ԱՎԵԼԻ ԲԵՏՈՆԱՊԱՏ ՈՒ ՓՈՇՈՏ ԵՐԵՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ առաջ մեծ աղմուկով սկսված Հյուսիսային պողոտայի շինարարությունը կարծես թե վերջ չունի: Մարդկանց իրենց տներից դուրս նետելու եւ անեծքի վրա կառուցված պողոտան չեն կարողանում «վայելել» անգամ շարքային անցորդները: Փոշին ու աղմուկը կարծես թե անպակաս է այդ հատվածից:

2007 թվականին կառուցված Հյուսիսային պողոտայի բետոնե հատակը 7 տարի անց նորոգելու կարիք ուներ: Ու քանի որ Երեւանի քաղաքապետարանը չուներ այդքան գումար՝ մայրաքաղաքն ավելի բարեկարգելու, ուստի «Տաշիր գրուպ»-ը 5-6 միլիոն դոլարի ներդրում կատարեց՝ մայրաքաղաքի կենտրոնական քայլուղին գեղեցկացնելու եւ ամրացնելու համար:
Իհարկե լավ է, որ մայրաքաղաքում ինչ-որ բան նորոգվում է, սակայն տխուր է, որ նորոգվում է տակավին վերջերս կառուցվածը, ինչը նշանակում է, որ մեր օրերում շինարարության որակը 0-ից ցածր մակարդակի վրա է: Բացի այդ, կրկնակի տխուր է, որ ամռան այս ամիսներին, երբ զբոսաշրջիկները ժամանել են մեր երկիր, ստիպված են քայլել փոշոտ ու անդուր տեսարաններով համեմված պողոտայով կամ պարզապես շրջանցել քայլուղին:
«Էկոլոգիական դաշինք»-ի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում՝ խոսելով Հյուսիսային պողոտայում ընթացող շինաշխատանքների մասին, ասաց. «Մենք այլ երկրների քաղաքների, մայրաքաղաքների միացության հուշագրեր, պայմանագրեր ենք ստորագրել: Լավ, մեր քաղաքապետը չի՞ գնում, չի՞ տեսնում, թե այլ երկրներում ինչպես են նման դեպքերում վարվում, փորձի փոխանակում չի՞ անում: Ես ինքս շատ եմ եղել արտերկրում. այնտեղ առավոտյան ժամը 5-ի կամ 6-ի սահմաններում են նման շինարարական աշխատանքներ իրականացնում, որպեսզի չխանգարեն քաղաքացիների անցուդարձին: Եվ ամենակարեւորը՝ այնտեղ այնպես են կազմակերպում իրենց աշխատանքը, որ նույնիսկ օդը եւ շրջակա միջավայրը չի աղտոտվում: Իսկ մեզ մոտ, հակառակ քաղաքապետի խոստումներին, ոչինչ առաջ չի գնում, կեղտն ու փոշին անպակաս են»:
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, պողոտայի շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել օգոստոսի վերջին: Ասել է թե՝ երբ զբոսաշրջիկները հեռանան մեր երկրից՝ պարզ չէ, թե ինչ տպավորություններով:

 

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս