ՄԻՋՌԱՍԱՅԱԿԱՆ ԿՄԱԽՔՆԵՐ
Ֆրանսիացի գիտնականները, ովքեր համագործակցում են Բրիտանական թանգարանի հետ, Նեղոսի արեւմտյան ափին հայտնաբերված մարդկային տասնյակ հնագույն գանգեր են ուսումնասիրել եւ հանգել այն եզրակացության, որ այդ մարդկանց մեծամասնությունը զոհվել է սիլիցիումից պատրաստված նետերից:
Հնէաբանական գերեզմանատունը՝ Ջեբել Սահաբան, որը 13 հազար տարվա պատմություն ունի, հայտնաբերվել է դեռ 1964թ.-ին: Սակայն, միայն այժմ է հաջողվել այնտեղ հայտնաբերված բրածոներն ուսումնասիրել XXI դարի տեխնոլոգիաներով:
Գիտնականները պարզել են, որ բոլոր գանգերը պատկանել են էթնիկ մի խմբի, ովքեր ապրել են Սահարայից հարավ եւ հանդիսացել են ժամանակակից սեւամորթ աֆրիկացիների նախնիները: Ավելի դժվար է եղել հայտնաբերել նրանց սպանողներին, սակայն եղած նյութերը վկայում են, որ այդ մարդիկ բոլորովին այլ ռասայի են պատկանել՝ լեւանտյան ժողովրդին, որոնք ապրել են Աֆրիկայի Հյուսիսում եւ եվրոպացիներ են եղել:
Այսպիսով, հնարավոր է՝ հենց այդ ժամանակ է ծագել պատմությանը հայտնի ամենահին ռասա-էթնիկական պատերազմներից ամենախոշորը:
18 ՄԼՆ ԵՎՐՈ ՏՈՒԳԱՆՔ
Բուխարեստի դատարանը 4 ռումինացու 18 մլն եվրոյի չափով տուգանել է` Պիկասոյի, Գոգենի եւ Մոնեի կտավները գողանալու համար: Դատավճռի համաձայն՝ մեղավորները պարտավորվում են ծածկել թանգարանի ապահովագրական գործակալության՝ կտավների գողացման հետ կապված ծախսերը:
«Մենք կբողոքարկենք դատարանի որոշումը»,-հայտարարել է դատապարտյալների փաստաբանը: Նա ասել է, որ պաշտպանությունը չի կարծում, որ նկարներն օրիգինալներ են եղել: Նա նաեւ նշել է, որ ապահովագրական գործակալության վնասի համար պետք է վճարի թանգարանը, քանի որ հանձն է առել ցուցադրություն անցկացնել առանց պաշտպանության հուսալի համակարգի:
Հիշեցնենք, որ 2012-ին Ռոտերդամի թանգարանից ցուցադրության ժամանակ 3 րոպեում 7 կտավ էր անհետացել՝ Պիկասոյի, Գոգենի եւ Մոնեի գործերից:
«ՆԱՐԵԿ»-Ի ՈԳԵՇՆՉՄԱՄԲ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում նախօրեին «Կինո Մոսկվայում» ցուցադրվեց ռուս ռեժիսոր Վիտալի Մանսկիի «Գիրքը» ֆիլմը, որը նկարահանվել է Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի ոգեշնչմամբ: Ֆիլմի ցուցադրմանը ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը:
Մինչ ֆիլմի ցուցադրումը, ռեժիսոր Վիտալի Մանսկին լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Գիրքը» ժամանակակից մարդու կյանքի մասին է, ով, ի վերջո, մի օր պետք է սկսի մտածել այն արմատական հարցերի մասին, հանուն որոնց ինքը գալիս է այս աշխարհ:
«Այս ֆիլմը ստեղծված է Նարեկացու աշխատության ոգեշնչմամբ: Ֆիլմի հերոսը հայ է, բայց այն ոչ Նարեկացու մասին է, ոչ էլ նրա գրքի, այլ այն ուխտի, որն արվեց 1000 տարիներ առաջ մեզ համար եւ կշարունակվի դեռ շատ երկար: Երկու տարուց ավելի ենք աշխատել ֆիլմի վրա: Բայց ուզում եմ նշել, որ նմանատիպ ֆիլմերը քիչ են, քանի որ մեծ ջանքեր են պահանջում բոլոր առումներով՝ ստեղծագործական, տեխնիկական ու ֆինանսական»,- նշեց ֆիլմի հեղինակը:
ԲԵՔՀԵՄՆԵՐԻ ՈՐԴԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է
Բեքհեմների ավագ որդուն՝ 15-ամյա Բրուքլինին, նկատել են Մադոննայի նախկին ամուսնու՝ Գայ Ռիչիի գրասենյակի մոտ: Բեքհեմ կրտսերն աշխատանքի է անցել նախորդ շաբաթ: Հայտնի է, որ նրա աշխատանքային օրը տեւում է 5 ժամ, հավանաբար ավելի քիչ, քան սրճարանում, որտեղ Բրուքլինն աշխատանքի էր ընդունվել մոտ մեկ ամիս առաջ։
Տղայի ծնողները՝ Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմներն, աջակցել են երիտասարդին աշխատանքի տեղավորվելու հարցում՝ որոշելով, որ երեխաներին պետք է սովորեցնել աշխատել վաղ տարիքից:
ՍՏՎԵՐԱՅԻՆ ՕԼԻԳԱՐԽԸ
Մեծ Բրիտանիայի ամենաթանկ տունը` Hannover Lodge»ը ձեռք է բերել ռուս գործարար Անդրեյ Գոնչարենկոն: Առանձնատան համար նա վճարել է 120 մլն ֆունտ ստեռլինգ (205.452.000 դոլար):
Ռուս գործարարը մտադիր է վերազինել «Hannover Lodge»-ը ստորգետնյա լողավազանով, սաունայով, մերսման, ինչպես նաեւ մարզման սրահներով:
Բրիտանական լրատվամիջոցը Գոնչարենկոյին օֆշորային ակտիվներով ստվերային մեծահարուստ է անվանում: Գործարարը երբեք չի ներառվել «Forbes»-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում, սակայն նկատվել է ֆրանսիական «Ռիվիեում»: