Ժողովրդավարություն, ժողովրդավարական հասարակություն. ոմանց համար կենսակերպ` համեմված զանազան նորամուծություններով, ոմանց համար էլ՝ զուտ ձևականություն: Ցանկացած երկրում էլ լեգիտիմ ճանապարհով նախագահ ընտրելը ժողովրդավարական հասարակության անքակտելի մաս է կազմում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը, Թուրքիայի բնակիչներն առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով պետք է նախագահ ընտրեին: Եվ ընտրությունների վերջնական արդյունքում ստանալով ձայների 51,7 %-ը՝ հաղթեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Արդյոք այս ընտրությունները համապատասխանո՞ւմ էին ժողովրդավարական սկզբունքներին, ընտրությունների արդյունքում հաղթած թեկնածուի քարոզչամեքենան արդա՞ր ճանապարհով է ընթացել, ի՞նչ կտա Հայաստանին այս ամենը:
Այս և նմանատիպ հարցերի պատասխանը փորձեցինք գտնել` զրուցելով թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
-Պարո՛ն Սաֆրաստյան, Էրդողանն ընտրություններում արդար ճանապարհո՞վ է հաղթել:
– Պետք է նշեմ, որ մյուս թեկնածուներն առանձնապես մեծ շանսեր չունեին: Էրդողանի քարոզչամեքենան չափազանց ակտիվ և ագրեսիվ գործունեություն դրսևորեց: Նրա քարոզները, ասույթները տիրապետող էին և´ թուրքական լրատվադաշտում, և´ փողոցներում, մեկ խոսքով` ամենուրեք: Էրդողանին ավելի շատ թագադրեցին, քան թե ընտրեցին որպես նախագահ:
-Թուրքիայի քաղաքացիներն ակտի՞վ մասնակցություն են դրսևորել ընտրություններում:
-Քաղաքացիների մասնակցությունը բավականին ցածր էր`շուրջ 75%: Խորհրդարանական ընտրություններում ընտրազանգվածն ավելի ակտիվ էր:
-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ընտրողների մեծ մասը հույս չուներ, որ իր ձայնը տեղ է հասնելու և ընդդիմադիր ներկայացուցիչներից որևէ մեկն առավելություն է ունենալու: Չնայած այս ամենին՝ ես չեմ կարող չարձանագրել, որ քուրդ թեկնածուն բավականին շատ ձայներ հավաքեց:
– Իսկ ինչի՞ հաշվին Դեմիրթաշնը սպասվածից ավելի շատ ձայն հավաքեց:
– Քրդական ընտրազանգվածը բավականին ակտիվ է: Քուրդ թեկնածուն ոչ միայն վերջին շրջանում է ակտիվություն ցուցաբերում, այլև` դեռևս խորհրդարանական ընտրություններից սկսած: Նա հակված է ավելի շատ ձախակողմյան մտավորականության ձայները հավաքել: Հարկ է նկատել, որ Դեմիրթաշին երբեմն անվանում են թուրքական Օբամա` թե՛ նրա արտաքինից ելնելով, թե՛ հաշվի առնելով այն հանգամանքը, ըստ որի՝ ընտրվելու դեպքում նա կարող էր հետևել Օբամայի օրինակին` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ:
– Ի վերջո, ի՞նչ կտա Էրդողանի ընտրվելը հայերին: Նա որևէ կերպ կանդրադառնա՞ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` ոչ ավանդական տեսանկյունից:
-Բացարձակապես որևէ նոր բան չեմ ակնկալում, ոչ մի դրական փոփոխություն էլ չի լինի. Էրդողանը կշարունակի իր նախորդների վարած քաղաքականությունը:
Հարցազրույցը վարեց Լուսինե Հակոբյանը