Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանգսյան օրերը Տավուշի մարզում բավականին անհանգիստ են անցել. ադրբեջանական կողմը կրկին գնդակոծության է ենթարկել Հայաստանի սահմանամերձ գյուղերը:
Ընդհանրապես, հրադադարի ռեժիմի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին գնալով ավելի հաճախակի բնույթ են կրում, ինչը պարզապես մտահոգիչ է: Մանավանդ որ սահմանամերձ շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են անգամ այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախորդ շաբաթ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կողմերին կոչ անելով կատարել մարդկային զոհերից խուսափելու իրենց պարտավորվածությունները, միաժամանակ անընդունելի որակելով «գյուղերի եւ քաղաքացիական անձանց` նպատակաուղղված թիրախավորումը»:
Ո՞ւր մնաց «բարաթ»-ը
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը, սակայն, աշխարհաքաղաքական լուրջ հետեւությունների առիթ պետք է հանդիսանա: Ինչպես հայտնի է, Հայաստանն անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Իսկ ՀԱՊԿ պայմանագրի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են համատեղ ջանքերով դիմակայել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վերացնել իրենց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: Իսկ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը սահմանում է. «Մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաեւ ռազմական, ինչպես նաեւ ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով»: Ավելին՝ երբ 2010թ. օգոստոսին երկարաձգվեց Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը եւ պայմանագիրը վերաստորագրվեց նոր խմբագրությամբ, այնտեղ հետեւյալ դրույթը ներառվեց. «Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը»:
Հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին տեղի ունեցողն ուղղակի ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ճիշտ է, հրադադարի ռեժիմի խախտումները դեռեւս չեն վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների: Սակայն նման տեմպերով շարունակվելու դեպքում բացառված չէ, որ իրավիճակն ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Սակայն, չնայած այս ամենին, ոչ ՀԱՊԿ-ն, ոչ էլ այդ կառույցի առաջատարը համարվող Ռուսաստանը, որ առանձին պայմանագրով առանձին պարտավորություններ է ստանձնել ռազմավարական գործընկեր Հայաստանի հանդեպ, որեւէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծմանը: Նրանք ոչ հրապարակային հայտարարությունների միջոցով, ոչ էլ դիվանագիտական խողովակներով որեւէ քայլ չեն անում անցանկալի զարգացումները կանխելու: Ընդհակառակը, տպավորություն է, թե գերտերությունների աննկատ ջանքերով սահմանին իրավիճակն արհեստականորեն լարվում է` Ղարաբաղի խնդրին այդպես ցանկալի լուծում տալու համար:
Հետեւություններ անելու ժամանակը
Դժվար չէ կռահել` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում եւս ՌԴ-ն ու ՀԱՊԿ անդամ երկրները նույն քար անտարբերությունը կցուցաբերեն, ինչ հիմա: Ի վերջո, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները չեն պատրաստվում հանուն Հայաստանի փչացնել իրենց հարաբերությունները տնտեսական ռեսուրսներով գրավիչ Ադրբեջանի հետ: Մանավանդ, երբ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` 2008թ. Բաքու այցի ժամանակ ստորագրվեց «Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին» ռուս-ադրբեջանական պայմանագիրը, որով հիմք դրվեց ՌԴ կողմից զենք վաճառելու գործարքին: Իսկ ՀԱՊԿ անդամ մյուս երկիրը` Ղազախստանն, առավել քան ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:
Այս իրավիճակում Հայաստանից պահանջվում են լրջագույն ջանքեր` դիվանագիտական հմտությունների միջոցով գործընթացն իր համար ցանկալի հունով տանելու համար: Կամ էլ` Հայաստանը կանգնած է անվտանգության նոր համակարգ ընտրելու հրամայականի առաջ, երբ տեսնում է, որ այս համակարգն իրեն չի արդարացնում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԻՆՉ ՓՈԽՎԵՑ
Չնայած Տիգրան Սարգսյանն այլեւս ՀՀ վարչապետ չէ, բայց շարունակվում են նրա ներդրած ավանդույթները. մասնավորապես խոսքը վերաբերում է մեռելոցներին: Ինչպես հայտնի է, եկեղեցական տոներին հաջորդող երկուշաբթի օրերը նշվում են որպես մեռելոց, եւ Հայաստանում Տ.Սարգսյանն այդ օրերը հայտարարել էր ոչ աշխատանքային: Երեկ էլ, ահա, հերթական մեռելոցն էր, եւ ողջ պետական համակարգը կրկին անգործության էր մատնվել: Խոստովանենք՝ մի երկրում, որտեղ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, հաճախակի ոչ աշխատանքային օրեր հռչակելը մեծ շռայլություն է:
ՈՒՐԻՇԻ ՀԱՇՎԻՆ
ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում որոշում կայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հաշվեկշռում գտնվող «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ընկերությանը «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտքի դիմաց նրանց փոխանցել ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող «Նաիրիտ-2» ընկերության բաժնետոմսերի մի մասը: «Ժողովուրդ»-ին այս առումով ուշագրավ փաստեր են հայտնի դարձել. պարզվում է` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները պարբերաբար փակել էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով: Թե ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ գաղտնի է պահվում: Սակայն ենթադրվում է, որ դրանք մեծ գումարներ են:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչեւ հիմա դեռեւս չի ավարտվել «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքը: Չնայած ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության հետ Որոտանի վաճառքի պայմանագիրը ստորագրվել էր այս տարվա հունվարի 29-ին, սակայն մինչեւ հիմա բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ: Ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայության՝ այդ բանակցությունների ավարտից հետո «պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետ կիրականացվեն վճարումները եւ մյուս գործընթացները»:
ԻՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 18-րդ փողոցի բնակիչներից մեկը հրկիզել է իր տունը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.10-ին, երբ արդեն այրված է եղել խոհանոցի պատը՝ 5 քմ, ջրատաքացուցիչը, եւ ջերմահարվել կախովի առաստաղը՝ 8 քմ: Ի՞նչը կարող էր լինել հրդեհի պատճառ: Այս հարցը «Ժողովուրդ»-ը ուղղեց Ազատանի գյուղապետ Վարդեն Իկիլիկյանին, ում խոսքերով՝ այդ բնակարանը հրդեհել է տան տերը՝ Միհրանը, ում եթե փորձաքննության ենթարկեն, հաստատ առողջական խնդիրներ կհայտնաբերեն. «Ինչպես հասկանում եմ, այդ տղայի մոտ մի բան այն չէ: Գնացել էր Ռուսաստանի Դաշնություն, երեք տարի այնտեղ էր, չգիտեմ, թե ինչ եղավ, դեպորտ արեցին, հետ եկավ: Երեւի ծանր է տանում, որ չի կարող գնալ Ռուսաստան ու դրա համար էլ նման բան է արել: Երկու երեխա ունի»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ
Հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ նախօրեի հանդիպմանը` Aravot.am-ին ասել է, որ Սարգսյանը խոսել է առանց թղթի: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հանրային խորհրդի անդամներն իրենց հարցերը նախօրոք էին ուղարկել Սարգսյանին: «Շատ ազատ հանդիպում էր, հարցրեց՝ ով ինչ ունի ասելու: Այդ ձեւաչափը շատ ընդունելի էր բոլորիս կողմից, որովհետեւ մեզ չի պարտադրվում որեւէ բան»,-ասել է Գեւորգյանը` ըստ ամենայնի, մոռանալով կանխավ հարցերն ուղարկելու վերաբերյալ իր հայտարարության մասին: Նա նաեւ մեկ այլ ուշագրավ դիտարկում է արել. «Անկեղծորեն եմ ասում, որ նախագահը ոչ մի հարցում զայրացած հակահարված չի տվել, նա մեզ հետ համահավասար, շատ մտահոգ քննարկել է: Սահմանների անվտանգության հետ կապված հարցերը քննարկեցինք, թե ինչ է կատարվում: Տպավորությունն այն էր, որ նախագահը տիրապետում է իրավիճակին»:
ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՆ
Հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում պատահած միջադեպն, ըստ Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանի` սկսվել է կենցաղային մակարդակում՝ մի վրացուհի տիկնոջ պատճառով, ով չի կարողացել կայանել մեքենան: Կարճ ժամանակ անց տիկնոջ ընկերները հիսուն հոգանոց խմբով, սառը զենքերով եւ գարեջրի շշերով հարձակվել են եկեղեցուց մկրտության արարողությունից հետո դուրս եկող հայերի վրա: Ինչ վերաբերում է հնչած կրակոցներին, ապա դրանք իրենց խնդրանքով դեպքի վայր եկած վարչատնտեսական բաժնի ղեկավարն է արձակել` մտածելով, որ օդ կրակելով կսթափեցնի վրացիներին եւ դաժան ծեծկռտուքը կդադարեցվի: «Առավոտ»-ի հարցին՝ հակառակ կողմից չե՞ն եղել հաշտության փորձեր, ներողություն չե՞ն խնդրել, տիկին Սուսաննան ասել է ոչ. «Հարձակման ժամանակ պոկել-տարել էին տեր հոր լանջախաչը, ոստիկանությունն ասաց, որ կբերեն, եւ իսկապես մեկ-երկու օր հետո բերեցին՝ առանց շղթայի: Դա է եղել միայն»: Նա նաեւ նշել է, որ եթե անգամ վեճերը լինում են կենցաղային պատճառներով, դրանք ազգային անհանդուրժողականության արմատներ ունեն:
ՄԻ՞ԹԵ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷՐ
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով Հովիկ Աբրահամյանի նշանակման առաջին օրերին բավականին անթաքույց գովասանքով էր խոսում նոր վարչապետի մասին, կարծես թե արդեն հասցրել է հիասթափվել նրանից: Նա «Ա1+»-ին ասել է, թե անցած 100 օրվա ընթացքում տասնապատիկ ավելին կարելի էր անել, մինչդեռ ցուցանիշները չնչին չափերով են գերազանցում Տիգրան Սարգսյանի կառավարությանը. «Բայց դե ո՞ւմ հետ ենք համեմատվում, մի՞ թե դրա համար էր նոր կառավարության ձեւավորումը»,- հռետորական հարց է տվել Բագրատյանը։
ՄՆԱՑԵԼ Է «ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ»
ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնից հայտնում են, որ առաջիկայում ձեռնարկելու են միջոցներ Հայաստանում PR նախարարություն հիմնելու համար: Ըստ նախաձեռնողների` խնդիրը կարեւոր է կրկնակի, քանզի նման կառույցի առկայությունը հնարավորություն կտա ճիշտ եւ գրագետ ձեւավորել հանրային կարծիքը ոչ միայն Հայաստանում եւ հայերի մոտ, այլեւ Հայաստանից դուրս, որը գրեթե ռազմավարական նշանակություն ունի: Նշենք, որ հատկապես վերջին նպատակով ՀՀ կառավարությունում գործում է երկու նախարարություն` արտաքին գործերի եւ սփյուռքի:
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԵԼ Է
ԼՂՀ Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի սպանված անդամին հուղարկավորել են: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի հաղորդակցության հարցերով ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Նա նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացվել եւ ներկա են եղել թաղման արարողությանը, որն իրականացվել է ըստ պատշաճի, բոլոր անհրաժեշտ նորմերին համապատասխան: Իսկ հուլիսի 26-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ԼՂ-ում ձերբակալված խմբի երկու անդամներին: