Թովմա Մաթևոսյանի սպանության գործը քննող դատավորը չի տիրապետում Դատավարության օրենսգրքին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ, սկսվել է Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության գործով դատական քննությունը: Այս սպանության մեջ մեղադրվող Բնապահպանության նախարարության էկոլոգիայի բաժնի տեսուչ Տիգրան Մելիքյանը կալանքի մեջ է 2013 թվականի մայիսից:

Երեկ Վանաձորի դատարանում կայացավ այս գործով առաջին դռնբաց նիստը: Ամբաստանյալի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Աթանեսյանը հենց սկզբից միջնորդեց դատարանին՝ քրեական գործի վարույթը կարճել և Տիգրան Մելիքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ, պաշտպանական կողմի համոզմամբ, Մելիքյանը դիտավորություն չի ունեցել մահ պատճառել Մաթևոսյանին, տվյալ իրավիճակում իրականացրել է ինքնապաշտպանություն՝ նրա կողմից դրսևորած՝ իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությունից: Իսկ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման մասին, ըստ պաշտպանական կողմի, խոսք լինել չի կարող, քանի որ Մելիքյանի գործողությունները համարժեք են եղել Մաթևոսյանի ոտնձգությանը:

Մեղադրանքը դատարանում պաշտպանող Շիրակի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն առարկեցին այս միջնորդությանը՝ հակադարձելով, որ Մելիքյանը չի գործել անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, քրեական գործով էլ ապացույց ձեռք չի բերվել, որ տուժողն իր գործողություններով ամբաստանյալի կյանքին վտանգ է սպառնացել:

Մեղադրանքի և տուժող կողմի դիրքորոշումը լսելով՝ դատավոր Մկոյանն անմիջապես տեղում որոշում կայացրեց միջնորդությունը մերժելու մասին: Նույն պահին, սակայն, պաշտպան Տիգրան Աթանեսյանը նկատեց, որ դատավորը խորհրդակցական սենյակում չէ:

Ինչպե՞ս,-շփոթված նրան հարց ուղղեց դատավորը:

Խորհրդակցականում չեք,-կրկնեց պաշտպանը:

Հա՛, հարգելի՛ դատարան, էս միջնորդությունը խորհրդակցական սենյակում պետք ա արվի, -պաշտպանին միացավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ինչո՞ւ,-նորից հարցրեց դատավորը:

Քրեական դատավարության օրենսգրքով է սահմանված,-դատավորին պատասխանեց պաշտպանը:

Այնուհետև պաշտպաններ Տիգրան Աթանեսյանն ու Գուրգեն Հարությունյանը դատավորի խնդրանքով պարզաբանելով՝ նրա համար ընթերցեցին նաև Քրեական դատավարության համապատասխան հոդվածը. «Քր. դատ. օր.-ի 313-ի հոդվածի 2-րդ մասով սահմանվում է  դատական նիստում որոշում կայացնելու կարգը, ըստ որի՝ գործը լրացուցիչ քննության ուղարկելու, կարճելու կամ կասեցնելու, խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու, բացարկների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում, և դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձևով՝ ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից»:

– Ո՞ր հոդվածն է,-փորձեց ճշտել դատավորը:

-313-ի 2-րդ մաս, հարգելի՛ դատարան,-չզլացավ կրկնել պաշտպանը:

Ի վերջո, իր առջև դրված Քրեական դատավարության օրենսգրքում պաշտպանների մատնանշած օրենքը գտնելով՝ դատավորը համոզվեց, որ միջնորդության մասին որոշումն իսկապես պետք է խորհրդակցական սենյակում կայացներ:

«Lավ, կկայացնեմ խորհրդակցական սենյակում»,-հասկացավ դատավորը:

Պաշտպան Գուրգեն Հարությանն անիմաստ համարեց նրա հեռանալը, քանի որ դատավորն արդեն, միևնույն է, կայացրել էր որոշումը:

Մեկ ժամից ավել մնալով խորհրդակցական սենյակում՝ դատավոր Աղասի Մկոյանը վերադարձավ և կրկնեց իր որոշումը՝ մերժել միջնորդությունը:

Ադրինե Թորոսյան

M1760004

M1760010 - копия

M1760012 - копия

M1760014 - копия M1760014 M1760015 - копия

M1760020 M1760021 M1760023 M1760024M1760028 M1760030 M1760032




Լրահոս