ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ հաշմանդամների աշխատանքային երաշխիքներին։ Եթե կարելի է, խնդում եմ ներկայացնել, թե կոնկրետ ի՞նչ երաշխիքներ ունեն նրանք։
Ալիսա Մանուկյան (47 տարեկան,տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ աշխատանքի ընդունելիս հաշմանդամի համար փորձաշրջան չի սահմանվում: Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկասոցիալական փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառնում այլ անձանց առողջությանը եւ աշխատանքի անվտանգությանը:
Ավելացնենք, որ ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնում ստացող անձանց:
Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:
Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին Հայաստանում բնակվող 193 հազար 836 հաշմանդամներից մոտ 105 հազարը աշխատունակ է, սակայն աշխատանքով ապահովված է նրանց միայն ութ տոկոսը: Արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատերը ստիպված են բավարարվել կառավարության կողմից սահմանված չնչին թոշակով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ աշխատանքային ստաժի մեջ ներառվո՞ւմ է որպես ջոկի հրամանատար՝ «սերժանտ կամ կրտսեր սերժանտ» զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածը:
Վահե Հայրապետյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ հասկացության մասին տրված պարզաբանման համաձայն՝ «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ մինչեւ 1991 թվականն ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ, իսկ դրանից հետո ընկած ժամանակաընթացքում ՀՀ զինված ուժերի սպայական կազմում ժամկետային զինվորական ծառայություն անցնելու ժամանակահատվածը: Բացի այդ, «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ «ավագ» զինվորական կոչումով դասակի հրամանատարի ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը: Ուստի որպես ջոկի հրամանատար՝ սերժանտ, կրտսեր սերժանտ զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածը չի կարող համարվել պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ փոքր-ինչ անարդար է միայն «ավագ» զինվորական կոչումով ծառայության ժամանակահատվածի աշխատանքային ստաժի հաշվարկումը: Չէ՞ որ մյուս երկուսը նույնպես զինվորական ծառայության ժամանակահատված են համարվում։