքի շուրջ կատարվող հրապարակումներին: Ավելին՝ նախաքննության ողջ գործընթացը տպավորություն է թողել իրավաբանների եւ լրագրողների մոտ, որ ամեն կերպ փորձում էին կոծկել այդ գործը, իսկ հիմա ակնհայտորեն ընկել են լրատվամիջոցների եւ լրագրողների հետեւից, որոնք փորձ էին անում ցույց տալու այս գործի բացերը կամ այդ անձնավորությանն առնչվող գործերը, որոնք վկայում են, որ ամեն ինչ չէ՝ մաքուր է»:
Տիկին Իսրայելյանը զարմացած է, որ մեր քննիչները ծանոթ չեն միջազգային փորձին. «Բազում դեպքեր են եղել, որ լրագրողները պատրաստ են եղել բանտ նստել, քան տեղեկատվության աղբյուրը բացահայտել: Իրենք պետք է հստակ պատկերացնեն, թե ինչ է լինելու շարունակությունը: Եթե Հայաստանը նման նախադեպ ունենա, որ լրագրողը տեղեկատվության աղբյուր չբացահայտելու համար ենթարկվի քրեական պատասխանատվության, միջազգային հանրությունն անտարբեր չի լինի»: Ստացվում է, որ այսօր ՊՆ քննչական ծառայությունը խնդիր է դրել այնպիսի իրավիճակ ձեւավորել, որ լրագրողները ձեռնպահ մնան բացառիկ նյութեր հրապարակելուց, որոնք դուր չեն գա որոշ գերատեսչությունների:
Ինչո՞ւ ենք այդպես կարծում, որովհետեւ, ինչպես Աննա Իսրայելյանը նշեց, սա առաջին դեպքը չէ, որ Aravot.am-ի լրագրողներին աղբյուրի բացահայտման համար հարցաքննության են կանչել:
Պարզվում է՝ նախկին մարզպետի անվան հետ կապված եւս մեկ գործի շրջանակում ՊՆ քննչականը Aravot.am-ի լրագրող Արփինե Սիմոնյանին հարցաքննության է կանչել: Ըստ լրագրողի՝ պատճառը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ իր զրույցն է եղել. «Հարությունյանը պատմել էր, որ Սուրեն Խաչատրյանը կրակել է իր սիրուհու փորին եւ սպանել չծնված երեխային: Այդ պատմության մասին նաեւ մանրամասներ էր ներկայացրել Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցը, որի անունը մենք չենք հրապարակել: Այս դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ ՊՆ-ից դարձյալ ինձ հարցաքննության էին կանչել աղբյուրի բացահայտման համար»:
Լրագրողի խոսքով՝ քննիչ Բրուտյանը սկզբում փորձել է ճնշում գործադրել իր վրա, որ նա բացահայտի աղբյուրը. «Առաջին անգամ առանց փաստաբանի էի գնացել: Քննիչ Բրուտյանը հարցրեց, թե դեմ չես, որ հարցերիդ պատասխանը գրեմ, չառարկեցի: Ու այն հարցին, թե ինչ ճանապարհով եմ աղբյուրի հետ խոսել՝ հեռախոսով, թե հանդիպել եմ, ես հրաժարվեցի պատասխանել: Նա իմ փոխարեն գրում էր, թե հանդիպել եմ: Երբ նկատեցի դա, սկսեցինք վիճել, ու վերջում ինքս գրեցի հարցերի պատասխանները»:
Ինչեւէ, Արփինեն եւս հրաժարվել է բացահայտել տեղեկատվության աղբյուրը` դարձյալ հիշատակելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածը:
Հետաքրքիր է, եթե քննիչ Բրուտյանին լրագրողները հրավիրեն իրենց սենյակ՝ «հարցաքննության», նա կբացահայտի՞ իր գործակալներին կամ քննչական ծառայության աշխատանքային գաղտնիքները: Վստահ ենք, որ ոչ: Այդ դեպքում առնվազն տարօրինակ է լրագրողներից ինֆորմացիայի աղբյուրի բացահայտման նրա ու ՊՆ ՔԾ-ի պահանջը: Իրեն հարգող որեւէ լրագրող երբեք չի բացահայտի իր աղբյուրներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս