ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ովքեր կարող են ամբողջովին ազատվել հողի հարկից:

Դավիթ Միրզոյան (52 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հողի հարկից ամբողջովին ազատվում են՝
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, պետական արգելանոցները, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, պատմամշակութային նշանակության հողերը,
բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները,
գ) հողի այն սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր՝ այդ ժամկետի ընթացքում,
դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը,
ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը,
զ) երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը,
է) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի,
ը) փոստային կապի ազգային օպերատորը,
ը1) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը` փոխադարձության սկզբունքով, ՀՀ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա,
թ) Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` կրոնական, պաշտամունքային շինությունների, ինչպես նաեւ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը ներկայացված է համընդգրկուն եւ մանրամասն: Մնում է ավելացնել, որ վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:

 

ՀԱՐՑ. Մի քանի ամիս առաջ հարազատ քույրս մահացել է: Նրա միակ հարազատը ես եմ եւ իր թոռնիկը, որը բնակվում է առանձին։ Կցանկանայի իմանալ, ես կարո՞ղ եմ հավակնել նրա գույքին, այսինքն՝ իր կողմից սեփականաշնորհված բնակարանին։ Նշեմ, որ կտակ չկա։ 

Կարինե Նազարեթյան (69 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ դուք երկրորդ հերթի ժառանգ եք: Երկրորդ հերթի ժառանգորդներն ըստ օրենքի կանչվում են ժառանգման առաջին հերթի ժառանգորդների բացակայության կամ նրանց կողմից ժառանգության չընդունման դեպքում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215 հոդված): Ժառանգողի՝ ձեր քրոջ թոռներն ու ծոռները օրենքով հանդիսանում են ժառանգորդներ, եթե կտակի բացման ժամանակ ողջ չէ ժառանգորդ հանդիսացող ծնողը: Հետեւաբար ձեր քրոջ թոռը իրավունք ունի հավակնել ժառանգությանը` որպես առաջին հերթի ժառանգորդ: Այսպիսով, ժառանգության ընդունման ձեր իրավունքն առաջանում է ձեր քրոջ թոռան կողմից ժառանգության չընդունման դեպքում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, տիկին Կարինեն կարող է իր քրոջ գույքի սեփականատերը դառնալ միայն այն ժամանակ, երբ վերջինիս քրոջ թոռնիկը հրաժարվի գույքից: Հարկ է նկատել, որ հատկապես վերջին շրջանում սոցիալական վատ պայմանները ստիպում են մարդկանց դիմել տարատեսակ թղթաբանական խարդախությունների՝ իրենց հարազատի կարողությունը ձեռքից բաց չթողնելու համար:

 




Լրահոս