«Նաիրիտ»-ի այս վիճակի համար մի 60 հոգու պետք է դատեն. ընկերության նախկին տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 10-ին, երբ ՀՀ կառավարության նիստից առաջ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ ու պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը, անակնկալ կերպով  «Նաիրիտ»-ի աշխատակիցներին էր մոտեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու փորձել հասկանալ նրանց պահանջները: Վարչապետը հայտարարել էր, որ իրենց համար եւս անհասկանալի է, թե ով է պատասխանատու «Նաիրիտ»-ն այդ վիճակին հասցնելու համար:

«Մենք կոլապսի մեջ ենք, երկու ամիս է՝ ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել՝ ինչ են արել, ոնց են տարել, ոնց են բերել», – նաիրիտցիների մոտ անկեղծացել էր Հ. Աբրահամյանը՝ նշելով, որ երկու ամիս է, ինչ իրենք փնտրում են «Նաիրիտ»-ի սեփականատիրոջն ու չեն կարողանում գտնել:

Իսկ հարցին՝  ինչու մինչեւ այսօր որեւէ մեկը չի պատժվել, վարչապետը պատասխանել էր. «Պիտի ճշտենք, որ պատժենք»:  «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի հետ` պարզելու, արդյո՞ք այդքան դժվար է բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել գործարանի հետ:

-Պարոն Ներսիսյան, «Նաիրիտ»-ի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում վերջերս ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե իրենք հայտնվել են կոլապսի մեջ, քանի որ իրենց համար եւս անհասկանալի է, թե ով է «Նաիրիտ» գործարանի սեփականատերը: Իսկապե±ս այդքան դժվար է այդ հարցը պարզել:

-Ուրեմն՝ նախ չպետք է փնտրել, թե ով է սեփականատերը, այլ պետք է փնտրել ու գտնել, թե ով է այդ պարտքերը կուտակել: Դրանք անձեր են, նախկին կառավարիչներն են հիմնականում, դրա պատասխանատուն Էներգետիկայի նախարարությունն է, պատասխանատու է «Գազպրոմ»-ը ու նաեւ` կառավարիչները, որոնք էլ 15-20 հազար դոլար աշխատավարձ էին իրենք իրենց գրում ու ստանում: Ու լիքը կարճափեշ աղջիկներ էին հավաքել իրենց կողքերն ու բարձր աշխատավարձեր էին տալիս անհասկանալի գործունեության համար: Ես այս ամենը խանդով չեմ ասում, ուղղակի իմ սիրտը ցավում է որպես քաղաքացի, ես մոռացել եմ, որ ինչ-որ ժամանակ այնտեղ ինչ-որ գործունեություն եմ ունեցել: Ամբողջ խնդիրն այն է, որ շատ վատ ու շատ փնթի է կառավարվել գործարանը: Ամեն անգամ իրենց թվում էր, թե արեւ կծագի կամ ինչ-որ մարդիկ կհայտնվեն ու կփրկեն իրենց, իսկ դա չէր կարող տեղի ունենալ այն պարզ պատճառով, որ իրենք ՙՆաիրիտ՚-ը սպանել էին: Ես արդեն ասել եմ, որ «Նաիրիտ»-ն ապագա չունի, որովհետեւ եթե գործարանն աշխատի ներկայիս տեխնոլոգիայով (ես դրա մասին նույնիսկ իմ աշխատած տարիներին եմ ընդգծված ասել), ապա այն 10 տոկոսից ավելի չի կարող աշխատել: Իսկ իրենք էլ հասկանալով այդ ամենը փորձեցին թալանել մաքսիմալ, ինչքան հնարավոր էր: Հարց է առաջանում՝ ինչպե±ս էին իրենք իրենց 15-20 հազար դոլար աշխատավարձ նշանակում, երբ այդ գործարանը 10 տոկոս արդյունավետությամբ էր աշխատում: Իսկ դա կատարվում էր իշխանությունների աչքի առաջ, մեր նախագահի ու վարչապետի աչքի առաջ:

-Ըստ Ձեզ, այժմ անհնա՞ր է բացահայտել, թե ովքեր են պատասխանատու «Նաիրիտ»-ի այսօրվա վիճակի համար:

-Բացարձակ անհնար բան չկա, պարզապես պետք է մի 60 հոգու դատեն, եթե շատ են ուզում: Պետք է նաեւ բռնագրավում ու բռնագանձումներ անեն ու ամեն ինչն իր տեղը կգա: Չնայած` դա էլ «Նաիրիտ»-ը չի փրկի, քանի որ գործարանի վիճակը շատ վատ է:

-Բայց այժմ  «Նաիրիտ»-ի վաճառքի հետ կապված բանակցություններ են ընթանում: Գուցե այդ կերպ հարցը լուծվի:

– «Ռոսնեֆտ» եւ այլն, դրանք ավելորդ խոսակցություններ են: Եթե որեւէ մեկը տնտեսությունից հասկանում է, ապա իր համար պարզ է, որ ոչ ոք չի կարող «Նաիրիտ»-ը վերցնել. կամ պետությունը պետք է այնքան հզոր լինի, որ բոլոր պարտքերը մարի, աշխատավարձերը վճարի, կամ այն կազմակերպությունները, որոնք այն տնօրինում են` նախկին առեւտրի նախարարի` Վահան Մելքոնյանի, ինչպես նաեւ Տիգրան Սարգսյանի եղբոր գլխավորությամբ, որպեսզի կարողանան հարցին լուծում տալ: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի սրտացավ փորձագետ ասեմ, քննիչ ասեմ, երկրի նախագահ ասեմ, դատախազ ասեմ` չգիտեմ ինչ ասեմ, որ կցանկանա դա բացահայտել: Շատ մեծ կեղտ է փաթաթվել «Նաիրիտ»-ի վզով, որի համար էլ դա կոլապս են ասում, բա այդքանից հետո «Նաիրիտ»-ը պետք է կոլապսում հայտնվեր: Այսօրվա վարչապետը, համոզված եմ, ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարողանալու օգտակար լինել ՙՆաիրիտ՚-ին, որովհետեւ դժվար է կարծել, որ իրենք իրենց շրջապատի մարդկանց ՙկուտեն՚: Կամ այն կուսակցության անդամներին, ովքեր տնօրինում էին «Նաիրիտ»-ը:

-Այժմ էլ պարզվում է, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերն իշխանությունները պարբերաբար փակել են «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների հաշվին:
-Իսկ ինչ վերաբերում է այդ «Նաիրիտ 2»-ին, որը տվել են «Որոտանի ՀԷԿ»-ին, դա ընդհանրապես հասկանալի չէ, գոնե ինձ համար: Երբ որ «Որոտան»-ը ամերիկացիներին վաճառելու բանակցություններ են վարվում ու հանկարծ  «Նաիրիտ 2»-ի պարտատոմսերը տալիս են «Որոտան»-ին, դա արդեն անհասկանալի իրավիճակ է: Դրանով նաեւ չեն լուծելու նաիրիտցիների աշխատավարձերի հարցը, քանի որ այնտեղի հիմնական աշխատակիցները  «Նաիրիտ 1»-ում են:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս