Մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության իրականացրած աշխատանքները ներկայացվեցին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ըստ այդմ` իրականացվել են միջոցառումներ մի շարք ոլորտներում: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության կողմից չափազանց կարևոր է համարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիրը պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով:
Մասնավորապես` բանկերը չունեին համակարգչային ծրագրեր, որոնք հնարավարություն կտային արգելանքի տակ դնել իրենց հաճախորդի բանկային հաշիվը` միայն կատարողական թերթում նշված գումարի չափով: Պրակտիկայում և տեսականորեն խնդիրը ԴԱՀԿ տիրույթում չէր:
ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար, այն է` կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում որոշակի լուծումներ են մշակվել:
Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել են նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, որոշո դեպքերում նախատեսում են դատական ընթացակարգեր` հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար, երբ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող է զրկվել միակ բնակության վայրից կամ կատարման ենթակա դրամական պահանջներն անձի համար էական են:
Նախագծող սահմանվել է` վարչական ակտը չի կարող դառնալ անբողոքարկելի, եթե անձն այն չի ստացել: Հստակեցվել է նաև վարչական ակտը հանձնված համարելու սահմանումը: