ՀԱՐՑ. Ես ունեմ հասարակական կազմակերպություն, որը գործունեություն չի ծավալում: Մեկ անգամ զրոյական հաշվետվություն ներկայացրել եմ: Հիմա հաշվեկշռում կա մեքենա, որի համար վճարում եմ գույքահարկ: Ուզում եմ իմանալ` հաշվետվություն ներկայացնելու կարիք արդյոք կա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցի հետ կապված` անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի 30.09.2008թ.-ի «Հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից գործունեություն չիրականացնելու դեպքում հարկային մարմնին հաշվարկների, հաշվետվությունների եւ հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ» համար 9 պաշտոնական պարզաբանմամբ:
Հատված պարզաբանումից. Եթե հարկ վճարողը (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) փաստացի չի իրականացնում գործունեություն (այդ թվում նաեւ` չի հանդիսանում գործատու կամ հարկային գործակալ), ապա այդ ժամանակահատվածում ներառվող` հարկատեսակների համար օրենքով սահմանված լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողն իր հաշվառման վայրի հարկային տեսչություն հաշվետվություններ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում: Սույնը չի տարածվում գույքահարկով կամ հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույք եւ փոխադրամիջոցներ ունենալու դեպքերի վրա, երբ հարկ վճարողի կողմից պետք է ներկայացվեն այդ հարկատեսակների համար նախատեսված հաշվարկները, իսկ կազմակերպությունը` նաեւ շահութահարկի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը եւ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` մի գլխացավանք էլ կազմակերպության հաշվեկշռում գրանցված անշարժ գույքը կարող է դառնալ: Նման իրավիճակներում հայտնվելիս, երբ, ասենք, կազմակերպությունը գործունեություն չի ծավալում, ու նաեւ անհայտ է, թե երբ հնարավոր կդառնա այն վերսկսել, ուրիշ ոչինչ չի մնում, քան բոլոր հարցերը, վերջնականապես զրոյացնելով, լուծել: Այսինքն` գործող կարգի ընձեռած հնարավորությունից անկախ` հարկ է շարժական եւ անշարժ ողջ գույքը դուրս բերել հաշվեկշռից: