ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ԿԼԻՆԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԵՎ «ԻՄՊՈՐՏՆԻ» ԱՊՐԱՆՔՆԵՐ

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը խոստանում է վերադարձնել խորհրդային «հին ու բարի ժամանակները»: Ոչ վաղ անցյալում մարդիկ ստիպված էին օգտագործել տեղական արտադրության ապրանքներ, որոնք, ի դեպ, միշտ չէ, որ փայլում էին իրենց բարձր որակով, իսկ արտասահմանյան արտադրության ապրանքատեսակները համարվում էին շքեղություն: Հիմա նույնը սպասվում է ՄՄ-ին ՀՀ անդամակցության դեպքում:

Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հետեւանքով կտրուկ աճելու են ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքատեսակների գները. Հայաստանը եւս կիրառելու է նույն այն մաքսատուրքերը, ինչ այսօր գործում է ՌԴ-ում, Բելառուսում եւ Ղազախստանում: Մամուլը վերջին օրերին ակտիվորեն անդրադարձել է մաքսային դրույքաչափերի փոփոխության հետեւանքով սպասվող թանկացումներին. օրինակ` շաքարավազի մաքսատուրքը կավելանա 40 տոկոսով, ինչն էլ իր հերթին կանդրադառնա դրա գնի վրա: Կավելանան ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից պանրի, ցորենի, ձեթի, բրնձի, կարագի, թռչնամսի, խոզի եւ խոշոր եղջերավոր անասունների մսի մաքսադրույքները, արդյունքում` նաեւ գները` ավելի քան 10-20 տոկոսով: Սա նշանակում է, որ Հայաստանում նորզելանդական կարագը, շաքարավազը կամ բրինձը շուտով կդառնան դելիկատես: Գնաճը շատ ավելի մեծ կլինի նաեւ արտասահմանյան մակնիշի, մասնավորապես եվրոպական կամ ճապոնա-կորեական արտադրության ավտոմեքենաների դեպքում. այստեղ արտասահմանյան արտադրության ամենաէժան մեքենայի մաքսատուրքը կավելանա նվազագույնը 5000 դոլարով:
Իսկ ի՞նչ են անում իշխանություններն այդ ուղղությամբ: Բնականաբար` ոչինչ: ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքատեսակների թանկացմանը, նշեց, թե Հայաստանը կարող է այդ ապրանքները ներկրել ՄՄ անդամ երկրներից, այն էլ` առանց մաքսատուրքի: Այլ կերպ ասած` ստիպված ենք լինելու սպառել ՌԴ-ից, Բելառուսից կամ Ղազախստանից ներկրված ապրանք: Թե որքանով կարող են այդ ապրանքները լինել որակյալ, մրցունակ, մնում է ենթադրել: «Հնարավորությունները միշտ կան. դուք կարող եք գնել ե՛ւ Մաքսային, ե՛ւ ոչ Մաքսային միության անդամ հանդիսացող երկրի ապրանք, եւ այդ դեպքում գնի ու որակի միջեւ կառաջանա մրցակցություն»,-նշեց Գ. Մինասյանը: Դժվար չէ ենթադրել, որ այս տարբերակը, մեղմ ասած, անիրատեսական է: Թեկուզ եւ այն պատճառով, որ Հայաստանի բնակչությունը չի փայլում իր բարեկեցությամբ կամ եկամուտների մեծությամբ ու հաճախ ստիպված է գնել էժան ապրանք: Նույնը կլինի նաեւ այս դեպքում. մարդիկ ստիպված կլինեն նախապատվությունը տալ ՄՄ անդամ երկրներից ներկրված ապրանքներին:
Ինչ վերաբերում է մեքենաների մաքսատուրքերի բարձրացմանը, Մինասյանը համաձայնեց, որ դա ՄՄ-ին անդամակցելու բացասական հետեւանքներից մեկն է: Այլ կերպ նա, թերեւս, չէր կարող. ի վերջո, իշխանավորների մեջ ներքին մրցավազք է ամենալավ մեքենան գնելու եւ վարելու հարցում: Գ. Մինասյանի ծառայողական մեքենան էլ «Տոյոտա» մակնիշի է:
Սակայն նույն Մինասյանը երեկ համոզում էր, որ այս ամենի մեջ կան նաեւ դրական տարրեր: ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքներ ներկրելու բարձր մաքսատուրքերը, ըստ նրա, կնպաստեն տնտեսության դիվերսիֆիկացմանն ու զարգացմանը: «Այն խնդիրը, որի մասին մատնանշում եք, ունի նաեւ դրական դրսեւորումներ` ներքին շուկայի պաշտպանվածություն, ներքին արտադրության խթանում եւ այլն: Կբերի նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման»,-ասաց նա: Նկատենք, որ տվյալ դեպքում հիմնականում կշահեն մեծ երկրները, այլ ոչ թե Հայաստանը, քանի որ մեզանում արտադրությունը, այնուամենայնիվ, բարձր մակարդակի վրա չէ: Մինասյանը, սակայն, պնդում էր հակառակը. «Եթե այսօր ՀՆԱ 4 տոկոս աճ ունենք, արտադրությունը 7 տոկոս աճ է արձանագրում, ապա առաջիկայում, իհարկե, կունենանք»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ երեկ հստակ մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նրանք դա պատրաստվում են անել այսօր. էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն այս թեմայով ասուլիս կտա:
Հ.Գ. ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե իրենց վերլուծաբանները հաշվարկում են Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման ազդեցությունը Հայաստանի վրա: «Քանի որ Ռուսաստանը մեր խոշորագույն առեւտրային եւ ներդրումային գործընկերն է, ապա պարզ է, որ որոշակի ազդեցություն այն պետք է ունենա: Դա կարող է լինել արտարժույթի փոխարժեքը, ներդրումային ակտիվությունը կամ այլ տնտեսական ցուցանիշ»,-ասել է նա: Թե այսքանից հետո ինչ հույսեր են կապում ՀՀ իշխանությունները ՄՄ-ին անդամակցելու հարցում, անհասկանալի է: Թեեւ, մյուս կողմից, այսպես իշխանություններն իրենց հերթական ձախողումներն արդարացնելու հոյակապ տարբերակ են գտել. կպարզվի, որ վերջում ամեն ինչի մեղավորը ՌԴ-ն է, որտեղ, ի դեպ, տնտեսական աճը 2012թ. 3,4 տոկոսից 2013-ին իջել է 1,5 տոկոսի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Առաջիկայում Հայաստանում կստեղծվի ազատամարտիկների միություն, որը կընդգրկի ՀՀ բոլոր մարզերը, եւ որն իր առջեւ դնելու է իշխանափոխության նպատակ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նա նշել է, որ այդ միության մեջ ընդգրկվելու են այն ազատամարտիկները, որոնք պատերազմում ներդրում են ունեցել, եւ որոնք «ճիշտ մտածելու հետեւանքով դուրս են մնացել Հայաստանում գործող վետերանների տարբեր միություններից»: «Մեզ բոլորիս կարողացել են այս տարիների ընթացքում մասնատել, որ իշխեն, իշխել են, բայց այսօր մենք ուզում ենք համախմբվել, մեր խոսքն ասել»,-նշել է Միքայելյանը:

 

ԽԱՌԸ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ նախագահի նստավայրի հաշվեկշռում գտնվող գույքն օտարելու մասին հարցը: Մաշվածության պատճառով որոշվել է վաճառել 7 մեքենա` 3 «Գազ 31-10» եւ մեկական «Պեժո», «Գազ 3102-121», «ՎԱԶ 21» մակնիշի, ինչպես նաեւ «Հունդայի» միկրոավտոբուս: Իսկ այդ մեքենաների արժեքն ընդհանուր առմամբ գնահատվել է 9 մլն 882 հազար դրամ: Նախատեսված է, որ վաճառքի գումարը պետք է մուտքագրվի պետական բյուջե: Կարելի է ենթադրել, որ նախագահականը որոշել է մինչեւ ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը հնարավորինս արագ ձերբազատվել հին մեքենաներից, ու քանի դեռ մաքսատուրքերը բարձր չեն, գնել արտասահմանյան մակնիշի մեքենաներ: Ի՞նչ իմանաս` ՄՄ-ին անդամակցելուց հետո էլ ե՞րբ կկարողանան այդպիսիք գնել: Չնայած, որ օտարվող մեքենաները 2003-2004թթ. արտադրության են, ասել է թե` այնքան էլ հին չեն:

 

ՄԵԿՆԵՑԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 21-ին տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն արաբ մեծահարուստ շեյխի հրավերով մեկնելու են Արաբական Միացյալ Էմիրություններ: Երեկ պաշտոնապես հաստատվեցին մեր տեղեկությունները. ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ Աբրահամյանը հունվարի 29-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ: Պաշտոնական լրահոսում, սակայն, որեւէ խոսք չկա այցի օրակարգի մասին: Կաթողիկոսի` ԱՄԷ մեկնելու մասին չի հայտնել նաեւ Մայր Աթոռի մամլո դիվանը: Սակայն մեր աղբյուրները նշեցին, որ ԱԺ նախագահին ու վեհափառին տեսել են օդանավակայանում. նրանք ԱՄԷ են մեկնել նույն ինքնաթիռով: Բանն այն է, որ հրավիրող կողմը՝ արաբ շեյխը, հայկական եկեղեցու կառուցման հովանավոր է եղել:

 

ՉԵՆ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով 5 տարի ժամկետով ՀՀ ՏՄՊՊՀ անդամներ նշանակվեցին ՀՀ ՏՄՊՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը եւ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Արամ Սահակյանը: Նոր նշանակվածները փոխարինելու են նախկին անդամներ Արմինե Հակոբյանին եւ Հրայր Արամյանին, որոնց պաշտոնավարման ժամկետները չեն երկարացվել: Տեղեկացնենք, որ նրանց աշխատավարձը 550-600 հազար դրամ է:

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԿԱՇԽԱՏԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ մինչեւ մարտի 28-ը նախատեսվում են տարբեր ակցիաներ, մասնավորապես մարզերում: «Այս պահին հստակ որոշված է մարզեր գնալը, ու առաջին այցելությունը լինելու է դեպի Վանաձոր փետրվարի 8-ին: Շատ հնարավոր է, որ նաեւ Ալավերդի գնանք»,-168.am-ին ասել է ակտիվիստը:

 

ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

Հունվարի 22-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ որոշում է կայացվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցել: Հունվարի 27-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հարցաքննվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի՝ միջադեպի օրը Ս. Ղուկասյանն ընկերների հետ մեքենաներով մոտեցել է Ս. Բալասանյանի առանձնատանը եւ նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել, նաեւ կրակոցներ էին եղել:

 

ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ

«Առավոտ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած տղաներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը, 400,000 դրամանոց գործուղում է շահել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով (ԵԳԱԾ):

 

ՀԱՆՑԱԳՈՐԾ

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախօրեին ԵԽԽՎ լիագումար նիստում կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ հիմք ընդունելով Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական կոմիտեի՝ ռասիստական ոգով ելույթները քրեականացնելու առաջարկը: Պատգամավորը հիշեցրել է Ալիեւի կողմից շարունակաբար հնչող հակահայկական, ռասիստական ելույթներն ու կոչերը:

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ

Հունվարի 28-ից 29-ը ՀՀ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլու գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է ՀՀ ՊՆ Ս. Օհանյանը: Քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մակարդակն ընդլայնելու հնարավորությունները: Կողմերը ստորագրել են ՀՀ եւ Վրաստանի ՊՆ-ների միջեւ ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը:

 

ԵՂԲԱՅՐՆ ՈՒՐԻՇ Է

Անդրադառնալով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր՝ Աշոտ Սարգսյանի հրաժարականին՝ 168.am-ը տեղեկացնում է, որ Ա. Սարգսյանի վերջնահաշվարկի վճարումը չի ուշացել, եւ նա շատ կարճ ժամանակահատվածում ստացել է 42 մլն դրամ գումար: Սա այն դեպքում, երբ բոլորին հայտնի են գործարանի ֆինանսական ծանր վիճակը, կուտակված միլիոնավոր պարտքերն աշխատողներին եւ այլ կազմակերպությունների:




Լրահոս