ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՉԸՆԴՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայրենի քաղաքական ուժերը զբաղված էին նախընտրական ցուցակների շուրջ «բազարներով», Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել, որով առաջարկել է  Ղարաբաղի հակամարտության կարգավորման  միջնորդական առաքելությամբ զբաղվող  ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան  փոխարինել Եվրամիությամբ: Դեռեւս անցած հունիսին` ԼՂ հարցով Կազանի  եռակողմ հանդիպման ձախողումից հետո,  սրվեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի արդյունավետության հարցը: Բայց  եթե այդ փուլում խոսքը ամբողջովին նոր ձեւաչափի մասին էր, ապա անցած հոկտեմբերին Ն. Սարկոզիի տարածաշրջանային այցից հետո արդեն   թուրքաադրբեջանական շրջանակները  սկսեցին բարձրաձայնել կոնկրետ Ֆրանսիայի`  անկողմնակալության հարցում կասկածներ ունենալու մասին: Ըստ ազերիների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը` ի դեմս ՌԴ եւ Ֆրանսիայի,  առավելապես հայամետ  դիրքորոշում  ունեն, ուստիեւ անհրաժեշտ է ամեն գնով չեզոքացնել այդ  երկրներից գոնե մեկին: Եվ քանի որ դա ոչ մի կերպ չէր կարող լինել ՌԴ-ն, թուրքաադրբեջանական լոբբին ու միլիոնները ուղղվեցին համանախագահ երկրների կազմից Ֆրանսիային դուրս թողնելու` որպես առավել իրատեսական տարբերակ այն Եվրամիությամբ փոխարինելու  պահանջով: Ադրբեջանի համար, իհարկե, իդեալականը հենց Թուրքիայի ներգրավումն է, ինչը, սակայն, անհնար է: Իսկ  Ֆրանսիան  ԵՄ-ով  փոխարինելու  տարբերակը կարող է լուծել միանգամից մի քանի խնդիր. նախ` այդպիսով  նոր լիցք կհաղորդվի  հակամարտության կարգավորման ընթացքին, քանի որ բոլոր կողմերն էլ իրականում հասկանում են, որ  Մինսկի խմբի ներկա ձեւաչափը սպառվել է: Մյուս կողմից, այս փոփոխությունը, լինելով զգալի, միեւնույն ժամանակ արմատական չի լինի. կփոփոխվի եռանախագահներից միայն մեկը, այն էլ` մասնակի, քանի որ  Ֆրանսիան,  որպես ԵՄ-ում լուրջ դերակատար,  կպահպանի իր զգալի ազդեցությունը գործընթացի վրա: Բացի այդ, այդպիսով ԵՄ-ն տարածաշրջանում իր ակտիվությունը եւ Թուրքիայի նկատմամբ վերահսկողությունը  մեծացնելու նոր լծակ կստանա` այդտեղից բխող բոլոր տնտեսական եւ քաղաքական  հետեւանքներով: Իսկ որքանով է նման փոփոխությունը բխում մեր շահերից: Այս հարցի պատասխանը, կարծես թե ակնհայտ է. մի բան է գործ ունենալ մեզ բարեկամ երկրի` Ֆրանսիայի հետ, մեկ այլ բան` 27 երկրներից բաղկացած կառույցի հետ, որի յուրաքանչյուր անդամ, բնականաբար, ունի իր սեփական շահերը: Եվ եթե մենք չկարողացանք  «հարց լուծել» մեզ բարեկամ Ֆրանսիայում` Ցեղասպանության մասին օրենքի հարցում տանուլ տալով ադրբեջանաթուրքական նավթադոլարներին, ապա  ինչպես ենք կարողանալու  դիմակայել ԵՄ  ճնշումներին: Մեր միակ ապավենն այս դեպքում մնում է ՌԴ-ն, որի հովանավորությունը, սակայն, երբեք միանշանակ չէ: Ինչեւէ, փաստաթուղթը  դեռ պետք է քվեարկության դրվի ԵԽ լիագումար նիստում` մեկ ամսից:  Իսկ մինչ այդ ՀՀ իշխանություններին այլ բան չի մնում, քան հավատալ, որ այն չի ընդունվի:




Լրահոս