ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եկավ Հայաստան ու գնաց, պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը լուրջ պարտքեր է կուտակել: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում հայտարարեց, թե «ստացվում է՝ 155 մլն դոլարը կա՛մ «քեշ» փողով պետք է վճարեինք, կա՛մ էլ ինչ-որ ձեւով մարեինք», դրա համար էլ «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս մեր բաժնեմասը ստիպված հանձնեցինք ռուսական կողմին:

Այս օրերին գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ օբյեկտիվորեն հարցադրում են անում. ինչո՞ւ մենք ազգովի պետք է ռուսներին վճարենք 155 մլն դոլար, եթե նրանք գազի գինը բարձրացրել են, ինչո՞ւ դրա մասին վաղուց չէին հայտնում բնակիչներին՝ փոխարենը մեծ պարտքեր էին կուտակում, արդյո՞ք միայն Սերժ Սարգսյանի աթոռի պահպանումն այդքան արժե: Ու քանի որ սովորաբար ամեն պատեհ ու անպատեհ առիթով ՀՀ իշխանությունները գերադասում են «ազգային դրամահավաք» կազմակերպել, ի՞նչն էր խանգարում Սարգսյանին հրահանգել իրեն սատարող բուրգին՝ հավաքել եւ ռուսներին վճարել 155 մլն «քեշ» գումարը՝ Հայաստանի ինքնիշխան հանրապետությանը չզրկելով էներգետիկ կարեւորագույն որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից:
«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական պաշտոնյաների անձնական ունեցվածքի հայտարարագրերի փոքրիկ ուսումնասիրություն կատարեց՝ պարզելու, թե ինչ ունեն նրանք պաշտոնապես, եւ արդյոք հնարավոր էր մասամբ կամ ամբողջությամբ՝ «քեշ» վճարել ռուսական պարտքը:
Եվ այսպես. 2013-ի դրությամբ Սերժ Սարգսյանը պաշտոնապես իր բանկային հաշվին ունի 116 մլն 300 հազար դրամ, եւ սա այն դեպքում, երբ նա տարեկան ունի 18.8 մլն դրամ, որից 10 մլն-ն փոխառնություններից ստացված տոկոսներն են, եւ միայն 8.8 մլն-ն է աշխատավարձը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ունի 6,3 մլն դրամի բաժնետոմս, 12 մլն դրամ եւ 987 հազար ԱՄՆ դոլար անձնական հաշվեհամարին, ավելի քան 50 մլն դրամ էլ տարեկան եկամուտ (չհաշված 10 մլն դոլար օֆշորային հաշվին առկա գումարը, որը համարվում է վիճահարույց):
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 27 հազար դոլար գույքի վարձակալությունից եկամուտ ունի, 4 մլն դրամ էլ՝ աշխատավարձից ստացված եկամուտ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հաշվեհամարին ունի 280 մլն դրամ, 2 մլն ԱՄՆ դոլար, սա այն դեպքում, երբ տարեկան ստացել է 4.2 մլն դրամ աշխատավարձ, եւ 45 մլն դրամ եկամուտ էլ՝ գյուղմթերքի իրացումից:
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ունի 25 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, բայց ստանում է տարեկան ընդամենը 3.8 մլն դրամ աշխատավարձ, 24 մլն փոխհատուցում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ունի 30 մլն դրամ, տարեկան 5.2 էլ աշխատավարձից է գոյանում:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ունի 17.5 մլն դրամ, 30 հազար դոլար, 8 հազար եվրո, տարեկան 5 մլն էլ աշխատավարձ է ստանում:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ունի 70 հազար ԱՄՆ դոլար, 6700 եվրո, 16.7 մլն դրամ, տարեկան էլ ստանում է 75 մլն դրամ աշխատավարձ եւ այլ եկամուտ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ունի 34 մլն դրամ, 2.9 մլն դրամ էլ՝ աշխատավարձ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ունի 52 հազար եվրո, 3 մլն դրամ, տարեկան՝ 6.3 մլն դրամ աշխատավարձ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը 80 մլն դրամի բաժնետոմսեր ունի, 57 մլն դրամ, 8200 եվրո, 750 հազար դոլար, տարեկան 69 մլն դրամ էլ աշխատավարձ է ստանում, ավանդից եւ վարձավճարներից ստացված եկամուտ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ունի 171 մլն դրամ, 85.6 հազար ԱՄՆ դոլար, 78.5 հազար եվրո, տարեկան 3.5 մլն դրամ՝ աշխատավարձ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ունի 5.7 մլն դրամ, 19 հազար դոլար, 74 մլն դրամ էլ ստանում է խորհրդատվական վճարներից ու աշխատավարձերից:
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ունի ընդամենը 15 հազար դոլար, 4 մլն դրամ էլ՝ աշխատավարձ:
ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանն ունի 3.2 մլն դրամ, տարեկան 4 մլն դրամ՝ աշխատավարձ:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի 6.7 հազար դոլար, 3.6 մլն դրամ՝ աշխատավարձ:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ունի 11.5 մլն դրամ, 3 մլն դրամ՝ աշխատավարձ:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն ունի 1.2 մլն դրամ, 5.8 մլն դրամ էլ՝ աշխատավարձ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ունի 28 մլն դրամ, 26 հազար դոլար, 21 հազար եվրո եւ 2 մլն՝ աշխատավարձ:
ՀՀ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանն ունի 278 մլն դոլար, 92 հազար դոլար եւ ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ:
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ունի 25 մլն դրամ, 20 հազար դոլար, 6 հազար եվրո եւ ստանում է 24 մլն դրամ աշխատավարձից եւ գյուղմթերքից ստացված եկամուտ:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ունի ընդամենը 1 մլն դրամ, 55 հազար դոլար եւ 5 մլն դրամ էլ՝ աշխատավարձից:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ունի 185 հազար ԱՄՆ դոլար, 5 մլն ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ ստանում է տարեկան 11 մլն դրամ աշխատավարձ եւ մոտ 6 մլն դրամ էլ՝ ավանդների տոկոսադրույքները:
ՀՀ ՊԵԿ Գագիկ Խաչատրյանն ունի 276 մլն դրամ, 2 մլն 980 հազար դոլար, որը կուտակել է տարկան 8 մլն դրամ աշխատավարձով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի 115 մլն դրամ, 50 հազար դոլար, 50 հազար եվրո: 67 մլն էլ աշխատավարձ է ստանում:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը 50 մլն դրամ ունի, 10 հազար դոլար, ընդհանուր շահույթը 375 մլն դրամ է:
Եվ այսպես, պարզվեց, որ միայն հայրենի նախարարների եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ընդհանուր եկամուտը մոտավոր հաշվով 14.5 մլն ԱՄՆ դոլար է պաշտոնապես: Ի դեպ, մենք հաշվարկել ենք ոչ բոլոր չինովնիկների ունեցվածքը: Ու քանի որ, ինչպես ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էր ասում, պաշտոնյաներն իրենց ունեցվածքը գրանցում են «քեռու մարդու» անունով, ուստի այս թիվն իրականությունից, մեղմ ասած, հեռու է:
Բացի այդ, հիշո՞ւմ եք, ռուսական wek.ru կայքը հրապարակեց «Հայաստանը թալանողները» հոդվածաշար՝ մանրամասն ներկայացնելով հայ պաշտոնյաների իրական ունեցվածքի մասին ուշագրավ փաստեր: Համաձայն դրանց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի 4 մլրդ դոլարի կարողություն, իսկ Սերժ Սարգսյանը, 2010-ի տվյալներով, դեռեւս 1 մլրդ դոլար կամ մի փոքր ավելի: Հետեւաբար, օբյեկտիվ հարց է առաջանում. ինչո՞ւ ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ունեցվածքի ընդամենը մի մասի գնով «քեշ» չմարեցին իրենց պատճառով գոյացած պարտքը՝ պահպանելու իրենց իշխանությունը: Ի վերջո, դա նրանց ունեցվածքի 10 տոկոսն էլ չի կազմում:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս