ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Աբովյան քաղաքում

Կովը քաղաքում, անշուշտ, անելիք չունի, եւ երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած չորքոտանիների եւ քառանիվ ՎԱԶ 2121-ի բախումն անկասկած կողմերից առաջինի, իսկ ավելի ճիշտ՝ նրանց անտեր թողած նախրապանի մեղավորության արդյունքն է: Թե ով է կրելու վնասն առայժմ անհայտ է, բայց եւ միաժամանակ ասֆալտն ու արոտավայրը միշտ էլ պետք է իրարից տարբերել:

 

ՀԱՐՑ. Քույրս եւ իր ամուսինն ապրում են միասին, բայց որպես ամուսիններ գրանցված չեն, գտնվում են չգրանցված ամուսնության մեջ։ Ուզում ենք տեղեկանալ, թե ինչպիսի՞ իրավունքներ եւ պարտականություններ ունեն չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք:

Գոհար Բալասանյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինների ամուսնության ընթացքում գույքի նկատմամբ հավասար իրավունքները ծագում են օրենքի ուժով հենց միայն գրանցված ամուսնության փաստի հիման վրա, ապա չգրանցված ամուսնության մեջ գտնվող (փաստացի ամուսնական հարաբերություն) ամուսինները միմյանց հետ գույքային վեճ ունենալիս, յուրաքանչյուրը պարտավոր է ապացուցել տվյալ գույքի ձեռքբերմանն իր մասնակցության աստիճանը: Իրավիճակը չի փոխում նաեւ երեխաների առկայությունը՝ երեխաներն իրենց ծնողների գույքի նկատմամբ ունեն միայն ժառանգության իրավունք, ծնողների կենդանության օրոք ծնողների գույքի նկատմամբ համասեփականատեր չեն դառնում: Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է. «Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաները եւ ծնողները կարող են օգտվել միմյանց գույքը տիրապետելու եւ օգտագործելու իրավունքից փոխադարձ համաձայնությամբ»: Այդ հարցերը կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով:

«Լեգալ Էքսպերտ» իրավաբանական խորհրդատվության ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, ամուսինների միջեւ հատկապես գույքային վեճերը հաճախ են հանդիպում, ինչը զարգացած երկրներում կարգավորվում է ամուսնական պայմանագրերի միջոցով: Այս ինստիտուտը, սակայն, հայկական մենթալիտետի համար չափազանց խորթ է: Ի դեպ, 2013 թվականին Հայաստանում ամուսնությունների թիվը (18363) նվազել է 6,1 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվն ավելացել է 15,7 %-ով:

 

ՀԱՐՑ. Բարեկամուհիս վերջերս է վերադարձել Հայաստան։ Ունի այլ երկրի քաղաքացիություն (Ռուսաստանի Դաշնության)։ Ցանկանում է տեղեկանալ, արդյո՞ք օտարերկրյա քաղաքացիներն իրավունք ունեն նպաստ ստանալ։ Եթե այո, ապա խնդրում եմ մեջբերել օրենքի որեւէ կետ։

Լարիսա Պողոսյան (67 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի` օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 114.005, որի 90 տոկոսը բաժին է ընկել աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին:




Լրահոս