ԳԱԶԱՅԻՆ ԿՐՔԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեռ շատ երկար կանիծի 2013թ. դեկտեմբերի 20-ը` այն օրը, երբ ինքը ստիպված եղավ ԱԺ արտահերթ նիստում ներկայացնել Սերժ Սարգսյանի ստորագրած գազային համաձայնագրերը: ԱԺ նիստը երեկ տեւեց ութ ժամ, այն էլ` առանց ընդմիջումների: Այս ընթացքում Արմեն Մովսիսյանը ստիպված էր ներկայացնել համաձայնագրերը, պատասխանել պատգամավորների հարցերին, լսել իշխանությունների, այդ թվում իր հասցեին ամենավերջին քննադատությունը:

Սակայն Մովսիսյանի երեկվա ամենադաժան փորձությունը գազային համաձայնագրերի մասին ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորների հարցերին պատասխանելու գործընթացն էր. այն ավելի շուտ հիշեցնում էր մեղադրյալի հարցաքննություն դատարանի դահլիճում: Հարցաքննություն, որտեղ մեղադրյալի աթոռին հայտնվածն ինքն էլ գիտի` հանցանքը միայնակ չի կատարել, բայց քանի որ մյուսներին հաջողվել է թաքնվել իրավապահներից, միայն իրեն են ձերբակալել ու միայն իրեն են դատում: Եվ այդպես երեկ նախարարը փորձում էր խուսափել պատգամավորների հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նկատելով այդ փաստը, շեշտեց. «Եթե մենք լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձեւը: Կներեք բառիս համար, բայց չեմ կարծում, որ «կռուտիտն» այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների եւ ԱԺ հետ»: Մովսիսյանը երեկ չէր կարող անգամ լքել ԱԺ դահլիճը. եղավ մի պահ, երբ նա աննկատ ծլկել էր դահլիճից, բայց ճակատագրի հեգնանքով այդ պահին ելույթի համար ԱԺ ամբիոնին մոտեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն.Զոհրաբյանն ու անմիջապես պատգամավորների ուշադրությունը հրավիրեց նախարարի բացակայության վրա. Մովսիսյանը ստիպված էր ՀՀԿ խմբակցության սենյակից արագ վազելով վերադառնալ դահլիճ: Որոշ ժամանակ անց, երբ Մովսիսյանը ամբիոնի մոտ էր, ձայնը խզվեց, սկսեց հազալ: «Ջուր»,-հազից խեղդվելով՝ խնդրեց նաեւ միայն ջուր խմելուց հետո կարողացավ շարունակել իր խոսքը:
Գազային համաձայնագրերի քննարկումը հերթական առիթն էր, որպեսզի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Սերժ եւ Տիգրան Սարգսյանների հասցեին ընդդիմության կողմից մինչ այս հնչեցրած մեղադրանքների շարանը համալրեր եւս մեկով` «պետական դավաճանություն»: «Ինչո՞ւ եք խախտել Սահմանադրությունը, ինչո՞վ կարող եք արդարացնել պետական դավաճանության հավասարվող այս համաձայնությունը»,- հարցրեց նա: Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունները կվաճառեն ողջ Հայաստանը: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ իշխող մեծամասնությանը հորդորեց մինչեւ ներկայացված համաձայնագրերին կողմ քվեարկելը հիշել ՀՀ քրեական օրենսգրքի 304 հոդվածի մասին, որն 8-15 տարվա ազատազրկում է նախատեսում «վնասարարություն» անելու համար: Նաիրա Զոհրաբյանը, ընթերցելով համաձայնագրերի վիճահարույց դրույթները, Մովսիսյանից փորձում էր իմանալ` «արդյոք կառավարությունը հասկանում է ռազմավարական գործընկերոջ եւ վասալի միջեւ եղած տարբերությունը»: Այդ պայմանագրերը որակելով «վասալային»՝ նա շարունակեց. «Դուք տեղյա՞կ եք, թե Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն ինչի համար է ազատազրկման դատապարտվել: Ասեմ` իր պետության շահերին հակասող գազային գործարք կնքելու եւ գազային գործարքի որոշ փաստաթղթեր իր երկրի խորհրդարանից, ժողովրդից թաքցնելու համար: Այս հարցին կարող եք չպատասխանել, քանի որ ձեր եւ ձեր կառավարությանը քրեական պատասխանատվություն սպասվում է` եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման: Եվ դրանում մեկ րոպե անգամ չկասկածեք»:
«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը եթե մտածեր ազգի մասին, ապա այս համաձայնագիրը ստորագրելու եւ ԱԺ վավերացմանը ներկայացնելու փոխարեն ինքնասպան կլիներ: Բայց Փոստանջյանը Ս.Սարգսյանին ավելի մարդասիրական ելք առաջարկեց. «Թող հրաժարական տա, եւ մենք նրան հերոսի կոչում կշնորհենք»: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը իշխանություններին հիշեցրեց. «Իշխանությունը պահելու մոլուցքը վատ տեղ է հասցնելու, հիմա տեսնում ենք դրա պտուղները: Սա իշխանությունները պահելու մոլուցք է: Բայց հիշեք` եթե դու ստորացնում ես քո ժողովրդին, ապա դրսում էլ քեզ են ստորացնելու»: ԱԺ երեկվա քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ անգամ ՀՀԿ-ականների մեջ կան սթափ մտածող մարդիկ. ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ հայկական կողմը՝ որպես կարգավորող, գրեթե չունի լիազորություններ. «Սպառողի շահերը եւ բիզնես իրականացնողի շահերը բալանսավորված չեն»: Իսկ Սամվել Ֆարմանյանը նշեց, թե ժողովրդի մեջ անվստահություն կա «Հայռուսգազարդ»-ի հանդեպ, ընդ որում` անվստահությունը տեղին է:

 

 

Զոնի օրենքներով

Ի դեպ, պատահական չէ, որ Ն.Զոհրաբյանը երեկ հարցրեց` «ՀՀ-ն պետությո՞ւն է, թե՞ սխոդկա»: Իշխող մեծամասնության ներկայացուցիչներից Գալուստ Սահակյանն ու Վարդան Այվազյանը, քննադատություններին փաստարկված հակադարձելու փոխարեն, անցան վիրավորանքի: Այվազյանը օրինակ, «ռազբորկայի» կանչեց Զ.Փոստանջյանին. «Չնայած Դուք կին եք, բայց եթե ուզում եք, կիջնենք կխոսանք»: 65-ամյա Գալուստ Գրիգորիչն էլ ասաց. «Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել եւ երբեք չեմ գայթակղվել», իսկ հետո` «Էս հիվանդանոց չի, ես էլ հոգեբույժ չեմ: Մի բառը բավական է, որ փոշիանաք… հլա ձեր ուժը նայե՛ք, ձեր տվայտանքները նայե՛ք»:

 

 

Փախեփախ

Երեկ՝ օրվա վերջում, պարզվեց, որ ՀՀԿ-ն, չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, այնուամենայնիվ, չի կարող քվորում ապահովել: Նույնիսկ առավոտյան ՀՀԿ-ականները գրանցվելիս քվեարկում էին բացակաների փոխարեն: Ավելի ուշ, չնայած Հովիկ Աբրահամյանի` պատգամավորներին դահլիճ վերադառնալու բազմաթիվ կոչերին, դահլիճը կիսադատարկ էր, Գալուստ Գրիգորիչն էլ անհանգստացած պարբերաբար մոտենում էր Աբրահամյանին, ինչ-որ բան քննարկում: Ի վերջո, որոշվեց` արտահերթը շարունակել երկուշաբթի եւ համաձայնագրերի քվեարկությունը կազմակերպել այդ օրը: Ի դեպ, ԱԺ նիստն ընթանում էր դրսում բողոքի ակցիաների ուղեկցությամբ: ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված ժողովուրդը օրվա վերջում ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորներին դիմավորում էր սուլոցներով եւ «դավաճան» բառերով, իսկ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» պատգամավորներին` ծափահարելով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս