2007թ. հոկտեմբերից ՀՀ Գեղարքունիքի ՏԲ-ում ստեղծված խառնաշփոթ, կաթվածային իրավիճակին եւ համապատասխան ոլորտներում թափ առնող անօրինական եւ հանցավոր չարաշահումներին իրավական գնահատական տալու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարից դեռեւս 2007թ. հոկտեմբերի 17-ից գրավոր կերպով հանձնախումբ էի խնդրել, որն ապահովելու փոխարեն 17.10.2007թ. N871-Ա հրամանով հանձնախումբ է ուղարկվել իմ գործունեությունը ստուգելու եւ ինձ պաշտոնից հեռացնելու համար:
Իսկ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն էլ (այսուհետ` ՔԾԽ), քաղծառայողներիս շահերը պաշտպանելու փոխարեն, զարմանալիորեն դարձել է բնապահպանության նախարարության կամակատարը: Հակառակ դեպքում ամբողջ կյանքը ձկնագողության եւ խեցգետնագողության մեջ մասնագիտացած մարդը Սեւանա լճի ափից ո՞նց կարող էր Գեղարքունիքի ՏԲ-ի պետի աթոռին հայտնվել, կամ 20 տարվա բուֆետչիկը` պետի տեղակալի: Նման կարգի չարաշահումներն իրականացվում են հիմնականում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած սողանցքներով, կամայական նշանակվող ծառայողական քննություններով, ինչպես նաեւ անցկացվող ֆարս մրցույթներով: Ամենազավեշտալին այն է, որ ցանկացած պաշտոնի քաղծառայողին ամեն պահի կարող են ազատել զբաղեցրած պաշտոնից եւ արդարանալ, թե ծառայողական քննության արդյունքով է ազատվել, իսկ դրան հակառակ` ուզած մարդուն ուզած պաշտոնում կարող են նշանակել եւ այս դեպքում էլ արդարանալ, թե մրցույթում է հաղթել, ու հետեւանքների համար պատասխանատվություն էլ չկրել, նույնիսկ այն դեպքում, երբ բերած կադրերը պետությանը հասցնում են աղետալի չափերի հասնող վնասներ…
Վերոհիշյալ միտքս հաստատելու համար այն հիմնավորեմ տիպիկ կոռուպցիայի եւ պաշտոնական դիրքի չարաշահման դասական օրինակով: ՔԾՄ ՀՀ օրենքով սահմանված կարգով 2 անգամ ատեստավորվել էի, 2 անգամ էլ վերապատրաստվել: Լավ տիրապետելով արդի էկոլոգիայի սկզբունքներին, մասնավորապես նրա վերահսկողության ֆունկցիաներին, ՀՀ բնապահպանական ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին եւ ունենալով էկոլոգիական գիտությունների դոկտորանտի աստիճան` 2007թ. հոկտեմբերի 10-ին մասնակցել էի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին եւ ճանաչվել հաղթող: Սակայն երբ 2007թ. հոկտեմբերի 12-ին դիմում էի ներկայացրել պաշտոնի նշանակվելու համար, ԲՆ աշխատակազմը ոչ միայն ինձ չնշանակեց պետի պաշտոնում, այլեւ դիմում ներկայացնելու հանդգնության համար հիմնվեց ՔԾՄ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետի վրա եւ ձեռնարկեց կազմակերպված ապօրինի միջոցառումներ` ՀՀ ՔԾԽ-ի աջակցությամբ պետի տեղակալի պաշտոնից եւս հեռացնելու համար` գերադասելով բաժնի պետի պաշտոնի համար պահանջվող մասնագիտական գիտելիքներից հեռու ձկնագողին: Պարզվեց նաեւ, որ նրանից այդ գործարքի համար կորզել էին 30.000 ԱՄՆ դոլար, որն էլ մինչեւ այսօր կարծում է, թե էկոլոգիան լճից ձուկ եւ անտառից ծառ գողանալ ծախելն է: Այս խնդրում անհապաղ պետք է առաջ գա իմ հանդեպ ողջ կեղծիքը սարքած մարդկանց պատասխանատվության հարցը, որի վրա էլ հրավիրում եմ երկրի պատկան մարմինների ուշադրությունը:
Նշեմ նաեւ, որ ՔԾՄ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետը հնարավորություն է տալիս ցանկացած պաշտոնի քաղծառայողին ցանկացած պահի հեռացնելու զբաղեցրած պատոնից: Օրինակ` 24.10.2007թ. N 5-05/135 5 դիմումով պատվեր էր իջեցվել ՀՀ ՔԾԽ` ստանալու համաձայնություն իմ հանդեպ պաշտոնից ազատման կարգապահական տույժ կիրառելու համար:
շարունակելի