Բանկային հաշիվների սառեցման, հաշիվների վրա արգելանքների կիրառման խնդիրը կարևորում է նաև Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Այս մասին նա նշելով լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ այդ խնդիրը վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների ու բազմաշերտ է:
Մանուկյանը հայտնեց, թե իր նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են ԴԱՀԿ-ի ծառայության, ոստիկանության ու ԿԲ-ի ներկայացուցիչները: Նա հավելեց նաև, որ գործում է թեժ գիծ և խնդիրների դեպքում քաղաքացին կարող է դիմել իրենց: Նա նշեց նաև, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:
«Մասնավորապես՝ առաջին խնդիրը վերաբերում է ծանուցումներին, որը երբեմն-երբեմն ոստիկանության կողմից պատշաճ չի իրականացվում: Իհարկե, այստեղ պետք է մի քիչ ավելի հստակություն մտցնել ու վարչարարությունն ավելի ամրապնդել, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն: Սա նաեւ կապված է փոստի աշխատանքի հետ եւ միայն ոստիկանության խնդիրը չէ, այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- նշեց Հ. Մանուկյանը:
Անդրադառնալով բանկային համակարգում հաշիվների արգելանքին, նա հավելեց, որ այնուամենայնիվ կա խնդիր՝ կապված բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ: Նա նշեց, թե ԴԱՀԿ ծառայությունը բոլոր փաստաթղթերում հստակ նշվում են արգելանքի չափերը, գումարի չափերն ու որ չափով պետք է արգելանք դրվի:
«Բայց պարզվեց, որ դեռեւս տեխնիկական խնդիրներ կան, որ որոշ բանկերում լուծված չեն ու այդ բանկերում ավտոմատ կերպով արգելանքը տարածվում է ամբողջ գումարի վրա: ԿԲ-ի հետ մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: Երեկ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ փորձում ենք լուծումներ գտնել ու շատ շտապ այդ խնդիրրները լուծել»,- ընդգծեց նախարարը: