ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՔԵՐՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի խորհրդարանը երեկ կաթվածահար վիճակում էր. անգամ Գալուստ Սահակյանը, որ այս տարիներին մշտապես աչքի է ընկել ոչ միայն ՀՀԿ-ական, այլեւ կոալիցիոն մյուս պատգամավորներին անհապաղ բերման ենթարկելու, այդպես քվեարկությունները փրկելու իր անգերազանցելի կարողությամբ, երեկ ձախողվեց:
Նախագծերի քվեարկությունից առաջ պարոն Սահակյանը «խորհրդակցելու համար» 20 րոպե ընդմիջում խնդրեց: Այս ընթացքում ԱԺ բերման ենթարկեցին բոլոր նրանց, ում կարողացան: Ճիշտ է, «անմեղ» քվեարկությունները կայացան, բայց Սամվել Նիկոյանն այդպես էլ չհամարձակվեց քվեարկության դնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը. բանն այն է, որ վիճահարույց այս օրինագծին կտրականապես դեմ են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ու եթե նրանք բոյկոտեին քվեարկությունը, ապա նախագիծը քվորումի բացակայության պատճառով կտապալվեր. դահլիճում չկար իշխանական 66 վստահելի պատգամավոր: Մինչդեռ իշխանությունն ամեն գնով փորձում է անցկացնել այս օրինագիծն, ու ԱԺ-ում այս քառօրյային այն քննարկվեց 24-ժամյա ռեժիմով: Թե ինչու են ընտրություններից առաջ նրանք ուզում անպայման օրենքի տեսք տալ ԶՈՒ-ն ներքաղաքական գործընթացների ժամանակ օգտագործելու իրավունք սահմանող օրինագծին, մնում է միայն կռահել: Ի դեպ, ԱԺ նիստում 20 րոպե ընդմիջում հայտարարելուց հետո Սամվել Նիկոյանը մոռացել էր անջատել իր խոսափողը, ու պարզ լսվեց իր տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ քննարկումը: «Մի ուրիշ օրինագիծ դնենք, հետո «Արտակարգ դրությունը»»,-ասաց նա: Շարմազանովը խորհուրդ տվեց հետաձգել:
Այս իրավճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 85 անունը: Ավելին, երկու օր է՝ ՀՀԿ-ական պատգամավորները կարծես սգի մեջ լինեն, իսկ մասնավոր զրույցներում չեն էլ թաքցնում իրեն դժգոհությունը ՀՀԿ ցուցակում տեղ գտած անձանց վերաբերյալ: ՀՀԿ-ականները զայրացել են հատկապես այն բանի համար, որ համամասնական ցուցակի անցողիկ համարներում ընդգրկվածները ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ էլ կուսակցության գաղափարախոսության հետ կապ չունեն: Փոխարենը ՀՀԿ-ի պատգամավորական հիմնական մասը, ում ուսերին էլ ծառացած է օրենսդրական գործունեությունը, հանգրվանել են արդեն 100-րդ համարից հետո: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ վստահեցնում էր՝ իրենց խմբակցությունը երեկվա նիստում ամենաշատն էր ներկայացված: «Պարզապես կան օրենքներ, որոնք պատեհ ժամանակ պետք է քվեարկվեն: Կոնկրետ այս դեպքում էլ ես տեսա, որ մյուս խմբակցությունները շատ ավելի նոսր են, ու դա էր պատճառը, որ ընդմիջում վերցրինք,-իրավիճակը փորձեց ցրել նա՝ հավելելով,-հենց ՀՀԿ-ն է իրավիճակ տիրապետում: Դրա համար էլ կանոնակարգում է, որպեսզի ԱԺ-ն կանոնակարգված աշխատի»: Գալուստ Սահակյանը նաեւ արդարացավ, որ մեծամասնականով առաջադրված պատգամավորները գտնվում են իրենց տարածքներում, ու նաեւ դա է պատճառը, որ քիչ թվով պատգամավորներ կային:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարոն Սահակյանը երեկ մեկ ուշագրավ խոստովանություն արեց. «Առաջին անգամն է, որ այս պահին ԱԺ-ն գործում է: Օրինակ՝ նախորդ ընտրություններին երեք նստաշրջան չի արվել»:
Ընտրություններից ընդամենը մեկուկես ամիս առաջ ԱԺ նիստ անցկացնելը պատահական չէ, եթե նկատի ունենանք օրակարգում ընդգրկված հարցերը: Խոսքն առաջին հերթին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» վիճահարույց օրինագծի մասին է, որը նախատեսում է ներքաղաքական նման հարցերի ժամանակ նաեւ բանակի օգտագործում: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա. «Պարզ է չէ՞ բոլորին, որ դա լավ օրենք չէ: Ինչո՞ւ եք ուզում անպայման զոռով անցկացնել: Թող հետ տանեն նորից: Ի վերջո, այն փոփոխությունները, որ առաջարկել ենք, չեն արվել, դուք էլ եք դա տեսնում»: Գալուստ Սահակյանից հարցրինք. «Ինչո՞ւ եք ուզում այս ԱԺ-ում ամեն գնով ընդունել այդ նախագիծը»: «Որպեսզի կանոնակարգված լինի: Իհարկե, որեւէ միտում չունենք, որ դրա անհրաժեշտությունը կլինի այս ընտրություններում, բայց օրենքը պետք է լինի: Մինչեւ հիմա նախագահի հրամանագրով էր կարգավորվում այդ հարցը, հիմա օրենքով ենք ուզում դա անել: Դա մի քանի քայլ առաջ է»,-ասաց նա:
Հ.Գ. Ի դեպ, երեկ` ուշ երեկոյան, տեղեկացանք, որ իշխանությունները մոբիլիզացրել են իրենց ողջ ռեսուրսն ու պատգամավորներին հրահանգել մի կողմ թողնել բոլոր գործերը՝ այսօր առավոտյան գոնե կես ժամով ԱԺ գալու եւ նախագծերն արագ-արագ քվեարկելու համար: Ընդ որում, ոչ միայն ՀՀԿ, այլեւ ԲՀԿ եւ ՕԵԿ պատգամավորներին նախազգուշացրել են՝ այս բացակայությունը չի ներվի, ու հնարավոր է՝ ազդի համամասնական ցուցակներում ու մեծամասնական ընտրակարգով նրանց տեղերի ու ձայների վրա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս