ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, թե անհատ ձեռնարկատիրոջ գրանցման համար ինչքան ժամանակ է պահանջվում, եւ որքան է կազմում պետական տուրքի չափը: Ո՞ր դեպքում իրականացնող մարմինը կարող է մերժել ԱՁ-ի գրանցումը:
Ալիկ Սաղաթելյան (35 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից: ԱՁ-ի պետական հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160750:
Անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե՝
ա) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր,
բ) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունն ամբողջական չեն,
գ) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Ընդ որում, որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանված կարգով պետական տուրքի չափը 3000 դրամ է, ինչը մեր երկրի համար փոքր-ինչ անհավատալի է: Դժվար է պատկերացնել, որ առանց որեւէ «այլընտրանքային» միջոցների եւ գերիշխող դիրք ունեցող հարազատի` շարքային քաղաքացին կարողանա ընդամենը 3000 դրամով ԱՁ գրանցել:
ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձը վաճառում է իր սեփական բնակարանը, ապա դա հարկման ենթակա՞ է, թե՞ ոչ:
Եփրեմ Գաբրիելյան (34 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն` այն ֆիզիկական անձը, որը մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ կվաճառի իրեն պատկանող կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքը՝ բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենա, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողեր, ավտոտնակ, ապա հարկվում է ավելացված արժեքի հարկով:
Հարկի հաշվարկման եւ գանձման կարգն ու ժամկետները սահմանված են ՀՀ կառավարության 2009թ. փետրվարի 19-ի N 199-Ն որոշմամբ:
«Իրավունքի իրազեկում» հ/կ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում հաճախ է պատահում բնակարանների բազմակի վաճառք: Օրինակ` Արամի թիվ 72 եւ 80 նորակառույց շենքերի բնակարանները բազմակի վաճառվել են. ամեն տան վրա մի քանի պայմանագիր է կնքված: Ավելացնենք, որ բազմաբնակարանային շենքերի տուժած գնորդները հիմնականում խաբվում են կա՛մ կառուցապատողի կողմից, կա՛մ էլ նոտարական գործարքներից: