ՀԱՐՑ. Ամուսնուս հետ գտնվում եմ գրանցված ամուսնության մեջ, բայց 3 տարի հարաբերություններ չենք պաշտպանում: Ունենք 2 անչափահաս երեխաներ: Այս ամբողջ ընթացքում նա անգամ չի հետաքրքրվել իր երեխաների ապրուստով: 3 տարի առաջ ինձ չհաջողվեց ձեւակերպել ապրուստադրամի վճարումը: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ես իրավունք ունեմ երեխաներին պահելու համար ապրուստամիջոց պահանջել նրանց հորից՝ վերջին 3տարվա դիմաց:
Լիլիա Գրիգորյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ ԸՕ 95 հոդվածի՝ ապրուստադրամը հանձնվում է դատարան դիմելու պահից: Բացառության կարգով օրենքը թույլ է տալիս ապրուստադրամ բռնագանձել դատարան դիմելուն նախորդած ժամանակի համար, որը, սակայն, չպետք է գերազանցի 3 տարին: Սակայն դատարանն անցած ժամանակաշրջանի համար ապրուստադրամ կարող է բռնագանձել միայն այն դեպքում, եթե հաստատվի, որ իրավազոր անձի կողմից մինչ դատարան դիմելը ձեռնարկվել են քայլեր ապրուստադրամի ստացման ուղղությամբ, ինչը, սակայն, չի հաջողվել դրանց վճարումից պարտապանի խուսափման պատճառով: Այսպիսով, անցած ժամանակաշրջանի դիմաց ապրուստամիջոցի գանձման համար անհրաժեշտ է ապացուցել.
ա) պարտապանը խուսափել է ապրուստադրամի վճարումից
բ) իրավազոր անձը քայլեր է ձեռնարկել երեխաների պահման համար միջոցների ձեռքբերման ուղղությամբ
Համաձայն քաղաքացիական հարցերով դատավարության կարգը կանոնակարգող ՀՀ Քաղաքացիական դատավարական օրենսգրքի 48 հոդվածի՝ յուրաքանչյուր կողմը պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնք նա ներկայացնում է որպես իր պահանջների եւ առարկությունների հիմք: Ձեր դեպքում ենթադրվում է ապացուցել, որ Ձեր ամուսինը խուսափել է երեխաների պահման համար ապրուստադրամի վճարումից, ինչպես նաեւ այն, որ դուք քայլեր եք ձեռնարկել պարտապանից երեխաների պահման համար անհրաժեշտ միջոցների ստացման ուղղությամբ:
Համաձայն ՀՀ ՔԴ օրենսգրքի 47 հոդվածի՝ քաղաքացիական գործով ապացույցներ են հանդիսանում ցանկացած փաստային տվյալներ, որոնց հիման վրա դատարանը որոշում է կողմերի պահանջները եւ առարկությունները, ինչպես նաեւ գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ պարագաները հիմնավորող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, երբ ծնողները նման վերաբերմունք են դրսեւորում իրենց երեխաների հանդեպ: Կարծում ենք՝ մեր այս հարցադրումը որոշակի առումով կօգնի խմբագրություն դիմած քաղաքացուն ստանալ անցած տարիների ապրուստադրամի գոնե մի մասը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, եթե անձը մեկ անգամ դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ բժշկասոցիալական փորձաքննության տարածքային մարմնի, դրանից հետո նա կարո՞ղ է վերափորձաքննության նպատակով նորից դիմել բժշկասոցիալական փորձաքննության տարածքային մարմին:
Հրաչուհի Մինասյան (67տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե անձը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան եւ նրա հայցն ընդդեմ ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել եւ կրկին անգամ ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է: Հիմքը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետն է։
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, սակայն օրենքը թույլ չի տալիս մեկ անգամից ավելի բողոքարկել: Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն այդ առումով չի կարող բացառություն լինել: Թեեւ մյուս կողմից՝ այդ հանձնաժողովն իր գործունեությամբ այնքան բացառիկ է, որ բոլորը հասցնում են բողոքել: Գաղտնիք չէ, որ հաշմանդամության համար սահմանված մի քանի կոպեկ թոշակը մարդկանց չտալու համար ինչ աճպարարությունների ասես դիմում է հանձնաժողովը: