ՓԱԹԵԹՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կրկին շրջանառվեց «Ժողովուրդ»-ի` ամիսներ առաջ հրապարակած տեղեկությունը, որ ՀՀ արտգործնախարարության շենքը 400 միլիոն  դոլարով վաճառվել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող արտասահմանյան մի ընկերության:   Երեկ, սակայն, պետգույքի կառավարման վարչությունից հերքել են այդ տեղեկատվությունը` ասելով, որ «նման գործարք չի կարող լինել առանց հանրությանն այդ մասին տեղյակ պահելու»: Իհարկե, վերջին տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ նման գործարքները կնքվել են առանց հանրությանը տեղյակ պահելու: Ավելի ճիշտ, հանրությունը տեղեկացվել է, սակայն` հետին թվով, հետեւաբար` քանի կոպեկի արժեք ունի «հանրությանը տեղեկացնելը», եթե այդ հանրությունը` տեղեկանալով, ոչինչ չի կարող փոխել: Ամենաթարմ օրինակը Մաշտոցի այգին է:
Ինչեւէ, մոտ երկու տարի առաջ խոսվում էր, որ այդ շենքը պատրաստվում է գնել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը`  450 միլիոն ԱՄՆ դոլարով: Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ նրան առաջարկվել է մեկ այլ տարբերակ` Հրապարակի մետրոյի տարածքը, որտեղ վերջինս ցանկանում էր նոր հյուրանոց կառուցել: Սակայն ի բարեբախտություն մայրաքաղաքի, եղբոր հրաժարականի պատճառով Կարապետյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ լարվեցին, եւ հյուրանոցի կառուցման գաղափարն անորոշ ժամանակով հետաձգվեց: Հետո ասվեց, որ արտգործնախարարության շենքը անցնելու է արդարադատության նախարարության  նախկին` հրդեհված (ի դեպ, բավականին խորհրդավոր ձեւով) շենքի տեղում  կառավարական  նոր  մասնաշենքը կառուցող ռուսական մի ընկերության: Հիմա էլ շրջանառվում է ինչ-որ անհայտ հյուրանոցային ցանցի անուն: Սակայն այստեղ կարեւոր չէ, թե ով կգնի շենքը, կարեւորն այն է, որ այս իշխանություններն արդեն իսկ կայացրել են շենքը վաճառելու որոշումը` դրա մասին ասված է կառավարության վերջերս ընդունած  որոշման մեջ,  ըստ որի՝ ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունների համար նոր շենք  է կառուցվելու արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում: Ասել է թե` արտգործնախարարության ներկայիս շենքի օտարումն ընդամենը ժամանակի հարց է: Ու փաստորեն, ստացվում է, որ այս իշխանությունները վաճառում են այն, ինչ դեռ հնարավոր է վաճառել. բոլորովին վերջերս  կառավարության N2 մասնաշենքը վաճառվեց պարսկական «Մելլաթ» բանկին,  մինչ այդ վաճառվեցին առողջապահության, մշակույթի,  սոցապ, գյուղատնտեսության,  կրթության եւ գիտության նախարարությունների շենքերը: Թե դրանից ինչ շահեց պետությունը` հայտնի չէ, իսկ թե ինչ շահեցին այդ գործարքի հետեւում կանգնած կոնկրետ մարդիկ, ակնհայտ է. բավական է անցնել այդ շենքերի մոտով եւ տեսնել, թե ներկայումս այնտեղ ովքեր եւ ինչ կազմակերպություններ են գործում: Եվ  հիմա էլ բան չի մնացել վաճառելու, հասել են Հանրապետության հրապարակի շենքերին: Կարծում ենք, հանրությունը կողմ կլինի արտգործնախարարության շենքի վաճառքին, սակայն մի պայմանով, որ դրանից հետո վաճառվի նաեւ կառավարության շենքը` ներսում գտնվող անձնակազմով հանդերձ:




Լրահոս