ԴԱՏԱՐԿՎՈՂ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդի շրջանի Այգեպար գյուղը խորհրդային տարիներին եղել է բանվորական ավան, այստեղ գործել են ծխախոտի ֆերմետացիոն ձեռնարկություն, պահածոների եւ գինու գործարաններ, օդանավակայան: Հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո սահմանագոտում գտնվող օդանավակայանն ու պահածոների գործարանն անգործության են մատնվել, ծխախոտի ֆերմետացիոն գործարանն ավերված վիճակում է, գինու գործարանը քիչ քանակությամբ խաղող է ընդունում: 638 բնակիչ ունեցող Այգեպարի անգործության մատնված, ավերված արտադրական ձեռնարկությունները տխուր տպավորություն են թողնում: Հակառակորդի գնդակոծության պատճառով գյուղացիները դժվարանում են հողերը մշակել:
Ադրբեջանական զինուժը պարբերաբար ոտնձգությունների է դիմում: 2013թ. փետրվարին այգում աշխատանքի ժամանակ ձեռքից վիրավորվել է այգեպարցի Դավիթ Գաբրիելյանը, ով դրանից հետո թողել է իր խաղողի այգու մշակությունը: Այգեպարի գյուղամիջում զրուցեցինք սահմանամերձ գյուղի բնակիչների հետ: Կենսաթոշակառու Արամ Աթոյանն ասաց, որ ինքը խաղողի 8 վազ ուներ՝ յուրաքանչյուրը 80 մ երկարությամբ, խաղողի այգուց ամեն տարի 2.5 տոննա բերք էր հավաքում: Այս տարվա օգոստոսին ադրբեջանական կրակից նրա խաղողի այգին ամբողջությամբ այրվել է: Այգեպարցիներն ասում են, որ ազերիների գնդակոծության հետեւանքով 8 այգեպարցու խաղողի այգիներն ամբողջությամբ վառվել են: Գյուղացիները չէին կարող կրակը մարել, քանի այդ ժամանակ ադրբեջանական զինուժը կրակում էր: Այգեպարցի Առաքել Տոնիկյանը պատմեց, որ իր 2000 քմ խաղողի այգին եւս հրո ճարակ է դարձել. «Այգեպարում աշխատանք չկա, գյուղը ծերացել է, երիտասարդները Ռուսաստան, Երեւան են գնացել, սակայն հնար չունեն ծնողներին օգնելու»: Կենսաթոշակառու Արամ Վարդազարյանին եւս շատ է հուզում սահմանամերձ գյուղից արտագաղթը: Նա մեզ մատնացույց արեց նախկին բանվորական ավանի բնակելի շենքերից մեկը՝ ասելով. «Էս շենքում առաջ 12 ընտանիք է ապրել, ամեն տանը 5-8 մարդ է եղել, հիմա ողջ շենքում միայնակ տղամարդ ու մի կին է մնացել: Գյուղի երիտասարդությունը զբաղմունք չունի, հեռացել է: Մնացածներն էլ, կյանքը վտանգելով, պայմանագրային զինծառայող են դարձել»:
Այգեպարի բնակիչները դժգոհում են, որ Բերդի շրջանը «մեծ աշխարհի» հետ կապող ճանապարհ չունի, «տուպիկի մեջ է»: Նրանք բողոքում են կառավարության անուշադրությունից: Պետությունը պարտավոր է հոգալ իր բնակիչների անվտանգությունը, սակայն մոռացել է, որ դա չապահովելու պատճառով այգեպարցի 8 ընտանիք կորցրել է ապրուստի հիմնական միջոցը՝ խաղողի այգին: Ապրուստից զրկված այգեպարցիներին պետության կողմից փոխհատուցման կամ աջակցության մասին խոսակցություն անգամ չկա:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս