ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Կոնգրեսը զգալի ներկայություն է ապահովելու խորհրդարանում:
-Պարո՛ն Մալխասյան, ինչո՞ւ մեծամասնական ընտրակարգով չառաջադրեցիք Ձեր թեկնածությունն ԱԺ առաջիկա ընտրություններին, ինչ-որ խնդի՞ր կար:
-Չէ՛, խնդիր չկար, ես ասել էի, որ պատրաստ եմ առաջադրվել, եթե Հայ ազգային կոնգրեսը որոշում կայացնի, որ իմ թեկնածությունն առաջադրեմ: Մենք ուղղակի նպատակահարմար գտանք, որ ես ղեկավարեմ նախընտրական շտաբը, իսկ Ռազմիկ Պետրոսյանը թեկնածությունը մեծամասնականով առաջադրի:
-Տեղեկություններ կան, որ իշխանական ուժերն են Ձեզ խանգարել, որպեսզի Ձեր թեկնածությունն առաջադրեք:
-(Ծիծաղում է-Ս.Գ.) Դուք նման բանը հնարավո՞ր եք համարում: Ինձ ճանաչողը նման հարց հաստատ չի տա, թե իշխանական ուժերը կարող են ինձ խանգարել: Համամասնականով առաջադրվել եմ եւ պետք է աշխատանքներ տանեմ, ամենահարմար տարբերակն այս տարբերակը համարեցի:
-Հնարավո՞ր է, որ Վրեժ Մարկոսյանի հետ մտերիմ լինելու պատճառով է, որ Դուք Ձեր թեկնածությունը չառաջադրեցիք, քանի որ նա էր լինելու Ձեր մրցակիցը:
-Ի՞նչ է նշանակում մտերիմ ենք, ես ազատազրկվելուց հետո Վրեժ Մարկոսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Մեր թիմն է նման որոշում կայացրել, որ առաջադրենք Ռազմիկ Պետրոսյանին: Իհարկե, ինձ այլ ընտրատարածք էլ են առաջարկել իմ թեկնածությունն առաջադրելու համար, բայց հարմար գտանք, որ միասին մեր ուժերը կոորդինացնենք 14 ընտրատարածքում, ավելի օգտակար կլինենք Կոնգրեսի համար:
-Այնպիսի տպավորություն է, որ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր թեկնածությունը չառաջադրեց 14 ընտրատարածքում, Դուք էլ որոշեցիք չառաջադրվել:
-Չէ՛, բացարձակապես որեւիցե կապ չուներ դա, ուղղակի այս դեպքում Ռազմիկ Պետրոսյանը պատրաստ էր առաջադրվելու, եւ մեր թիմը միահամուռ պաշտպանեց նրան: Այս կերպ մենք ավելի արդյունավետ կաշխատենք:
-Դուք Կոնգրեսի համամասնական ցուցակի 14 համարն եք, ըստ Ձեզ` Դուք անցողի՞կ տեղում եք:
-Բնականաբար: Կոնգրեսը ոչ թե անցողիկ է, այլ Կոնգրեսը բավական զգալի ներկայություն է ապահովելու պառլամենտում, եւ ինձ թվում է` համամասնական ցուցակում Կոնգրեսը պետք է առաջնորդը լինի` քաղաքական ուժերի առումով:
-Պարո՛ն Մալխասյան, Կոնգրեսը նախ պայքարում էր իշխանափոխության համար, հետո արտահերթ ընտրությունների, իսկ այժմ էլ պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին, արդյո՞ք ժողովուրդը չի հիասթափվել:
-Հայ ազգային կոնգրեսը ինչ նպատակ դրել է իր առջեւ` կատարել է, եւ այդ նպատակով առաջ է շարժվում եւ երբեք իր առաջ դրված նպատակներից հետ չի կանգնում: Եւ սա քայլ է իշխանափոխության ճանապարհին, որը պետք է կատարվի աստիճանաբար, մենք պետք է գնանք կատարելու այն նպատակը, որն իր առջեւ դրել է Կոնգրեսը, որին մեր ժողովուրդը սպասում է:
-Այսինքն` Ձեր կարծիքով հիասթափություններ չե՞ն եղել:
-Իհարկե կլինեն հիասթափություններ, բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ առջեւում է, եւ պետք է աշխատենք, որ Ազգային Ժողովի ընտրությունները նույնպես օգտագործենք մեր նպատակներն իրականացնելու համար: Դրանից հետո նախագահական ընտրություններ են, մենք կփորձենք ԱԺ ընտրությունները վերածել նախագահական ընտրությունների:
-Ազատության մեջ հայտնվելուց հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպե՞լ եք:
-Ինչո՞ւ պետք է հանդիպեի: Գլխավոր դատախազը կեղծ մեղադրանքներով հանիրավի ամեն ինչ արեց ինձ ազատազրկելու համար, ինձ եւ իմ ընկերներին մեկ հոդված էլ առաջադրեց, դրանից հետո ես հանդիպեմ իր հետ ի՞նչ քննարկեմ, ի՞նչ պետք է խոսեմ նրա հետ, նպատակը ո՞րն է, դրա իմաստը չեմ տեսնում:
-Թեկուզեւ այդ ամենը պարզաբանելու համար:
-Պարզաբանելու համար մեկ ձեւ կա, որ արդարադատությունը պետք է ներողություն խնդրի, որ հանիրավի կեղծ մեղադրանքով ազատազրկել է, մենք, իհարկե, բողոքարկել ենք Եվրադատարանում, եւ համոզված եմ, որ շուտով վճիռը կստանանք եւ դրանով կապացուցենք, որ կեղծ մեղադրանքով  էին մեզ դատապարտել:
-Իսկ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի հետ, ինչո՞ւ ներկա չէիք ԵԿՄ համագումարին:
-Ես ազատազրկվելուց հետո նրա հետ չեմ հանդիպել, այո՛, ներկա չեմ գտնվել համագումարին եւ վերջ:

Զրուցեց՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս