Գերմանիայի հավաքականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու լուրն անգամ դույզն չպակասեցրեց այն հետաքրքրասիրությունն ու անհանգստությունը, որով մեր երկրում գրեթե ամենուր քննարկվում է ադրբեջանցի դիվերսանտների ներթափանցման մասին լուրը: Տեսակետ կա, որ դիվերսանտների մասին տեղեկատվությունը փակ թեմա է, բայց մյուս կողմից՝ աներկբա է, որ հասարակությունն իրավունք ունի տեղեկացված լինել իրեն սպառնացող վտանգի կամ դրա չեզոքացման մասին: Հատկապես, երբ արդեն մի ողջ տարածաշրջանի ժողովուրդ է խոսում այն ամոթի մասին, որ ադրբեջանցի տասնյակ դիվերսանտներ ամիսներով ապրում են իրենց շրջապատում՝ դրանից բխող բոլոր վատ հետեւանքների պատկերացմամբ: Համաձայնվեք, որ մարդկանց խուճապը ցրելու միակ ճանապարհն անհրաժեշտ տեղեկություն հաղորդելն է, քանի որ վարդենիսցիները ոչ այնքան վախեցած էին ադրբեջանցի դիվերսանտներից, որքան անհանգստացած՝ անորոշությունից: Եվ ահա, երեկ, ԼՂՀ ՊԲ-ն տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ դիվերսանտների խումբն ամբողջությամբ վնասազերծվել է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը հարցադրումներ է ուղարկել ՀՀ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, ՀՀ եւ ԼՂՀ Պնախարարություններին՝ հետաքրքրվելով՝ ի վերջո ի՞նչ պայմաններում են եւ քանի դիվերսանտ են իրականում հատել ՀՀ սահմանը, ո՞վ կամ ովքե՞ր են այդ իրավիճակի պատասխանատուն եւ արդյո՞ք նախատեսված են պատժամիջոցներ որեւէ մեկի նկատմամբ: Բացի այդ, դիվերսանտների հետ ի՞նչ առնչություն կարող է ունենալ Քարվաճառից անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանը: ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն «Ժողովուրդ»-ին պատասխանել են, թե հարցերն իրենց տիրույթում չեն: Սպասում ենք ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների պատասխաններին:
ՀՀ դատական դեպարտամենտը վերջերս ուշագրավ գնումներ է կատարել: 714 հազար դրամ կամ ավելի քան 1700 դոլար նրանք ծախսել են փաթեթավորման թել գնելու համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ գումարի շրջանակներում դատական դեպարտամենտը գնել է 600 կիլոգրամ թել` յուրաքանչյուրը 1190 դրամով: Նկատենք, որ դեպարտամենտը թելը գնել է Իրինա Մելքոնյան անհատ ձեռնարկատերից, որից մի շարք այլ պետական գերատեսչություններ եւս պարբերաբար գնումներ են անում: Բայց այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ դատավորներն են նվերներ հանձնելու համար փաթեթավորման աքսեսուարներ գնում: Ողջ աշխարհին է հայտնի, որ դատավորները հիմնականում նվեր ստացողներ են, ոչ թե տվողներ:
Oրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գրիչ, որի միջոցով հնարավոր է եղել ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները: Այսինքն՝ ընդունելության քննության մեջ դերակատարում ու շահագրգռվածություն ունեցող մարդիկ մտածել են, որ գրիչի վրայի կոդ-շտրիխները կարելի է այնպես դասավորել, որ դառնան դիմորդների հուշաթերթիկները: Օրինակ՝ 2-րդ թեստի, 3-րդ հարցի պատասխանը 4-րդ տարբերակն է: Այս երկամյա նորամուծության մասով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանի հետ, ով ասաց. «Դեռ երկու տարի առաջ՝ 2012-ին, նման խոսակցութուններ տարածվեցին, որ իբր գրիչ է հայտնվել դիմորդի ձեռքին, որը կարողանում է քննության տեստերի պատասխանները տալ: Բայց ասեկոսեների մակարդակով էր: Հետո լսեցինք, որ ԱԱԾ-ն էր դրանով զբաղվում»: Իսկ ահա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «կախարդական» գրիչի մասով խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին:
Հայաստանի քրեական աշխարհում դեռ ամեն ինչ խաղաղ չէ: Կրքերը շարունակում են բորբոքվել այս անգամ էլ հայտնի հակամարտության հանգուցալուծման եղանակների շուրջ: Վերջերս հայտնի դարձավ, որ Երրորդմասցի Լյովիկի ջավախահայ մտերիմներից մեկին հենց քրեակատարողական հիմնարկում ծեծի են ենթարկել Օշականցի Գեւորիկի ընկերները: Պատճառն, ըստ տարածված տեղեկությունների, այն է, որ կալանավայրում իրենց պատիժը կրող տարրերը համարձակվել են ասել, թե Լյովիկ-Գեւորիկ «մենամարտում» հաղթող դուրս եկավ Լյովիկը, որ առանց ծեծ ուտելու խնդիրը կարգավորեց: Այս ձեւակերպումը դուր չի եկել Գեւորիկի շրջապատի ներկայացուցիչներին, ովքեր պնդել են, թե Գեւորիկը համապատասխան «ապտակը»՝ որպես պատասխան ստացել է եւ պետք չէ սուտ լուրեր տարածել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՔԿՀ-ի այս հայտնի ծեծից հետո ոստիկանությունը երկրորդ անգամ սկսեց օրենքով գողերի որսը: Թերեւս կրքերը հանդարտեցնելու համար: