ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՍԿՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձի հենց սկզբում հատուկ անդրադարձ կատարեց հայ-ռուսական հարաբերություններին, մասնավորապես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկությանը: Ընդգծելով, որ 2013թ. հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով՝ Ս. Սարգսյանը վստահեցրեց` 2014թ. Հայաստանը կդառնա ՄՄ լիիրավ անդամ: Միայն թե, նույն այդ ուղերձում նա այդպես էլ որեւէ խոսք չասաց, թե որն է ՄՄ-ին ՀՀ հնարավոր անդամակցության գինը:

Մինչդեռ հայտնի է, որ իշխանությունների արկածախնդրության գինը Հայաստանի վարկանիշի կտրուկ անկումն էր. ՀՀ-ն միջազգային ասպարեզում ձեռք բերեց անհուսալի, անվստահելի գործընկերոջ համբավ: Միաժամանակ, այդպես հերթական անգամ պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունների «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունն իրականում ոչ թե խորը գիտակցված աշխատանքի արդյունք է, այլ հետապնդում է նրանց այսրոպեական շահը, որի նպատակն ընդամենը սեփական իշխանությունը երկարաձգելն է:

 

Քյանդրբազություն

ՄՄ-ին ՀՀ անդամակցության մասին Ս. Սարգսյանի հայտարարություններից հետո` այս ողջ ընթացքում, իշխանությունները փորձում են իրենց որոշումը հիմնավորել տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում ՌԴ ունեցած ազդեցությամբ: Որպես հիմնական փաստարկ՝ բերվում է այն, որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է, որ ՀՀ անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում, բացի այդ` ՌԴ-ն նաեւ լուրջ դերակատարություն ունի ՀՀ տնտեսության մեջ, մասնավորապես արտաքին առեւտրաշրջանառության մեր հիմնական գործընկերներից է, ՌԴ-ից է գալիս Հայաստան ներմուծվող գազը, ՌԴ-ից է գալիս Հայաստան մտնող տրանսֆերտների առյուծի բաժինը, ասել է թե՝ ՌԴ-ն միլիոնավոր հայերի համար պարզապես «աշխատավայր է», որտեղ մեկնում են արտագնա աշխատանքի: Իշխանություններն ակնարկում էին` այս հանգամանքները ՌԴ-ի ձեռքին եղել են Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հիմնական գործիքները: Ավելին, հայ պաշտոնյաներից շատերը, խոսելով այս թեմայի շուրջ, շեշտում էին, որ ՄՄ-ին չանդամակցելու դեպքում խնդիրներ կունենանք հենց վերոհիշյալ բնագավառներում:
Սակայն Հայաստանում այս իրավիճակը նոր չի ստեղծվել: Ժամանակին դեռ Ռոբերտ Քոչարյանի «թեթեւ ձեռքով» ՌԴ-ին հանձնվեցին տնտեսական-ռազմավարական նշանակության մի շարք կարեւորագույն օբյեկտներ: 2002թ. «Գույք` պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում ՌԴ-ին հանձնվեցին մի շարք կարեւոր ձեռնարկություններ, որոնց մեծ մասը, ի դեպ, այսօր չի էլ գործում: 2002թ. կրկին Ռուսաստանին հանձնվեց «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը: 2005թ. Իրան-Հայաստան գազամուղը կառուցվեց ոչ թե նախատեսված տրամագծով, այլ ավելի փոքր, եւ հիմա Հայաստանը ստիպված է գազը ներկրել ՌԴ-ից` «Գազպրոմ» ընկերությունից: 2008թ. փետրվարի 13-ին` նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ, ՌԴ-ին հանձնվեց «Հայկական երկաթուղի»-ն, ու հիմա երկաթուղային փոխադրում իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր-ձեռնարկությունն է: Այս ամենը հանձնվեց լեգիտիմություն «մուրալու» եւ իշխանությունը պահելու համար: Այլ կերպ ասած՝ Մաքսային միություն ընթանալը եղել է Ս. Սարգսյանի պաշտոնավարումից շատ առաջ:

 

Սիամական երկվորյակները

Հարկ է արձանագրել, որ այս բոլոր գործարքների մեջ խառն է եղել նաեւ Սերժ Սարգսյանի մատը: Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նույն Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ ազգային անվտանգության, հետո` ՀՀ պաշտպանության նախարարը, ապա` ՀՀ վարչապետը: Բացի այդ՝ նա եղել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հետագայում Սերժ Սարգսյանը շարունակեց նույն գործելաոճը` նա ոչ միայն չփորձեց շտկել իրավիճակը, ոչ միայն չցանկացավ դուրս գալ այդ ճահճից, այլ ընդհակառակը, ավելի խրվեց դրա մեջ: Ընդ որում, Սերժ Սարգսյանը մարտի 1-ի արյունալի իրադարձությունների արդյունքում նախագահի պաշտոնին հայտնվելուց հետո լեգիտիմություն մուրաց ոչ թե ժողովրդից, այլ Արեւմուտքից` ԵՄ-ի հետ մտնելով «եվրոինտեգրացիա-եվրոասոցացում» խաղի մեջ: Միայն թե, եվրոինտեգրացիայի ճանապարհը բռնելուց առաջ Ս. Սարգսյանը հաշվի չէր առել, որ մինչ այդ Հայաստանի տնտեսությունը, ըստ էության, հանձնել էին ռուսներին՝ նրանց այդպես տալով Հայաստանի վրա ճնշումների հնարավորություն: Իսկ դա խոսում է մեկ բանի մասին. Սերժ Սարգսյանը հերթական քաղաքական կարճատեսությունն է ցուցաբերել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս