ՀԱՅԵՐԵՆ ԵՐԳԸ ԳՐԵԼ Է ԸՍՏ ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի վերջերին կայացավ սիրված երգիչ Արսեն Սաֆարյանի մենահամերգը, որի ժամանակ հնչեցին երգչի ինչպես հին ու արդեն հայտնի, այնպես էլ նոր երգերը:

-Հինգ տարի առաջ էր իմ վերջին մենահամերգը: Դրանից հետո գրվել էին նոր երգեր, որոնք նոր ասելիք ունեին, մի քիչ ավելի հասուն սիրո երգեր էին, եւ դրանք պետք էր ներկայացնել հանդիսատեսին։ Այսօր համերգ կազմակերպելը շատ դժվար գործ է, որը հնարավոր դարձավ իմ ընկերների շնորհիվ, ովքեր օգնեցին բոլոր հարցերում:
-Մենահամերգը Ձեզ գոհացրե՞ց։
-Մենահամերգով կամ ներկայացմամբ հանդես եկող մարդիկ ամենաշատը մտածում են հանդիսատեսի հետ կոնտակտի, շփման մասին։ Եվ եթե ստեղծվում է այն երկնային, գուցե տիեզերական կապը քո եւ հանդիսատեսի միջեւ, ուրեմն դու քո նպատակին հասել ես։ Դա հեքիաթային մի բան է, որը կախված է նրանից, թե ինչպես կերգես, ինչպես կարտահայտվես… Ես՝ որպես հեղինակային կատարող, կարծում եմ՝ դա ինձ մոտ ստացվեց, եթե ներկայացնենք թվերով, մոտավորապես 80 տոկոսով։ Իհարկե, ոմանք ասացին, որ ամեն ինչ հոյակապ էր, որ… Բայց ես սովորաբար իմ աշխատանքին մոտենում եմ ինքնաքննադատաբար։
-Իսկ այդ 20 տոկոսի մեջ ի՞նչն է մտնում։
-Իհարկե, այդ 20 տոկոսը մի քիչ հարաբերական է։ Երգացանկը 22 երգից էր, եւ ես ուզում էի, որ համերգը երկու ժամից պակաս լինի, որպեսզի մնա այն տիեզերականը, հեքիաթայինը, որն ստեղծվել է հանդիսատեսի հետ շփման արդյունքում։ Բայց հետո ափսոսացի, որ մի քանի հետաքրքիր մտքեր չէի արտահայտել։ Մեկ-երկու դեպքում բառերը շփոթեցի…
-Համերգն ավարտվեց, այդ մի էջն էլ փակվեց։ Ապագայի ի՞նչ ծրագրեր կան։
-Պատրաստվում եմ «Վերադարձիր քո տուն» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել (դա իմ գրած վերջին երգն է` Ավետ Բարսեղյանի եւ Արթուր Սաֆարյանի համահեղինակությամբ), հիմա մշակվում է DVD տարբերակի երաժշտական հնչողությունը, հունվարին մոնտաժը կլինի, իսկ արդեն փետրվարի 14-ին այն կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ։
-Ձեր՝ հայ սպայի մասին երգը ոմանք նմանեցնում էին Գազմանովի հայտնի երգին։ Դուք ի՞նչ կասեք այդ մասին։
-Իրականում համեմատվում է Գազմանովի «Սպաներ» շատ հրաշալի երգի հետ։ Իսկ ես միշտ ուրախացել եմ, երբ իմ երգերից մեկը համեմատում են նման երգի հետ, որն արդեն քսան տարուց ավելի, 30 տարի հիթ է։ Եվ չեմ թաքցնում, որ հայերեն տարբերակը գրել եմ ըստ այդ տարբերակի, ավելի ճիշտ՝ ըստ այդ թեմայի։ Եվ դա ամենեւին չի նշանակում, որ վերցրել եմ մեղեդին կամ խոսքերը։ Իսկ թեման հայրենասիրական է, նվիրական, եւ չեմ պատկերացնում, թե եղբայրս ուրիշ ինչ բառերով, ինչ արտահայտություններով պետք է բնորոշեր հայրենասիրությունը, անձնազոհությունը եւ նման երեւույթները։ Թեման է նույնը, բայց ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի մեջ որեւէ նմանություն կա։ Ես նման բան երբեք ինձ թույլ չեմ տա. առաջինը հաստատ ես ինձ եմ հարգում։
-Ձեզանից ավելի երիտասարդ կատարողների մասին ի՞նչ կարծիք ունեք, նրանք նորություն բերո՞ւմ են։
-Երիտասարդությունը հենց դրանով է հետաքրքիր, որ միշտ փնտրում է նոր բաներ, բայց այդ ճանապարհին ինչքան էլ պտտվեն, ինչքան էլ նոր հեծանիվ փորձեն հորինել, գալու է մի պահ, երբ հակվելու են դեպի ավանդականը։ Ավանդական ասելով` ես նկատի չունեմ պարտադիր ժողովրդականը, գուսանականը, այլ էստրադային ավանդականը։ Եվ ամբողջ խնդիրն այն է՝ ինչպես, ինչ բազայով են գալու դրան, իսկ ավանդական էստրադային երաժշտության մեջ ստեղծագործելը շատ դժվար բան է. չպետք է կրկնվես, չպետք է պատճենես այլ ստեղծագործություն։ Ես հավատում եմ, որ կան տաղանդավոր երիտասարդ երգիչներ, եւ ամբողջ խնդիրն ինքնատիպ լինելու մեջ է։ Եվ երբ ինձ այսօր հարցնում են, թե ինչ է պետք երգիչ լինելու համար, ո՛չ արտաքինից եմ խոսում, ո՛չ ձայնից, ասում եմ՝ ինտելեկտ. միայն ինտելեկտով երգիչն է հասկանում՝ ինչ պետք է ինքն անի իր հետ։ Այսինքն՝ ինչո՞վ պետք է ներկայանա հանդիսատեսին, որպեսզի ինքը հետաքրքիր լինի։ Այսպես ասեմ՝ ինձնից երիտասարդ երգիչ-երգչուհիները պետք է մտածեն ինքնատիպ լինելու մասին, բայց դա չպետք է հասնի աբսուրդի։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս