«ԱՌԱՋՆԱՀԵՐԹ` ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՐՑ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական երգերի կատարող ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԻՆ ճանաչում բերեց «Ժողովրդական երգիչ» նախագիծը, որտեղ նա գերազանցեց մնացած մասնակիցներին ու հաղթեց:
Սակայն մինչ նախագծին մասնակցելը, Սեւակը սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, եղել Արսեն Գրիգորյանի` Մրոյի սանը, ուսանել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, հիմա էլ սովորում է Կոնսերվատորիայում` 4-րդ կուրսում:
Ի՞նչ փոխվեց նախագծից հետո եւ ինչո՞վ է հիմա զբաղվում Սեւակը:
-Գիտեմ, որ «Շանթ» հեռուստաընկերությունը պայմանագիր է կնքում նախագծի մասնակիցների հետ: Դուք պայմանագիր ունեցե՞լ եք, եւ արդյոք դրա մեջ Ձեր ազատությունն ու գործունեությունը սահմանափակող որեւէ կետ եղել է:
-Ես ունեցել եմ պայմանագիր, բայց այն արդեն վերջացել է: Հեռուստաընկերությունը քեզ ոչինչ չի արգելում, պարզապես խորհուրդ է տալիս լուրջ նախագծերի ու համերգների մասնակցել: Ես մինչեւ հիմա էլ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարի ու անձնակազմի հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Մենք չենք մոռանում` ինչից սկսեցինք: 2007 թվականից մինչ այսօր նրանց շնորհիվ 4 անգամ ԱՄՆ-ում մեծ համերգներ ենք ունեցել, 1 անգամ էլ Լոնդոնում: Ղարաբաղից սկսած մինչեւ Խիմկի քաղաքը շրջագայել ենք: Վերջերս էլ ՀՀ սփյուռքի նախարարի նախաձեռնությամբ եղանք Լատինական Ամերիկայում` հայ համայնքին ներկայացնում էինք մեր ժողովրդական երգը: Այս անգամ այդ նախագծի մեջ էինք ես, Զարուհի Բաբայանը, Արմինկան եւ ջութակահար Վարազդատ Խաչումյանը: Ամիսներ առաջ էր, այդ կազմով եղանք Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում:  
-Լավ, իսկ շրջագայություններից բացի, ուրիշ ինչո՞վ եք զբաղված:
-Այս պահին կոնկրետ աշխատանք չունեմ, հիմնականում համերգային գործունեությամբ եմ զբաղվում, չեմ երգում որեւէ ռեստորանում, ակումբում, նույնիսկ եթե հրավիրում են հարսանիքների, երգում եմ կրկին իմ ոճում` ժողովրդական, երբեք ռաբիս չեմ կատարում, իմ ոճը չէ, չէի էլ կարողանա երգել:
-Իսկ եթե մեծ հոնորար առաջարկեն, չե՞ք կատարի:
-Հավատացե՛ք, որ առաջարկել են, բայց ես իմ սկզբունքներն ունեմ: Բացի այդ, չեմ էլ կարող, նույնիսկ եթե շատ ցանկանամ: Առաջնահերթ` սկզբունքի հարց է, հետո էլ խառնվածքի: Եթե նույնիսկ գնում էլ եմ որեւէ միջոցառման, պետք է մեջը ծանոթ լինի, քանի որ սկզբում մի քանի տհաճ պատմություններ են եղել, դրա համար էլ հիմա աշխատում եմ քիչ գնալ: Ես կողմ եմ բեմում երգելուն: Երբ մարդ տոմսի համար գումար է տալիս ու հատուկ գալիս քեզ լսելու, գնահատում է, իսկ երբ խմած նստած է աթոռին, այլ կերպ է քեզ նայում:
-Այնուամենայնիվ, գայթակղություն չկա՞ թեկուզ մեկ կոմերցիոն երգ կատարել, չէ՞ որ դրա համար ավելի շատ գումար կառաջարկեն:
-Ես գոհ եմ այնքանով, որ ազատ ժամանակ չունեմ: Մի քանի օր առաջ եմ Մոսկվայից եկել: Բազմաթիվ հյուրախաղեր եմ ունեցել դրսում ու գումար եմ աշխատել, որ չգնամ ռեստորանում երգեմ, անեմ այն, ինչ չեմ ուզում:
-Դրսի եւ այստեղի հանդիսատեսի միջեւ տարբերությունը մե՞ծ է:
-Դե ժողովրդականն ավելի շատ հայերին է հարազատ, չնայած դահլիճում լինում են նաեւ օտարերկրացիներ: Ինձ թվում է, նրանք հետաքրքրության համար են գալիս լսելու:
Պետք է ասեմ, որ դրսում շատ ավելի ջերմ են ընդունում, քան այստեղ: Հայաստանում ինձ համար լավ հանդիսատես կա Գյումրիում, նրանք շատ լավ են ընդունում, դրսում էլ Ջավախքն է լավ համայնք ինձ համար: Ջերմ է նաեւ Ռուսաստանի ու Ամերիկայի հայությունը: Նրանք ավելի կարոտով ու հիացմունքով են լսում, քան Երեւանում:
-Ցանկություն չկա՞ դրսում մնալու եւ այնտեղ գործունեություն ծավալելու:
-Ես շատ վայրերում եմ եղել, բայց ինձ երբեք չի ձգել այնտեղ աշխատելու ու մնալու գաղափարը: Եթե մնաս, պետք է զբաղվես այլ աշխատանքով, ոչ քո երգով, ժողովրդական երգով չես կարող լավ աշխատել ու ապրել: Ավելի լավ է այստեղ ապրես, աշխատես, բայց գնաս դուրս, երգես ու հետ գաս:
-Ի՞նչ նոր բան եք պատրաստում Ձեր հանդիսատեսի համար:
-Պատրաստվում եմ նկարահանել նոր տեսահոլովակ, մեկ ամսից արդեն եթերում կլինի: Մի հատ դուետ կա` Եղեռնին նվիրված, որը ես ու Մհերն ենք անում, երգի հեղինակն ու գործիքավորումն էլ Արա Գեւորգյանինն է: Դե Գյումրիում ապրիլի 1-ին համերգի եմ, հետո էլ Մոսկվայում 2 համերգ ունեմ, դրա համար էլ շատ չեմ հասցնում այստեղ գործեր անել:
-Կա՞ մեկը, ով Ձեզ օգնում է, թե՞ ամեն հարց ինքներդ եք կարգավորում:
-Ընտանիքս երգարվեստի հետ բացարձակապես կապ չունի, չնայած հոգեպես կողքիս է: Օգնել չի կարող, քանի որ երգի ոլորտում ծանոթներ չունենք: Լավ ընկերներ ունեմ, ինձ շատ հարցերով օգնում է Սաշ Մհերյանը, ով համերգների կազմակերպիչ է, նաեւ դիզայներ Արամ Նիկոլյանը:
-Փաստորեն, փոքրիկ ընկերական թիմով եք աշխատում:
-Դա ավելի լավ է, քան պրոդյուսերը: Թող ես իմ գումարով քիչ-քիչ անեմ, բայց չդիմեմ պրոդյուսերի, նրանք մեծ տոկոսներ են պահանջում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս