Այսօր մեծ դրամատուրգ Շիրվանզադեի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գրող, դրամատուրգ, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրող, Անդրկովկասի կուլտուրայի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Շիրվանզադեն մահացել է 1935թ. օգոստոսի 7-ին: Այսօր նրա մահվան օրն է:

Նա ծնվել է 1858 թ. դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-ական թվականներին և 1905 թվականի հեղափոխության նախօրեին, հասարակական-քաղաքական վերելքի տարիներին։

1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «Մելանիա» (1899),«Արտիստը» (1901) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը:

Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, Սիրանուշի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։
1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։ Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները։




Լրահոս