ԲԺԻՇԿՆԵՐԸ ԲԱՑԱՌԵԼՈ՞Ւ ԵՆ «ԿՈԼԵԳԻԱԼՈՒԹՅԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2014թ. մայիսի 28-ին մահացած 39-ամյա Կարինե Պապանյանի եւ հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվան դեպքերից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ «կոլեգիալության» սկզբունքով գործընկերների մասնագիտական սխալը քողարկելու յուրաքանչյուր դեպք անպատիժ չի մնա:

Գաղտնիք չէ, որ բժշկական սխալի հետեւանքով մահվան կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերով հարուցված քրեական գործերը համարվում են դատական հեռանկար չունեցող գործեր, քանի որ, ի վերջո, մասնագիտական-փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա պետք հաստատվի կամ հերքվի բժշկի սխալը, տալիս են նույն բժշկի կոլեգաները: Այսինքն՝ պարզից էլ պարզ է, որ ոչ մի բժիշկ իր կոլեգայի մասին կարծիք չի հայտնի, թե նա մեղավոր է, քանի որ բոլոր բժիշկներն էլ գիտակցում են, որ նույն այդ բժշկական սխալից իրենք եւս ապահովագրված չեն: Հետեւաբար, ինչպե՞ս լուծել այս թնջուկը: Ներկայում, վերոնշյալ այդ երկու դեպքերով, ինչպես նաեւ «Արմավիր» բժշկական կենտրոնից ձմերուկի թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված եւ հուլիսի 2-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած 28-ամյա հղի Նարինե Շարոյանի դեպքով հարուցված են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, չնայած քրեական գործերը հարուցվում են, բայց փորձը ցույց է տալիս, որ ինչպես հարուցվում, այնպես էլ կարճվում են: Եվ քիչ դեպքերում է, այն էլ հատկապես տուժող կողմի ջանքերով, որ կարողանում են հասնել նրան, որ բժիշկները գոնե կանգնեն դատարանի առջեւ: Օրինակ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի դեպքը:
Ստեղծված իրավիճակի շուրժ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:
-Պարոն Մուրադյան, չե՞ք կարծում, որ հիվանդանոցներում մահացության դեպքերով հարուցված քրեական գործերը կարծես թե ձեւական բնույթ են կրում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ բժիշկներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում:
-Բոլոր այդ դեպքերը, որոնց մասին դուք ասում եք, եղել են, ցավոք կան նման խնդրահարույց դեպքեր, եւ չեն բացառվում, որ այդպիսիք կարող են լինել նաեւ ապագայում: Քանի որ սա բժշկություն է եւ պետք է հասկանանք, որ անկանխատեսելի կլինիկական ընթացք կարող է լինել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որը դուք, ըստ երեւույթին, ակնարկում եք՝ բժշկական սխալի կամ թերության հետ կապված խնդիրները, այդ հարցերն իրավապահ մարմինների տիրույթում գտնվող հարցեր են, որը չեմ կարող մեկնաբանել: Հուսով եմ, որ նրանք իրենց աշխատանքներն ավարտելուց հետո նաեւ ձեզ կներկայացնեն արդյունքները, որից հետո դուք եւս ձեր եզրակացությունները կանեք:
-Ի վերջո, ցանկացած նման դեպքով քրեական գործի ավարտից հետո հասարակության շրջանում վստահության պակասը խորանում է, քանի որ ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում: Կամ եթե ենթարկվում են, ապա սահմանափակվում են վարչական տույժով:
-Իսկ ինչու չեք տեսնում այն երեւույթները, որոնք կհաստատեն այդ վստահությունը: Ամեն օր սխրանքին հավասար աշխատանք է իրականացվում: Չեմ կարող ասել, որ քաղաքացիների վստահությունը պակասում է: Կարող եմ ասել, որ այդ հարցը պահանջում է միանշանակ ռեկլամինդացիա անել: Այսինքն` որակի չափանիշները դա էմոցիոնալ չափանիշներ չեն, դա ինստիտուցիոնալ չափանիշներ պետք է լինեն: Որակի մասին խոսելուց երբեք չի կարելի շարժառիթ վերցնել էմոցիաները, առավելեւս այն մարդկանց, որոնք այդ ծառայություններից օգտվել են: Այն կանոնակարգված պետք է լինի, որ հետագայում կարողանանք պաշտպանել թե՛ հիվանդին, թե՛ բժշկին, եւ, առհասարակ, իրավիճակը վերահսկել:
-Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն օրերս հայտարարություն էր արել մի շարք հոգեբուժարաններում ստեղծված իրավիճակի հետ կապված: Մասնավորապես Վարդենիսի տուն-ինտերնատում 450 հիվանդի սպասարկում է ընդամենը մեկ հոգեբույժ: Մեզ հասած տեղեկություններով՝ տուն-ինտերնատում հոգեբույժները չեն ցանկանում աշխատել այն պատճառով, որ աշխատավարձը շատ քիչ է, եւ երկրորդ՝ քիչ աշխատավարձով այդքան հեռու տեղում աշխատելը ձեռք չի տալիս նրանց: Ի՞նչ եք պատրաստվում անել հոգեբույժների համար քիչ թե շատ նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
-Գիտեք, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացում է եղել, բայց հիմա հստակ Վարդենիսի տուն-ինտերնատի վերաբերյալ տվյալներ չունեմ, որ ձեզ կարողանամ առարկայական պատասխանել: Կարող եմ ասել, որ սա տեղական ինքնակառավարման մարմինների լրջագույն խնդիրներից մեկը պետք է լինի, որ նրանք կարողանան ապահովել, գրավիչ դարձնել այդ վայրերում աշխատելը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս