Վերջերս Նոյեմբերյան քաղաքից Տավուշի մարզկենտրոն Իջեւան ուղեւորվելիս, առավոտյան ժամը 10-ի սահմաններում «Ժողովուրդ»-ի թղթակիցն արձանագրեց, որ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ բնակավայրի մուտքի ցուցանակի կողքին կայանած է պետավտոտեսչության ավտոմեքենա: Ըստ օրենքի՝ պետավտոտեսչության մեքենան պետք է պարեկություն իրականացնի, այլ ոչ թե ճանապարհային երթեւեկության նշանի տակ դարանակալ սպասի, որ այդ հատվածում որեւէ ավտոմեքենա գերազանցի բնակավայրում սահմանված՝ ժամում 60 կիլոմետր արագությունը եւ ձեռնամուխ լինի տուգանքների «բերքահավաքին»:
Առհասարակ, չնայած ՃԵԿ կանոնների փոփոխությանը, միջհամայնքային եւ միջպետական նշանակության ճանապարհներին տեսախցիկների եւ արագաչափերի տեղադրմանը՝ հատկապես մարզերի հեռավոր բնակավայրերում դեռ չեն վերացել դրամահավաքությամբ զբաղվող «գաիշնիկները»: Առավելեւս, որ նրանց հաճախ օգնում են սխալ, եւ ոչ այնքան տեսանելի տեղերում տեղադրված ճանապարհային երթեւեկության նշանները:
Ինչ վերաբերում է վերը նշված` Սարիգյուղի մուտքի նշանին, ապա անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է բնակավայրի մուտքի ճանապարհային նշանը տեղադրվել բաց դաշտում, գյուղի փաստացի կառուցապատման գոտու սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա եւ ոչ թե Սարիգյուղից դեպի Բերքաբեր տանող ճանապարհի խաչմերուկում, որտեղից սկսվում են Սարիգյուղի տները: Ըստ ճանապարհային նշանների տեղակայման վերաբերյալ ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի համապատասխան որոշման՝ «Նշանները տեղակայվում են բնակավայրի բոլոր մուտքերի մոտ` բնակելի կառուցապատման սահմանի վրա»: Ներկայում այդ նշանները տեղադրված են Սարիգյուղի վարչական սահմանին, բայց ոչ՝ բնակելի կառուցապատման գոտու սահմանին։
Տավուշի մարզի վարորդները բազմիցս «Ժողովուրդ»-ի թղթակցին բողոքել են, որ Սարիգյուղի հյուսիսային մուտքն ազդարարող ճանապարհային նշանը տեղադրված է գյուղի բնակելի կառուցապատման սահմանից բավականին հեռու: Վարորդները բողոքելով՝ հույս ունեն, որ մամուլի միջոցով բարձրաձայնված խնդիրը կարժանանա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնյաների ուշադրությանը: Նախկինում, մոտ 4 տարի առաջ, Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան բնակավայրերի սկզբի եւ բնակավայրի ավարտի ճանապարհային նշանները տեղադրված էին այդ քաղաքների բնակելի կառուցապատման սահմանից բավականին հեռավորության վրա: Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը 2010թ. այդ կապակցությամբ դիմեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, ինչի արդյունքում հարցը լուծվեց. Դիլիջան քաղաքի հյուսիսային մուտքին տեղակայված, բնակավայրի սկզբի նշանը Պարզ լիճ տանող խաչմերուկից դեպի Դիլիջան քաղաք 4 կմ «հետ տարվեց», Իջեւանի հարավային մուտքին տեղադրված, բնակավայրի սկզբի նշանը եւս «հետ տարվեց» 4 կմ, իսկ հյուսիսային մուտքինը՝ 1 կմ:
Իջեւանի ՇՊԱԿ-ը, որը վերափոխվեց Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնի, մեկ տարի առաջ ֆինանսավորման դադարեցման պատճառով փակել է իր գրասենյակը: Հիմա խնդիրը մենք ենք բարձրացնում` ակնկալելով հարցի շուտափույթ լուծում: Առավելեւս, որ դա կապված չէ լրացուցիչ ֆինանսական միջոցների հետ, պետք է պարզապես սխալ տեղում տեղադրված նշանը հանել եւ տեղադրել ճիշտ վայրում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ