ԵՐԲ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի շուրջ առաջացած լարված իրավիճակը շարունակվում է: Այսօր կավարտվի համալիրը հինգերորդ անգամ աճուրդի հանելու վերջնաժամկետը, իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում հուշարձանին, դեռեւս անհայտ է: Իսկ ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ անհաղորդ այս խնդրի նկատմամբ:
Եվ այսպես, նախ հիշենք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 20-ին արված հայտարարությունից մի հատված. «Բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակներով ոչ մեկ չի կարող տիրանալ մեկ ուրիշի բիզնեսին: Ինքս պայքարելու եմ դրանց դեմ, քանի որ ստվերը բոլորի թշնամին է եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք»: Հենց այս հայտարարության օրը՝ մայիսի 20-ին, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունն աճուրդի հանեց մարզահամերգային համալիրը: Համալիրի մեկնարկային գինը սահմանվեց 19.35 մլրդ դրամ (մոտ 48 մլն դոլար): Պաշտոնապես պատճառաբանվեց, թե համալիրը հանդիսանում է գրավի առարկա, դրա համար էլ աճուրդի հանելու անհրաժեշտություն է առաջացել:
Հիշեցնենք նաեւ, որ մարզահամերգային համալիրը 2005 թ. վաճառվել էր ԲԱՄՕ ընկերությանը, որի սեփականատերերից էր Մուրադ Մուրադյանը՝ Իրաքում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպանը: 2005թ. սեպտեմբերից մինչեւ 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ կամ մոտ 14 միլիոն դոլար: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ մինչ մարզահամերգային համալիրի տնօրինությունը շարունակում է պնդել, թե աճուրդն ապօրինի է եւ իրենք թույլ չեն տա, որ որեւէ մեկը խլի համալիրը, այնուամենայնիվ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը շարունակում է օբյեկտն աճուրդի հանել` ամեն ամիս 10 տոկոսով իջեցնելով հուշարձանի վաճառքի գինը:
Այսօր ժամը 13:00-ին, հինգերորդ անգամ աճուրդի հանված հուշարձանի վաճառքի սահմանված ժամանակը կլրանա: Տեղեկացնենք, որ այս անգամ ԴԱՀԿ-ը հուշարձանը գնահատել է 12 մլրդ 695 մլն 535 հազար դրամ: Հիշեցնենք, որ չորրորդ անգամ հայտարարված աճուրդում հուշարձանի գինը սահմանվել էր 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ, երրորդ անգամ՝ 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ, երկրորդ անգամ՝ 17 մլրդ 415 մլն դրամ: Իսկ ահա աճուրդի մեկնարկային գինը սահմանվել էր 19 մլրդ 350 մլն դրամ։
Միգուցե ԴԱՀԿ-ը նպատակ ունի այնքան ժամանակ իջեցնել համալիրի գինը, մինչեւ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը կամ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները համարեն «հարմար գին» եւ վերցնե՞ն այն: Ի վերջո դժվար է այլ եզրահանգման գալ: Համալիրի աճուրդի պատմությունից օբյեկտին տիրանալու «հոտ է գալիս»:
Ի դեպ, համալիրի սեփականատերերը նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չեն ստացել: Ինչո՞ւ է կառավարությունն անհաղորդ ԲԱՄՕ-ի սեփականատերերի բողոքի նկատմամբ: «Ժողովուրդ»-ը պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ:
-Պարոն Ճշմարիտյան, ի՞նչ եք մտածում ԲԱՄՕ ընկերությանը պատկանող Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի շուրջ ստեղծված աղմուկի մասին:
-Ծանոթ չեմ խնդրին:
-Խոսքն ընկերության կողմից գնված մարզահամերգային համալիրի աճուրդի մասին է: Սեփականատերերը հայտարարում են, որ ԴԱՀԿ-ն անօրինական աճուրդի է հանել հուշարձանը: Մուրադյան եղբայրները շուրջ 4 մլրդ դրամի ներդրում են արել, ինչո՞ւ են այսպես վարվում նրանց հետ:
-Տեղյակ չեմ: Ես չեմ կարող պատասխանել մի հարցի, որին մինչեւ վերջ չեմ տիրապետում, դա պրոֆեսիոնալ չէ: Կխնդրեի, որ մեկնաբանություններ անողներն էլ ծանոթանային, նոր մեկնաբանեին: Տեղյակ չեմ, թե ինչքան ներդրում են արել: Կարող եմ առանձին ուսումնասիրել եւ նոր ասել:
-Արդեն շուրջ 3 ամիս է՝ համալիրի շուրջ աղմուկը չի դադարում, ի՞նչն էր խանգարում այդ ընթացքում ծանոթանալ, հասկանալ, թե ինչ է կատարվում:
-Ժամանակ չեմ ունեցել:
Հ. Գ. Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական զարգացման քաղաքականությունը: Հուսանք, որ բազմազբաղ նախարարը ժամանակ կգտնի ծանոթանալու խնդրին ու գործուն քայլեր կձեռնարկի՝ ներդրողների նկատմամբ մեր երկրում առկա ոչ բարյացակամ վերաբերմունքը գոնե փոխելու, եթե ոչ վերացնելու համար: Ի վերջո տնտեսությունը յուրաքանչյուր երկրում զարգանում է ներդրումների միջոցով:
ՀՈՒՄՈՐԻ ՔԱՂԱՔԸ` ԿՐԻՄԻՆԱԼ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԻ» ԿԵՆՏՐՈՆ
Վերջին մեկ շաբաթում Գյումրիում աղմկահարույց դեպքեր արձանագրվեցին: Հուլիսի 24-ին դաժան ծեծի էր ենթարկվել եւ սպանվել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի եղբայրը` Հարություն Գրիգորյանը, իսկ ահա հուլիսի 25-ին դանակի բազմաթիվ հարվածներով Գյումրու հիվանդանոցում մահացել էր Գյումրու «Արցախ» թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանը:
Ռեկտորի սպանված եղբոր հետքերով
Ցավալի է, բայց փաստ, որ հումորի քաղաքը վերջին տարիներին դարձել է կրիմինալ «ռազբորկա»-ների կենտրոն, իսկ թե ինչն է արձանագրված դեպքերի պատճառը, թերեւս կպարզի քննությունը: Եվ այսպես, նշված օրը Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի եղբորը ծեծված, ինչպես նաեւ կրակոցների հետքերով հայտնաբերել էին Գետք գյուղի ճանապարհին գտնվող գոմում՝ փոսի մեջ: 4 օր անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ 36-ամյա Արման Կատունյանը: Ըստ տարածված տեղեկությունների՝ Արման Կատունյանը զայրացել է Հարություն Գրիգորյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իմացել է, որ Հարությունը սիրահետում է իր կնոջը: Տղամարդիկ հանդիպել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ ավելի ուշ ռազմական ոստիկանության աշխատակիցը կրակել է ու սպանել Հարությունին: «Ժողովուրդ»-ը տեղեկությունները պարզելու նպատակով փորձեց զրուցել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց որդին եւ նշեց, որ իրենց ոչինչ հայտնի չէ եւ որեւէ բան չեն կարող ասել տարածված տեղեկությունների մասին: «Եկեք սպասենք քննության ավարտին»,-ասաց կրտսեր Գրիգորյանը: Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի աներն իր դստերը եւ երկու թոռնիկներին հեռացրել է երկրից:
Երկրորդ սպանությունը
Իսկ թե ով է կանգնած հուլիսի 25-ին տեղի ունեցած դանակահարության հետեւանքով սպանված 36-ամյա Էդգար Անտինյանի գործի հետեւում, դեռ հայտնի չէ: Նշենք, որ Էդգարը հուլիսի 25-ին Գյումրու հիվանդանոց է դիմել դանակի բազմաթիվ վնասվածքներով: Բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը: Ու զարմանալի զուգադիպությամբ Էդգարի մահվան հաջորդ օրը Գյումրու հիվանդանոց էր դիմել եւս մեկ քաղաքացի՝ Անի թաղամասի բնակիչ Թորոս Հակոբյանը՝ դարձյալ դանակի բազմաթիվ վնասվածքներով. նրան վիրահատել են: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էդգար Անտինյանին դանակահարածն իր բարեկամն է եղել, որը Գյումրիի Արցախ թաղամասում հայտնի է Շլդիկ Վաղո մականվամբ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկինում դատապարտված Վաղոն Էդգարի հետ վիճել է կենցաղային հարցերի շուրջ: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ դանակահարված Թորոսը միջամտել է տղաների վեճին եւ Վաղոն նրան եւս դանակահարել է:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԲԼԹ
«Ես կուզենայի՝ ամառը լիներ բուռն աշխատանքային եւ չսպասեինք կախարդական աշնանը, հետո աշնանը որոշեինք՝ գարնանը, որովհետեւ հիմքում ընկած է շարքային քաղաքացու եւ ժողովրդի վստահության խնդիրը»:
Րաֆֆի Հովհաննիսյան 1in.am
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ճիշտ է նկատում՝ շարքային քաղաքացու եւ ժողովրդի վստահության խնդիր կա իր եւ, ընդհանրապես, քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ: Բայց ով, եթե ոչ հենց ինքը՝ Հովհաննիսյանը, պետք է քայլեր իրականացնի՝ այդ վստահությունը վերականգնելու կամ ձեռք բերելու համար: Ո՞վ է խանգարում Րաֆֆի Հովհաննիսյանին չսպասել տարվա բարենպաստ եղանակին, այլ գործել հենց հիմա: Ինչո՞ւ է նա հույսն ուրիշի վրա դնում: Կախարդական փայտիկների գործողության էֆեկտիվությանը սպասելով իրավիճակ չի փոխվի մեր երկրում: Նախաձեռնել է պետք:
«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման ձգձգումը բերել կապել հարցին, թե Հայաստանը կանգնած է Ղարաբաղի հետ սահման անցկացնելու անհրաժեշտության առջեւ, նշանակում է իրավիճակը խեղաթյուրել… Պատրաստ չենք հանուն ԵՏՄ-ի Հայաստան-Ղարաբաղ սահման դնել»:
Խոսրով Հարությունյան «Առավոտ»
Իսկ միգուցե իրականում հակառա՞կն է, եւ իրավիճակը խեղաթյուրում են հենց իշխանություննե՞րը: Չէ՞ որ Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների մեսիջներն ավելի քան ակնհայտ են, եւ Ադրբեջանի նկատմամբ հոգատարությունն էլ ոչ մի կերպ թաքցնել հնարավոր չէ. մարդիկ բացահայտ պաշտպանում են Ադրբեջանի շահերը: Եվ ՀՀԿ-ական պատգամավորը չէ, որ պիտի ասի, թե մենք պատրաստ չենք հանուն ԵՏՄ-ի Հայաստան-Ղարաբաղ սահման դնել, դա բոլորս էլ գիտենք, նորություն չէ: Այստեղ միակ նորույթն այն է, որ հենց այս պատճառով է ձգձգվում ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, ինչը համառորեն հերքում է Խ. Հարությունյանը:
«Անձամբ Արման Կատունյանին չեմ ճանաչում, սակայն բոլորն են խոսում, որ աշխատանքի, պաշտոնի հետ սա ոչ մի կապ չունի, ասում են՝ խանդի հողի վրա է եղել, այսինքն՝ անձնական պատճառ է եղել»:
Ֆելիքս Ցոլակյան News.am
Կարծում ենք՝ մարզպետի պաշտոն զբաղեցնող մարդն առնվազն պետք է գիտակցի, թե որքան լուրջ պաշտոն է զբաղեցնում, որքան մեծ կշիռ պետք է ունենա իր խոսքը, եւ նրա յուրաքանչյուր բառը պետք է լինի մտածված եւ ճշգրիտ: Այնինչ, Շիրակի մարզպետը, խոսելով օրերս Գյումրիում տեղի ունեցած Մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր սպանության մասին, հիմնվում է ոչ պաշտոնական լուրերի վրա: «Բոլորն են խոսում», «Ասում են՝ խանդի հողի վրա է եղել» եւ նմանատիպ մեկնաբանությունները հատկանշական կարող են լինել սովորական քաղաքացուն՝ բանկի տաղավարում նստած, սակայն ոչ մարզպետին:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ