ՍՈՒՏ
ԲՌՆԱԲԱՐՎԱԾԸ
Դեկտեմբերի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, իրեն բռնաբարելու մասին սուտ մատնություն կատարած Խաշթառակ գյուղի 35-ամյա բնակչուհուն մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, կատարվել է շահադիտական դրդումներով) եւ դատապարտել 6 ամիս պայմանական ազատազրկման՝ 1 տարի փորձաշրջանով: Կինը դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն՝ ասելով, որ ինքը զղջացել է իր կատարած արարքի համար եւ գիտակցում է արագացված դատաքննություն անցկացնելու հետեւանքները: Դատարանը, որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել անկեղծորեն զղջալը եւ խնամքի տակ անչափահաս 3 զավակներ ունենալը: Խաշթառակի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 29-ին, ունենալով շահադիտական նպատակներ, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում տալով, գիտակցաբար կեղծ տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ իբր 2013թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Դիտավան գյուղի բնակիչ Ա. Ս.-ն նույն գյուղի անտառամասում, օգտվելով իր անօրինական վիճակից, բռնաբարել է իրեն: Սոցիալական վատ վիճակում գտնվող կինը տղամարդու հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ ակնկալելով, որ նա իրեն ֆինանսապես կօգնի: Սակայն երբ վերջինս հրաժարվել է դա անել, նա բռնաբարության մասին հաղորդում է տվել:
ԱԳԼՃԿ-ՆԵՐՈՒՄ ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ
Տավուշի մարզի վարորդները մեզ բողոքում են, որ մարզում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում լիցքավորվող գազի չափման նոր սարքավորումներ տեղադրելուց հետո իրենք ավելի թանկ են վճարում: Վարորդները կասկածում են, որ այդ սարքավորումներն այնպես են «կարգավորված», որ աշխատեն հօգուտ գազալցավորման կայանի տիրոջ: Նրանք նշում են, որ մինչ այդ սարքավորումների տեղադրումը լիցքավորված նույն քանակության գազի համար իրենք ավելի քիչ էին վճարում: Տավուշի մարզում լիցքավորվող մեկ խմ գազի գինը 180 դրամ է: Վարորդներն ասում են, որ Սեւանում մեկ խմ գազի գինը 200 դրամ է, սակայն այնտեղ նույն գումարով ավելի շատ գազ են լիցքավորում, քան Տավուշում: Մինչ չափիչ նոր սարքավորումներ տեղադրելը վարորդները գազի գինը վճարելուց զատ նաեւ 200 դրամ էին վճարում լիցքավորող աշխատողին իբր թե այն բանի համար, որ նա 250 մթնոլորտ ճնշում ապահովի: Իրականում 250 մթնոլորտ ճնշումը չէր ապահովվում, սովորաբար լինում էր 220-230 մթնոլորտ: Հիմա՝ նոր սարքավորումներ տեղադրելուց հետո, Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում 200 դրամներ չեն վճարում բանվորներին: Սակայն մարզում դեռեւս կան մի քանի կայաններ, որտեղ նախկինի նման վարորդներից հավելյալ 200 դրամ են պահանջում: Ստացվում է, որ վարորդները շարունակում են վճարել մեծ շահույթներով աշխատող գազալցավորման կայանների լիցքավորողների ռոճիկը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ