ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Վարչապետն այս տարի ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում 1994-2008թթ.  ընթացքում գույքահարկի եւ հողահարկի դիմաց կուտակված պարտքերը կմարվեն: Դա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

Աստղիկ Միքայելյան, 68 տարեկան, թոշակառու   


ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Մարտի 21-ին Ազգային Ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած պարտքերի մասին» օրենքը, որի  համաձայն` զրոյացվում են մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը հողի հարկի եւ գույքահարկի մասով գոյացած պարտքերը (չվճարված հողի հարկն ու գույքահարկը, ինչպես նաեւ այդ հարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերն ու տուգանքները): Օրենքով 2008 թվականի հունվարի 1-ն ամրագրվել է` հաշվի առնելով հարկերի գանձման հետ կապված վաղեմության ժամկետի հանգամանքը, քանի որ հարկերի մասին գործող օրենքի համաձայն` մինչեւ 2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար պարտքերը չեն կարող գանձվել, եւ համայնքապետերի կողմից նման պահանջով հայցադիմումները դատարանների կողմից մերժվում են: Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի գույքահարկի եւ հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգը:

Տարածքային կառավարման նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ կառավարությունն առիթը բաց չի թողնում իր նախընտրական որոշումը գովազդելու համար, բայց եւ պարզ ու անվիճելի է, որ այս քայլը լուրջ դժգոհություն է առաջացրել պարտաճանաչ հարկատուների շրջանում, ու ոմանք ժամանակին վճարված գումարներն են հետ ուզում, ոմանք էլ հայտարարում են, թե այլեւս հարկեր չեն վճարելու, քանի որ հաջորդ ընտրություններից առաջ էլ դրանք կարող են զրոյացվել:




Լրահոս