ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՄԱՅԹԵՐԻ

Այս տարվա մարտի 19-ին ՀՀ Կառավարության որոշմամբ` շուրջ 10 մլրդ դրամ հատկացվեց մարզերին` համայնքներում հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այս ծրագրով եւս, ինչպես նախորդ չորս հրատապ ծրագրերով, հիմնականում կիրականացվեն դպրոցաշինության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման եւ համայնքներում հրատապ նշանակություն ունեցող այլ աշխատանքներ: Այս տարի 420 միլիոն դրամ հատկացվել է Շիրակի մարզին, որից 220 մլն-ը բաժին է ընկել միայն Գյումրի քաղաքին:

Մի քանի օր է` քաղաքում իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ: Մասնավորապես ասֆալտապատվում են կենտրոնական փողոցներից մի քանիսը՝ Անանիա, Գորկի, Վարպետաց փողոցները: Սակայն գյումրեցիները դժգոհում են: Նրանք բողոքում են ոչ թե ասֆալտապատումից, այլ` որ աշխատանքները սահմանափակվում են միայն կենտրոնական փողոցներով, իսկ մայթերն ու գազոնները քարուքանդ են ու փոշոտ: Քաղաքապետարանից փորձեցինք ճշտել արդյոք առաջիկայում նախատեսվում է նաեւ մայթերի վերանորոգում իրականացնել, սակայն մեզ պատասխանեցին կտրուկ` ոչ: Մինչդեռ նշենք, որ բնակիչների դժգոհությունն ավելի քան տեղին է, քանի որ փողոցներ կան, որոնց մայթերն անգամ չեն երեւում եւ կասկածելի է` փողոցը մայթ ունի, թե ոչ: Իսկ կենտրոնական փողոցներն էլ ժամանակ առ ժամանակ ասֆալտապատվում են, սակայն բացառապես հայկական ավանդական եղանակով` մեկ սեզոնի համար:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 
ՀՈՒՆՁՔ` ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՏԱԿ
Հուլիսի 26-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծության պատճառով սահմանամերձ Չինարի գյուղում արտհունձը կիսատ է մնացել: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի փոխանցմամբ, ադրբեջանական գնդակները 4 տեղից խոցել են Մովսես գյուղից բերված, դաշտում աշխատող հացահատիկահավաք կոմբայնը: Ազերիների զինուժը չի խորշել անգամ հացահատկի դաշտում գտնվող Կարմիր Խաչի ավտոմեքենան գնդակոծելուց, ավելին` նրանք հատուկ թիրախ են ընտրել միջազգային մարդասիրական կազմակերպության մեքենան: Կարմիր Խաչի ավտոմեքենայի ապակին կոտրվել է, գնդակները 2 տեղից խոցել են մեքենայի վրա տեղակայված դրոշը: Ադրբեջանական գնդակները կոտրել են նաեւ Չինարիի բնակիչներից մեկին պատկանող «Նիվա» ավտոմեքենայի դիմային ապակին: Չինարի համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղում հնձվել է միայն 5 հա արտ, իսկ 55 հա-ն մնացել է առանց հնձելու: Գյուղապետը մտավախություն ունի, որ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով դրանք այդպես էլ չեն հնձվի:
Տեղեկացանք, որ Չինարիում արտհունձը դադարեցրած կոմբայնը վերադարձվել է Մովսես: Ս. Սաղոյանն ասաց, որ ինքը հուլիսի 28-ին գնացել է հարեւան Չորաթան, ուր արտհունձն արդեն ավարտվում է, որպեսզի Չորաթանի կոմբայնը տեղափոխի Չինարի: Սաղոյանը հույս ունի, որ կհաջողվի հնձել Չինարիի եւս 20 հա արտեր, որոնք տեղանքի պատճառով ադրբեջանական գնդակոծությունից համեմատաբար պաշտպանված են: Ս. Սաղոյանը հայտնեց, որ հայ սահմանապահները մշտապես հակահարված են տալիս ազերիների ոտնձգություններին, ինչից հետո ադրբեջանական զինուժը դադարեցնում է կրակը, սակայն քիչ անց՝ նորից վերսկսում: Գյուղապետը նշեց, որ սահմանի այդ հատվածում գտնվող, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների համար 1994 թվականի փետրվար-մարտ ամիսներին թեժ մարտեր են ընթացել: Քանի որ այդ բարձունքներից վերահսկվում է Թովուզ-Բաքու ավտոճանապարհը, այդտեղից նշանառության տակ են խիստ բնակեցված ադրբեջանական բնակավայրեր, Ադրբեջանը մեծ զինուժ էր կենտրոնացրել այդ հատվածում, արդյունքում հայ ազատամարտիկները 6 զոհ եւ 19 վիրավոր են տվել կռիվներում, սակայն հակառակորդի գերակշիռ ուժի պատճառով չեն կարողացել պահել դիրքերը: Եվ այսօր ազերիները հենց այդ բարձունքներից են կրակ բացում ներքեւում գտնվող Չինարիի վրա:
Նշենք, որ չհնձած արտերի խնդիրն առկա է նաեւ սահմանամերձ Մովսեսում: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ գյուղում առկա աշնանացանի 210 հեկտարից 40 հեկտարը դեռեւս չի հնձվել: Արարատ Ավալյանը մտավախություն ունի,որ ազերիները կարող են կրակել դաշտում աշխատող կոմբայնի վրա: Նրա տեղեկացմամբ` հուլիսի 28-ին ադրբեջանական զինուժը շարունակում էր կրակել Մովսես գյուղի ուղղությամբ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման, տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երեւան քաղաքի հետեւյալ խաչմերուկներում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1.Սայաթ-Նովա փողոց – Չարենցի փողոց, 2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց, 3. Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց, 4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց, 5. Հալաբյան փողոց-Աբելյան փողոց, 6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց, 7.Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց, 8.Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց, 9.Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց, 10.Հալաբյան փողոց-Էստոնական փողոց: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել երթեւեկության կանոնները:

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՃՆՇՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանը կառուցապատող ընկերություններին պարտադրում է գնել «Ավելի բարեկարգ Երեւան» գրությամբ պաստառ, որն արժե 50-80 հազար դրամ: Սիլիկյան թաղամասում շինարարություն իրականացնող Էդգար Շարխյանը հայտնեց, որ իրեն ստիպել են գնել 15-20 քառակուսի մետրանոց պաստառ, որի 1 քառակուսին արժե 4000 դրամ:
«Սա քաղաքապետարան չէ, այլ քաղաքատպարան: Ստիպում են, որ հենց իրենց «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառը ձեռք բերեմ, եթե չէ՝ գալիս են ու տուգանում: Մի անգամ, ասենք, առնում ես, հետո քամին քշում տանում է, ստիպված ես նորը գնել, իսկ էդ 80 հազար դրամով կարող ես շինանյութ ձեռք բերել, ոչ թե պլակատ»,-բողոքեց Էդգարը news.am-ի հետ զրույցում:
Էդգարը մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան, որտեղից ոչ մի հստակ պատասխան չի ստացել. «Ես տուն եմ կառուցում Սիլիկյան թաղամասում, հեռու կենտրոնից, ճանապարհից, բայց միեւնույն է՝ պահանջում են, որ տեղադրեմ էդ պաստառը: Իսկ երբ քաղաքապետարանին հարցնում եմ, թե ինչու պետք է տեղադրեմ, ոչինչ չեն ասում, ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնում»:

 




Լրահոս