ԿՐՔԵՐԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դաժան ծեծի էին ենթարկվել եկեղեցու քահանան եւ այլ հոգեւորականներ, կրքերը չեն հանդարտվում: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Վիրահայոց թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն, ծեծի ենթարկված Լեւոն Իսախանյանն ասաց, որ եկեղեցու մոտ կրկին հավաքվել են մի խումբ մարդիկ, բավականին ագրեսիվ պահվածքով:

Կրակոց` ամբոխին հանդարտեցնելու համար
Հուլիսի 20-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 19-ին՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում ազգային, կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա: Պատճառը եղել էր այն, որ մի վրացուհի, եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան եւ չի կարողացել այն դուրս բերել: Արդյունքում նրան օգնություն են առաջարկել հայ եկեղեցու հոգեւորականը եւ թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել է եւ զանգահարել իր մտերիմներին, ովքեր գալով, եկեղեցու բակի մոտ ծեծկռտուք են հրահրել: Իսկ ավելի ուշ մոտ 50 հոգի հարձակվել է եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանի եւ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա, դաժանորեն ծեծել վերջիններիս: Հարձակվողները պոկել են հոգեւորականներից մեկի լանջախաչը եւ վերցրել իրենց հետ: Այդ պահին եկեղեցուց դուրս են եկել մկրտության արարողության մասնակիցները, ովքեր փորձել են կարգի հրավիրել հարձակվող ամբոխին, սակայն եկեղեցու վրա հարձակվողներն այս անգամ ուժ են կիրառել նաեւ մկրտության եկած ժողովրդի նկատմամբ, որոնց մեջ եղել են կանայք եւ երեխաներ, ովքեր այդ տեսարանից երկյուղած, նորից հետ՝ եկեղեցի են մտել: Մինչ ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանն իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ եւ հանդարտեցրել կռվողներին:

Ազգային ատելությո՞ւն, թե՞ կենցաղային վեճ
Վիրահայոց թեմն իր հայտարարության մեջ նշում է, որ այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաեւ լրատվությամբ, կենցաղային մակարդակով, հայ եկեղեցու եւ ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այժմ Վրաստանի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանն ասաց, որ իրենք խորությամբ ուսումնասիրում են Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի նամակը. «Հրավիրել եմ շրջանի ողջ ղեկավարությանը: Այժմ բոլորս հավաքված քննարկում ենք, թե ինչ է տեղի ունեցել: Իհարկե, շատ վատ է, եւ ահավոր վատ ենք ընդունել այս միջադեպը: Ես պառլամենտում պետք է հայտարարություն անեմ, եւ շատ հավանական է, որ շրջանի ղեկավարությունը դիմում ներկայացնի Վրաստանի կառավարությանը եւ Ներքին գործերի նախարարությանը, որ արդար քննություն իրականացվի»: Ըստ մեր զրուցակցի՝ դիմումում նշվում է ե՛ւ կենցաղային վեճի, ե՛ւ մի խումբ մարդկանց զինված հարձակման մասին, ու մինչ իրենք մանրակրկիտ չուսումնասիրեն հստակ չեն կարող ասել, թե ինչի հետեւանք է դա:

Ծեծի ենթարկված քահանան ոստիկանությունում
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիրահայոց թեմի իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանը, ով եւս ծեծի էր ենթարկվել, երեկ ասաց, որ դեպքից հետո իրավիճակը եկեղեցու տարածքում շարունակում է լարված մնալ: Ըստ մեր զրուցակցի՝ եկեղեցու տարածքի մոտ են հավաքվել մի խումբ մարդիկ, բավականին ագրեսիվ պահվածքով. «Այժմ հավաքվել են եկեղեցուց մի փոքր հեռու եւ բավականին ագրեսիվ են: Մենք հուսով ենք, որ Վրաստանի ներքին գործերն արդար կքննի գործը, քանի որ իրենց օրենքի համաձայն՝ քաղաքացիները հավասար են եւ Վրաստանի պետությունն այս հարցում չեզոք արբիտրի դեր կունենա, որն էլ իրենց օրենքն է պահանջում»:
Լեւոն Իսախանյանի պատմելով, Վրաստանում կան առողջ դատող մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվել կատարվածին: Ըստ մեր զրուցակցի՝ ինքը լուրջ վնասվածք չի ստացել, սակայն քահանայի դեմ ցանկացած քայլ արդեն շատ լուրջ է. «Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին ոստիկանությունում հարցաքննում են, սպասում ենք քննության ընթացքին»:
Հ.Գ. Վրաստանի ներքին գործերի նախարարությունը եւս արձագանքել է միջադեպին այն չհամարելով էթնիկ բնույթի. «Միջադեպն էթնիկ բնույթ չի կրել: Դիմակայությունը տեղի է ունեցել փողոցում՝ ավտոմեքենայի կայանման պատճառով: Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (վնասվածքներ հասցնել):

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս