ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Չկալով համայնքում Էդուարդ Շաքարյանին պատկանող տունը մեջտեղից կիսվելու վտանգի տակ է: 88-ի երկրաշարժի հետեւանքով առաջացած ճեղքերը ժամանակի ընթացքում մեծացել են, եւ այսօր Շաքարյանի հինգ հոգուց բաղկացած ընտանիքի անդամներն ապրում են վախի մթնոլորտում: Ամեն րոպե տունը կարող է փլվել: Դեռ երեք տարի առաջ է տան վիճակը լուրջ անհանգստանալու տեղիք տվել, տանտերը բանավոր դիմել է տարբեր պետական կառույցների, սակայն, ինչպես ինքն է ասում, ոչ մի արձագանք չի լսել: Իսկ վտանգը հետզհետե մեծանում է:  
Շաքարյանն այս անգամ արդեն գրավոր դիմում է ներկայացրել Չկալովի գյուղապետարան,  գյուղապետն էլ խնդիրը ներկայացրել է Լոռու մարզպետարանում: «Ժողովուրդ»-ի` Չկալովում լինելու պահին այնտեղ էին նաեւ Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցները` ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: «Տունը վթարային է, սակայն մարզպետարանի կողմից հանձնաժողով պետք է գա, որպեսզի գնահատվի տան վիճակը, եւ նոր միայն որոշում կայացվի, թե ինչ պետք է արվի վթարային տան հետ»,-ասում է ՀՓԾ Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապետ Հրաչ Անտոնյանը:
1961 թվականին կառուցված շինության հիմքը, տանտիրոջ խոսքով, սխալ է դրված,  հողի վրա կանգնեցված տան մի մասը ժամանակի ընթացքում առանձնացել է, ճեղքերի արանքից արդեն տեսանելի է փողոցը, իսկ հատակը 10-15 սանտիմետրով առանձնացել է դրսի պատից: Փլուզումը կանխելու նպատակով տանտերը սյուներ է հենել պատին, սակայն դրանք էլ ամրացված չեն: «Հարուր տարի աշխատել եմ մեր կայանում, միշտ պետությանը սատար եմ կանգնել: Ակնկալում եմ, որ մարդիկ գոնե մի անգամ երեսները դեպի ինձ կդարձնեն»,-ասում է Էդուարդ Շաքարյանը:  
Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցներն իրավիճակն ուսումնասիրելուց հետո Չկալով համայնքի 2-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչներին առաջարկեցին ժամանակավորապես լքել տունը, սակայն ընտանիքի անդամները գնալու տեղ չունեն: Ինչպես իրենք են ասում` շարունակելու են ապրել` վտանգելով սեփական կյանքը: Խնդրի վերաբերյալ լսեցինք նաեւ Չկալովի համայնքապետ Ռոման Շաքարյանին. «Մեր գյուղապետարանին բազմիցս դիմել են: Սրանից 2-3 տարի առաջ էլ ես աշխատակազմի ղեկավար եմ եղել, ինքս օգնել եմ դիմումը լրացնել, որ խնդրանքով դիմենք վերադաս մարմիններին, որ ինչ-որ հնարավորություն լինի` էս մարդկանց օժանդակել, սակայն որեւէ դրական պատասխան չի եղել»:
Գրեթե նույն պատկերն է նաեւ Լոռու մարզի Թումանյան քաղաքում: 3-րդ փողոցի` Սամվել Պետրոսյանին պատկանող 9-րդ տան պատերին կրկին երկրաշարժի հետեւանքով ճեղքեր են առաջացել: Դրանք այսօր սպառնալիք են 7 հոգուց բաղկացած ընտանիքի համար: Տունը լքելու մասին ե՛ւ իրենք են մտածել, ե՛ւ քաղաքապետարանն է խորհուրդ տվել, սակայն գնալու տեղ չունեն: Թումանյանի քաղաքապետը ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել է Լոռու մարզի փրկարարական վարչությանը, իսկ մինչ այդ տասնյակ դիմումներ է ուղարկել Լոռու մարզպետարան: «Ես շատ անգամներ եմ դիմել: Բոլոր կառավարությունների ժամանակ, որ էս շենքերը վերանորոգման կարիք ունեն, բայց արդեն այս բնակարանը, որ ցույց տվեցինք, խիստ վթարային ա: Հիմա մտածում ենք` ուր տեղափոխենք էս բնակիչներին, թե չէ վաղը, մյուս օրը կարա շատ վատ բան կատարվի»,-վստահեցնում է Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանը:
Տանտիրոջ խոսքով` տանն ապրելը չափազանց վտանգավոր է, սակայն լքելու դեպքում էլ կհայտնվեն անօթեւանի կարգավիճակում. չկա աշխատանք, չունեն սեփական միջոցներ, միակ հույսը պետությունն է: Տանտեր Սամվել Պետրոսյանը հիշում է. «Երկրաշարժը տվել ա, արդեն սկսել են էս ճաքերն առաջանալ: Հետզհետե բացվում ա սաղ: Էն կողմն էլ սաղ հեռացել են պատերը: Ընտանիքով չենք կարում շարժվենք: Մի կերպ ապրում ենք: Չգիտենք` ոնց ա լինելու»: Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է Լոռու մարզպետը, ում հանձնարարությամբ կստեղծվի հանձնաժողով` տվյալ շինությունների վթարայնության աստիճանները որոշելու եւ խնդրին լուծում տալու համար:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս