ՀՀ-Ի ԿՈՇՏԱՑՈՂ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՌԴ-Ի ԶԵՆՔԻ ԲԻԶՆԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավական էր, որ Սերժ Սարգսյանը հեռավոր Արգենտինայից իր հարցազրույցում բացահայտ մտահոգություն հայտներ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, որ իշխանության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով կրկնեն այդ արտահայտությունները, որոնք աննախադեպ ջանասիրությամբ տիրաժավորվում ու տարածվում են տեղեկատվական միջոցներով: Սերժ Սարգսյանից հետո, հրապարակայնորեն առաջին մտահոգություն հայտնողներից էր նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով երեկ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ ասել է. «Իհարկե, մյուս կողմից էլ ցավալի է, որ մեր դաշնակից պետություններն են նպաստում սպառազինության մակարդակի աճին, ինչն անմիջապես անդրադառնում է մեզ վրա»:

Այդ թեմային անդրադարձել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ եք Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ մտահոգությունը, Օհանյանն ասել է. «Իհարկե այս ամենը նաեւ մեզ է մտահոգում, բայց մենք այն, ինչ կատարում ենք ռազմական համագործակցության շրջանակներում, ամեն ինչ չէ, որ կարելի է հանրությանը ներկայացնել, եւ կարծում եմ, որ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ հետ գտնվում է ավելի բարձր մակարդակի վրա, քան իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ»:
«Մտահոգիչ» հայտարարությունների այս շքերթում անձամբ Սեյրան Օհանյանի խոսքերը նորություն չեն: 2013թ. հուլիսի 26-ին, «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման հավաքական անվտանգային ուղենիշերը» թեմայով երկրորդ ռազմավարական հավաքական ֆորումի ժամանակ նա նույնպես որոշակի մտահոգություն էր հայտնել կատարվածի առնչությամբ: «Ադրբեջանի սպառազինումը մեզ չմտահոգել չի կարող»,- ասել էր նա, բայց մյուս կողմից՝ փորձելով սիրաշահել ՌԴ-ին, հավելել. «Մենք գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, եւ այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել: Ռուսաստանի հետ մենք գտնվում ենք սերտ հարաբերությունների մեջ եւ համագործակցության զարգացման ուղղությամբ երեկ շատ կարեւոր փաստաթուղթ ստորագրեցինք, որը հնարավորություն է տվել ավելի բարձր միջպետական մակարդակի վրա դնել մեր ռազմատեխնիկական համագործակցությունը: Դա նաեւ հնարավորություն է տալու մեր ռազմական արդյունաբերության եւ ՌԴ արդյունաբերության ձեռնարկություններին անմիջական պայմանագրեր կնքել միմյանց հետ: Այնպես որ, իրավիճակը վերահսկելի է»: Այս տարվա մայիսի 26-ին նա կրկին «լավ չի վերաբերվել» ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը` հայտարարելով. «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը, լինելով մեր ռազմավարական գործընկերը, առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեզ հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, սակայն միեւնույն ժամանակ, նա իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարել: Որպես ռազմական գերատեսչության ղեկավար` ես դրան չեմ կարող լավ նայել, սակայն իրավունք էլ չունեմ դա քննարկել»: Իսկ մայիսի 29-ին լրատվամիջոցների հետ զրույցում Սեյրան Օհանյանը մեղմ էր գտնվել Ռուսաստանի հանդեպ. «Յուրաքանչյուր պետություն իր հնարավորության, քաղաքականության եւ իր գործունեության շնորհիվ իրավունք ունի համապատասխան գործարքներ կնքելու: Զենքի այդ գործարքում մեծ քաղաքականություն չկա, հատկապես եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, ավելի սերտ է, փոխադարձ աջակցությունն ավելի լայն է, որովհետեւ մենք դաշնակիցներ ենք»:
Միայն թե, չնայած նախարարի խոսքերին, Սերժ Սարգսյանը նախկինում` 2010թվականի սեպտեմբերին, ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հակառակն էր պնդում` ասելով. «Հայաստանը չի կարող Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանին զենք մատակարարելու համար: Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում, մեզ համար նորություն չէ, բայց Հայաստանը չի կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար, իհարկե մենք կարող ենք դժգոհել, դա մեր գործն է, բայց մեղադրելը սխալ է»,- ասել էր նա:
Փաստորեն, բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ոչ միայն պաշտպանության նախարարը, այլեւ Սերժ Սարգսյանը ու նրա հետեւից նաեւ իշխանությունը միաբերան մտահոգվեն: Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, իշխանությունների մտահոգությունը «վարակեց» նաեւ ընդդիմությանը, որի առաջին մունետիկներից էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. «Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը, որպես դաշնակից կկորցնի Հայաստանին»: Եվ ընդդիմությունը սրա մասին հիշել է ընդամենը այսօր, երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է տալիս արդեն տարիներ շարունակ: Այս ամենը լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս. կամ Ռուսաստանն այնքան շատ զենք է վաճառել Ադրբեջանին, որ անգամ Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության համար արդեն իրական մտահոգություն է ի հայտ եկել, կամ` իշխանությունները որոշել են «ատամ ցույց տալ» ռուսներին: Իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի զենքի վաճառքը Հայաստանի հետ չավարտված պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, ոչ միայն մտահոգիչ է, այլեւ` խոսում է ռազմավարական գործընկերության մակարդակի եւ դաշնակիցների նկատմամբ ՌԴ-ի ունեցած վերաբերմունքի մասին:
Հ.Գ. Ի դեպ, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առիթով, հուլիսի 11-ին հրավիրված ասուլիսին, դեսպան Անրի Ռենոն հայտարարել էր, որ Ֆրանսիան հարգում է ստանձնած պարտավորությունը՝ զենք չվաճառել հակամարտող կողմերին, շեշտելով. «Ֆրանսիան, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երկիր, չի կարող չհարգել կամ չպահպանել այն բոլոր դրույթները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի կամ հենց նույն ԵԱՀԿ-ի կողմից, եւ որոնք հետեւյալն են՝ ձեռնպահ մնալ կամ կտրականապես մերժել այն գաղափարը՝ զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս