ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է, ԸՆՏՐՈՂՆԵՐԸ` ՇԱՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների նախնական ցուցակը, ըստ որի՝ ՀՀ-ում կա 2 մլն 409 հազար 344 ընտրող: Ընդ որում, 2007թ. Աժ ընտրությունների համեմատ, այս թիվն ավելացել է ավելի քան 91 հազար 500-ով:
Սա ուշագրավ է այն առումով, որ իշխանությունների՝ ընտրակեղծիքների հիմնական ռեսուրսը լինելու է հենց ընտրացուցակներում առկա քաղաքացիների թիվը: Ավելին, համառ լուրեր են շրջանառվում առ այն, որ իշխանություններն այս ասպարեզում մտքի նոր թռիչքներ են գրանցել. մասնավորապես, նրանք պատրաստվում են բոլորովին նոր հասցեներ հորինել (առավել եւս, որ որպես հիմք կարող են օգտագործել վերջին տարիներին կառուցված բավական մեծ թվով նոր շենքերը), այնտեղ գրանցել իրենց վստահելի ընտրակեղծարարների խմբերին (հավանաբար՝ ուրիշի անունով ու նոր անձնագրով), եւ այդպես ապահովել իրենց համար ցանկալի արդյունքը: Ի տարբերություն քվեատուփ գողանալու, լցոնելու մեթոդների, այս մեկը բավական լավ քողարկված է ու անզեն աչքի համար անտեսանելի, իսկ ինչպես ցույց տվեցին Հրազդանի քաղաքապետի ընտրությունները՝ նաեւ արդյունավետ (այստեղ ընտրողների թիվն ավելացել էր մոտ 3 հազարով):
Այն, որ ընտրացուցակներում առկա քաղաքացիների տվյալները պարզապես ուռճացված են, ակնհայտ է բոլորին: Զարմանալին այն է, որ ՀՀ-ում ընտրողների թիվն ավելանում է ահագնացող արտագաղթին զուգահեռ: Թե ինչպես է ստացվում, որ Հայաստանում մի կողմից նվազում է բնակչությունը, իսկ մյուս կողմից ընտրացուցակներում ավելանում քաղաքացիների թիվը, անհասկանալի է:
Մարտի 1-ի հանրահավաքի իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արտագաղթի իրական ծավալների վերաբերյալ ուշագրավ տվյալներ հրապարակեց. «Ոչ պաշտոնական գնահատականներով՝ վերջին տասը տարիների ընթացքում երկրից արտագաղթել է ավելի քան 500.000 մարդ, եւ այսօր Հայաստանի առկա բնակչության թիվն իրականում կազմում է շուրջ 2.5 միլիոն մարդ»։
Արտագաղթի մասին է խոսում նա պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում, այսօր դժվար է գտնել որեւէ փաստաթուղթ, որը կապացուցի հակառակը: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թվականի հունվար-դեկտեմբերին» տարեգրքի՝ միայն 2010-2011թթ. ընթացքում ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 106 հազար 366 մարդ: 2010թ. ՀՀ-ից մեկնածների ու չվերադարձածների տարբերությունը կազմել է -57 հազար 240, իսկ 2011թ՝ -49 հազար 126 հոգի: Ավելին, պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին բոլոր տեսակի տրանսպորտներով ՀՀ-ից մեկնած ու ժամանած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունն էլ կազմում է 17 հազար 500 հոգի: ՀՀ-ում բնակչության թվի նվազման մասին են խոսում նաեւ նախորդ տարի ՀՀ-ում անցկացված մարդահամարի տվյալները: Ըստ այդմ՝ վերջին 10 տարում ՀՀ բնակչության թիվը նվազել է 130 հազարով եւ կազմում է 2 միլիոն 870 հազար մարդ. ընդգծենք, որ այստեղ խոսքը ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ բնակչության թվի մասին է: Եթե նկատի ունենանք, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները կազմում են ընդհանուր բնակչության թվի մոտ 60-70 տոկոսը, ապա անհասկանալի կդառնա, թե ինչի հաշվին է ընտրողների թիվը վերջին հինգ տարում ավելացել 91 հազար 500-ով: Իհարկե, կարելի է կռահել, թե ինչու է այդքան ավելացել ընտրողների ցուցակը:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. ընտրողների ցուցակը ներբեռնելու հնարավորությամբ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է միայն երեկ՝ քվեարկության օրվանից 40 օր առաջ: Մինչ այդ, հղում անելով ՀՀ ԸՕ դրույթներին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համառորեն մերժում էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին ընտրողների ռեգիստրը տրամադրել կրիչով: Իսկ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի ու կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների հեղինակած ԸՕ-ում պատահական չէ, որ ամրագրվել էր 40 օրվա դրույթը. այս ընթացքում, երբ առջեւում նաեւ քարոզարշավն է, ընդդիմությունը լավագույն դեպքում մարդկային ռեսուրսների գերլարումով կկարողանա ստուգել ընտրացուցակների իսկությունը: Ու որպեսզի մի կողմից խոչընդոտներ ստեղծվեն ընդդիմության համար, բայց մյուս կողմից վարչախումբն արդարանա, թե ինքը ընտրացուցակները գաղտնի չի պահում, ընտրվել է հենց 40-օրյա ժամկետը:
Այնպես որ, ահա սա է Սերժ Սարգսյանի խոստացած ազատ ու արդար ընտրությունները. ընտրակեղծիքների մասին արդեն իսկ նախազգուշացնում են ընտրացուցակները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս