ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեք օր առաջ խանութից գնեցի սպորտային կոշիկներ, բայց գնալուց 30 րոպե հետո այլ կոշիկներ տեսա ու որոշեցի հետ վերադարձնել նախորդները: Տարա, որ վերադարձնեմ, բայց ասացին, որ գնված ապրանքը հետ չեն վերցնում, եւ այդ մասին գրված ու փակցված թուղթ կա: Մի՞թե սա սպառողի իրավունքի ոտնահարում չէ:

Արմինե Բաղդասարյան, 21 տարեկան, ուսանողուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքեր շատ հաճախ են լինում: Գնված ապրանքը հետ տալու երկու ձեւ կա: Առաջին դեպքում, երբ գնորդը փոշմանել է եւ ուզում է հետ տալ, ապա տասնչորս օրվա ընթացքում նորմալ վիճակում բերում է ապրանքը: Վաճառողը պետք է առաջարկի այլ ապրանք, եթե չկա գնորդի ուզածը, ապա գումարը հետ են վերադարձնում: Սա է օրինական տարբերակը: Երկրորդ դեպքում, երբ ապրանքն ունի թերություն, ապա տասնչորս օրվա ընթացքում պետք է բերել, նրանք կարող են կա՛մ թերությունը վերացնել եւ այլ ապրանք առաջարկել, կա՛մ պարտավոր են վերադարձնել գումարր:
Խանութներում փակցված «ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ ՀԵՏ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ» արտահայտությունն արդեն իսկ հակաօրինական է:

«Սպառողների միություն» հ/կ
նախագահ Արմեն Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկապես նման դեպքեր ավելի քան հաճախ են պատահում, ու լավ է, որ օրենքը լիարժեքորեն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ իրավունքներն այդպես էլ չեն պաշտպանվում: Հասկանալի է, որ եթե գնված ապրանքը վնասված է, ապա այն միանշանակ նորով փոխարինելու է ենթակա, բայց տվյալ դեպքում հնարավոր է` մեր ընթերցողը մեկ այլ խանութում էլ ավելի գրավիչ տարբերակի հանդիպեր: Չէ՞ որ խանութում էլ ապրանքը համարվում է վաճառված, ու երբեմն էլ ՀԴՄ կտրոն է տպվում: Այնպես որ,  շարունակաբար ապրանքն ապրանքով փոխարինելն էլ ճիշտ չէ:




Լրահոս