ԿՈՆԴԵՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կոնդի բնակիչները ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում են կա՛մ ապահովել իրենց տներն իրացրած ընկերության ստանձնած պարտավորությունների կատարումը, կա՛մ դրամական փոխհատուցում տրամադրել:
Հիշեցնենք, որ 2007-ին կառավարության որոշմամբ Լեոյի փողոցից մինչեւ Դեմիրճյան փողոց ընկած հատվածն իրացվել է «Դաունթաուն» կազմակերպության կողմից, իսկ մյուս մասը մնում է Երեւան համայնքի տրամադրության տակ: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու ամբողջ տարածքը` 26.000 քմ, որտեղ բնակվել է 215 ընտանիք, քանդել են, իսկ Կոնդի մյուս հատվածում` Ռուսթավելու 1 հասցեում, բնակվում է 89 ընտանիք, որոնց տները դեռ չեն քանդվել: Այդ տների բնակիչները շուրջ 4 տարի է, ինչ ապրում են վարձով բնակարաններում:
Մեզ հետ զրույցում Կոնդի բնակիչներից մեկը` Իռա Նազիմյանը, պատմեց, որ այն ժամանակ հավատացել են կառավարությանը եւ դուրս եկել տներից: «Ավելին, մեծ խանդավառությամբ եւ ուրախությամբ ենք դուրս եկել` հավատալով, որ հետո մեզ կվերադարձնեն մեր տները, որովհետեւ Կոնդում ապրող մարդը գիտի, թե  այնտեղ սանիտարական վիճակն ինչ կարգի է»,-նշեց նա:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Դաունթաուն» կազմակերպությունը 30-ամսյա ժամկետով պայմանագիր է կնքել բնակիչների հետ, սակայն հիմա ժամկետը վերջացել է, իսկ կազմակերպությունը՝ լուծարվել: «Ոչ ոք պատասխանատվության   չի ենթարկվել: Ըստ պայմանագրի` կետեր կան, որ պետք է իրենք կատարեին, չեն կատարել»,-նկատեց Իռա Նազիմյանը: Մեր այն հարցին, թե ինչ են հիմա իրենք պահանջում, տիկին Նազիմյանը պատասխանեց. «Մենք պահանջում ենք, որ եթե չեն վերադարձնում մեր բնակարանները, ապա թող գումարը տան, գնանք մեզ համար տուն գնենք»:  
Կոնդի իրացված հատվածի բնակիչները նամակներով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, քաղաքապետին եւ մի քանի կուսակցությունների` «Ժառանգությանը», ՕԵԿ-ին, ՀՀԿ-ին, սակայն ստացել են միանման պատասխաններ. «Ո՛չ գրագիտություն կա, ո՛չ էլ համոզիչ պատասխան»: Կոնդի բնակիչները համոզված են, որ այս հարցին կարող է լուծում տալ միայն երկրի նախագահը:
Բողոքի ակցիայի մասնակից 34-ամյա Լիլիթն այդ ամենից հետո հայտնվել է սարսափելի ծանր վիճակում. 3 երեխաների հետ միասին տարին 1 տուն է փոխում: «Ինչքա՞ն աշխատես, որ երեխա պահես, միաժամանակ տան վարձը տաս»,-հուզված ձայնով «Ժողովուրդ»-ին ասաց Լիլիթը:
Կոնդի` ակցիայի մասնակից բնակիչներն ուղեւորվեցին դեպի քաղաքապետարան, սակայն նրանց չհաջողվեց հանդիպել Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանին: Նրանք միայն զրուցեցին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ, ով խոստացավ արտահերթ տեսակցություն նշանակել. «Մենք գտնում ենք, որ իրավական կարգավորումը դեռ բավարար չէ, այսինքն` պետությունը ձեզանից վերցնում է եւ հետո տալիս մասնավորին, իսկ մեխանիզմը` ստուգելու մասնավորի գործողությունները, այլեւս պետությունն իր վրա չի պահում»:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս