ՏՄՊՊՀ. Զատկի տոնին հավկիթի գների անհիմն բարձրացում չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի Ս. Զատիկի տոնի հետ կապված` հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում: Որպեսզի տնտեսվարողները առիթից չօգտվեն, մոտ մեկ շաբաթ է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը սահմանել է ամենօրյա հսկողություն՝ վերջիններիս գործունեության նկատմամբ: ՏՄՊՊՀ-ի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը շարունակում է ամենօրյա դիտանցումներ կատարել մանրածախ առևտրի կետերում, սուպերմարկետներում, կատարվում է նաև գնային մոնիթորինգ: Նա նաև հայտնեց, որ տնտեսվարողներին արդեն զգուշացվել է` զերծ մնալ անհիմն և անհարկի թանկացումներից: “Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է իրականացնում և ձվի շուկայում գնային որևէ փոփոխություն դեռ չկա: Հուսանք, որ առաջիկայում ևս պատիժ չի կիրառվի, և ձվի արտադրությամբ ու իրացմամբ զբաղվող տնտեսվարողները կաշխատեն ազատ և մրցակցային կանոններով”,- ասաց Գ.Սահակյանը:Նշվեց նաև, որ գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն համապատասխան հիմնավորումներ, որոնց հիման վրա Հանձնաժողովը կկատարվի ուսումնասիրություն, որպեսզի պարզի, թե ինչի պատճառով են գները բարձրացել: Բացի այդ, գների բարձրացման դեպքում Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաև առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:Ըստ ՏՄՊՊՀ-ի մամլո քարտուղարի` Հանձնաժողովի դիտարկմամբ ձվի քանակը ներկայումս բավարար է`ներքին պահանջարկն ապահովելու համար: “Կարծում ենք, որ անհիմն թանկացումներ չեն լինի”:Գ.Սահակյանը տեղեկացրեց, որ 2010թ-ից սկսած ՏՄՊՊՀ-ն մշտապես իր վերահսկողության տակ է պահում ձվի շուկան: Շուկայում ավելի խիստ վերահսկողություն է սահմանվել այն բանից հետո, երբ Ամանորի նախաշեմին “Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան” չիրացրեց արտադրած ձվի ամբողջ քանակը, ինչն էլ արհեստական դեֆիցիտ ստեղծեց շուկայում: Իսկ գերիշխող դիրքը չարաշահելու համար ԼՏԹՖ-ն տուգանվեց 100 մլն դրամով: Դրանից հետո ձվիշուկան, հատկապես տոնական օրերին, եղել է Հանձնաժողովի խիստ վերահսկողության տակ: Մամլո քարտուղարի խոսքերով` վերահսկողության արդյուքնում նախորդ տարի Զատիկի տոնին գնաճ տեղի չունեցավ և հավկիթի գինը մնաց անփոփոխ:Նշենք, որ ձվի շուկայում գերիշխող դիրք ունեն “Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան (ԼՏԹՖ), “Արաքս թռչնաբուծական ֆաբրիկան”, “Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան” և “Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան”: Գ. Սահակյանը նաև տեղեկացրեց, որ բրնձի շուկայում նույնպես վերահսկողություն է իրականացվում և որևէ գնային փոփոխություն չկա: Ըստ նրա` նախորդ տարի նույնպես էական փոփոխություններ չեն եղել: Նշենք, որ այս շուկայում գերիշխող դիրք ունի “Ալեքս Գրիգ” ընկերությունը:




Լրահոս