Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևն իրար վախեցնում են Ռուսաստանից գնած զենքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած սահմանային վերջին արյունալի միջադեպերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, կողմերը շարունակում են ռազմական հռետորաբանությունը: Ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ հետո կողմերը միմյանց սպառնում են «բնաջնջելու» հեռանկարով:

Ընդ որում, նրանց հնչեցրած սպառնալիքները բավականին ուշագրավ առանձնահատկություն ունեն. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ շաբաթ հայտարարություն էր տարածել. «Մեր բանակը, որի հրթիռները ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երևանը»:

Սերժ Սարգսյանը պատասխանելով Ադրբեջանի նախագահի` պատերազմ վերսկսելու, Ադրբեջանի ՊՆ այս սպառնալիքներին, իր վերջին հարցազրույցում հայտարարել է. «Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին…

Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են:

Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների եւ, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»:

Սերժ Սարգսյանի այս խոսքերը լայն արձագանք են գտել Ադրբեջանում, եւ նրանց Պաշտպանության նախարարությունն էլ հակադարձել է. «Ադրբեջանի զինանոցում կա ամենաժամանակակից եւ բարձր ճշգրտությամբ զենքեր, որոնք երաշխավորված կոչնչացնեն ցանկացած ռազմավարական օբյեկտ կամ ենթակառուցվածք Հայաստանի տարածքում, ինչը կհանգեցնի Հայաստանի վերացմանը` որպես պետություն»:

Երկու կողմերը որպես իրենց ուժի վկայակոչում, մատնանշում են ունեցած սպառազինությունները, որոնք նրանք գնել են Ռուսաստանից: Համենայնդեպս, երկու երկրներին զենքի հիմնական մատակարարը հենց ՌԴ-ն է: Ու ստացվում է` Հայաստանն ու Ադրբեջանը իրար վախեցնում են ռուսական զենքերով: Ավելի անհեթեթ իրավիճակ դժվար է պատկերացնել:

Մյուս կողմից, սակայն, սա նաեւ մտահոգիչ է ու լուրջ եզրահանգումների տեղիք է տալիս. ՀԱՊԿ անդամ, ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանը պետք է դիվանագիտական կապերն օգտագործի` ՌԴ-ին համոզելու Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում զգուշավոր լինել:

Իսկ մինչ այդ, նկատենք, որ Սոչիում Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպումից հետո ԼՂ խնդրում հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե իրենք մտադիր են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան, նաեւ` «Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն առաջ մղելու նպատակով Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են հնարավորինս աջակցել բանակցություններում առաջընթացի հասնելու համար»:

Նաեւ հայտնի դարձավ, որ ԵՏՄ անդամ ՌԴ-ի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են Սոչիում տեղի ունեցած վերջին հանդիպումը: Ըստ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինը Նազարբաեւին իրազեկել է այդ հանդիպման արդյունքների մասին. «Կողմերը քննարկել են առկա դժվարությունները եւ հայտնել իրենց դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրի հարցի նկատմամբ»:

Ինչպես հայտնի է` Ղազախստանն անթաքույց կերպով սատարում է Ադրբեջանին` նույնիսկ ԵՏՄ-ում հանդես գալով որպես վերջինիս խոսափող ու շահերի ներկայացուցիչ: Եվ հիմա Ղազախստանի նախագահի կողմից Պուտինի հետ զրույցում նաեւ ԼՂ խնդրի շոշափումը պատահական չէ: Առավելեւս, որ նախօրեին էլ Նազարբաեւն ու Լուկաշենկոն քննարկել էին ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցը:

Արման Գալոյան




Լրահոս