ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳ՝ ԳՆԴԵՎԱԶՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վերջերս ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչները դիմում-բողոք են գրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակին: Նրանք IFC-ից պահանջում են դադարեցնել Ամուլսարի հանքավայրի շահագործումը եւ Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցումը, քանի որ «այս հանցավոր ծրագրի ֆինանսավորումը մեծ վտանգներ է պարունակում Գնդեվազի բնակչության համար»:

Տեղեկացնենք, որ Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերությունը պատկանում է օֆշորային «Lydian International» ընկերությանը: Բրիտանական «Lydian International»-ը Հայաստանում ներկայացնող «Գեոթիմ» ընկերությունը մտադիր է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը եւ կառուցել ցիանային արտադրություն: Նախատեսվում է ցիանային գործարանը կառուցել Գնդեվազ գյուղի տարածքում:
Հավելենք, որ «Գեոթիմ» ընկերությունն արդեն մի քանի անգամ տեղափոխում է ցիանային ֆաբրիկայի կառուցման վայրը: Սյունիքի մարզի Գորայք համայնքում նախկինում ընտրված տարածքները արգելված համարվեցին, քանի որ ընկնում էին Սեւանա լճի ջրահավաք ավազանի տարածքում: Այժմ այդ ծրագիրը տեղափոխված է Գնդեվազ:
Եվ այսօր ավելի քան 200 բնակիչ ստորագրել է IFC-ի Օմբուդսմենի գրասենյակին ուղղված բողոքի տակ, որով պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագրի եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման ֆինանսավորումը: Բացի այդ, գնդեվազցիները մտահոգված են, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում կատարվող պայթեցումների հետեւանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաեւ գյուղի բնակելի տարածքի վրա:
Դիմում-բողոքի հեղինակներից մեկը՝ Արմեն Համբարձումյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մենք՝ Գնդեվազ գյուղի բնակիչներս, բազմիցս արձանագրել ենք Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքների բացասական հետեւանքները: Դրա պատճառով մեր գյուղատնտեսական ապրանքները դժվարությամբ են իրացվում շուկայում, անասունները Ամուլսարի ազդեցության գոտուց բերված անասնակերը չեն ուտում: Բացի հանքը, այստեղ՝ գյուղին կից, շատ մոտ 2 կմ հեռավորության վրա փորձում են ցիանային հարթակ կառուցել: Ավելի շատ վերջին խնդրի հետ կապված մենք զայրացանք ու նամակ գրեցինք: Միջազգային նորմերին չհամապատասխանող, երկու կիլոմետր հեռավորության վրա նախագծով կառուցվող ցիանային հարթակն իր կործանարար ու մահաբեր հետեւանքները կունենա թե՛ Գնդեվազի շրջակա միջավայրի, թե՛ Գնդեվազի բնակչության վրա: Մեր պահանջն է, որ կտրականապես չշահագործվի հանքը: Եվ Գնդեվազում կայացած հանրային լսումների ժամանակ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ կարծիքներն անպայման արձանագրվեն, որը չի արվում»:
Համբարձումյանի պնդմամբ՝ Գնդեվազ գյուղից Ամուլսարի հանքավայրում աշխատելու ընթացքում մի շարք աշխատակիցներ արդեն հասցրել են տուժել` չստանալով համապատասխան բժշկական օգնություն եւ հետազոտություն:
«Իսկ իրենց որ լսենք, կասեն հակառակը՝ ամեն ինչ լավ է ու ձեզ համար օգտակար է: Բայց գնդեվազցիներն արդեն իսկ իրենց ստորագրություններով իրենց սեփական կարծիքը հայտնել են. նրանք կտրականապես դեմ են ե՛ւ հանքավայրի շահագործմանը, ե՛ւ ցիանային հարթակի կառուցմանը: Դա ապականում է շրջակա միջավայրը, եւ այդ մետաղների փոշին նստում է բուսականության վրա: Մենք էլ չենք կարողանում իրացնել դրանք, քանի որ այստեղի կաթը, մեղրը, դեղձը, բուսականությունը թունավորվում են դրանից: Դուք որ իմանաք այդ միրգը նման տարածքից է՝ կգնե՞ք այն, թե՞ ոչ: Իհարկե չեք գնի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ինչեւէ, Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով խորհրդականի ապարատին դիմում-բողոքն ուղարկելուց անցել է մեկ ամիս, սակայն մինչեւ հիմա դեռ պատասխան չկա:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե գնդեվազցիներն ինչու չեն դիմել տեղի հայկական պետական կառույցներին, նա պատասխանեց. «Եթե մի գործողության, այսպես ասած, դաբրոն կառավարությունն է տվել, ես իրենց դիմեմ ինչ անեմ: Ես այսքանից հետո ո՞ւմ դիմեմ, որ գան մեզ լսեն: Եթե մեր սրտով պատասխան չստանանք, ապա շարունակելու ենք մեր պայքարը մինչեւ հասնենք ինչ- որ արդյունքի»:
Ի դեպ, դիմում-բողոքում նշված է նաեւ, որ «Գեոթիմ» կազմակերպությունը մանիպուլյացիայի է ենթարկում գնդեվազցիներին՝ ասելով, որ իրենց հողատարածքները կգնահատվեն շատ բարձր գներով, վաճառքից ստացված գումարով կկարողանան գնել բնակարան Երեւանում եւ հանրապետության այլ տարածքներում եւ կտեղահանվեն: ««Գեոթիմ» կազմակերպությունը իր գործն առաջ տանելու համար շրջանառում է բնակչությանը խաբելու ցանկացած միջոց, այդ թվում հավաքում է գյուղացիների հողերի սեփականության վկայականները, իբր չափագրումներն իրականացնելու համար, բայց վերջինս խաբկանք է եւ նպատակն ակնհայտ է: «Գեոթիմ» կազմակերպությունը ոչ իրավական ճանապարհով է հարցերը լուծում, եւ այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել, կամ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այս մանիպուլյացիայի զոհերը»,-նշված է նամակում:
Գնդեվազի բնակիչների կողմից բարձրացված հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը դիմեց «Գեոթիմ» ընկերությանը, որտեղից ստացանք հետեւյալ հավաստիացումը. ««Գեոթիմ» ընկերությունը խոստանում է ուսումնասիրել գյուղացիների բողոքի հետ կապված խնդիրը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք եւ համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք, որպեսզի բողոքի հեղինակներն ունենան համապատասխան տեղեկատվություն: Ընկերությունը նպատակ ունի ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի հողի ձեռքբերման եւ փոխհատուցման գործընթացն անցնի թափանցիկ, իսկ մտահոգությունները ստանան պատասխան»:
Հ. Գ. Հիշեցնենք, որ Ամուլսարի նախագիծը կապված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անվան հետ: Ի դեպ, հենց այս նախագծի քարոզչության շրջանակներում էլ նախորդ տարի Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը:

 
ԱՂՍՏԵՎ ԳԵՏԸ ԼՑՎԱԾ Է ԱՂԲՈՎ

Մոտ օրերս ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին համայնքի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին, որ իրենց համայնքում աղբահանության հետ կապված խնդիր կա եւ այն տեւական ժամանակ է, ինչ չի լուծվում: Նրանց պնդմամբ՝ բնակիչների մեծ մասն իրենց տան աղբը թափում է Աղստեւ գետը: Հաղարծինցիների կարծիքով՝ գյուղապետն արդեն մի քանի անգամ վերընտրվել է, բայց չի կարողանում լուծել այս խնդիրը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց համայնքի ղեկավար Սարգիս Պողոսյանի հետ:

-Դեռ խորհրդային տարիներից մեր գյուղին պատկանող, բայց մոտ 7 կմ հեռավորության վրա կա մեծ աղբավայր: Եվ մեր գյուղի բնակիչներն իրենց կենցաղային աղբն այնտեղ են թափում: Բայց Դիլիջան քաղաքի բնակիչները բերում են ու իրենց աղբը թափում են հենց մեր գյուղին պատկանող մեծ աղբավայրում: Դա հիմա փակել ենք, որ Դիլիջանի եւ հարակից համայնքների բնակիչները չբերեն իրենց աղբն ու լցնեն այդտեղ:
-Ինչպե՞ս եք փակել:
-Երկաթե ձողերով, որպեսզի մարդիկ չկարողանան մեքենաներով էլ անցնել:
-Բայց բնակիչների խոսքով, հարեւան համայնքներն աղբահանության հետ կապված խնդիր չունեն:
-Բայց ո՞ր գյուղում այդպես չէ: Բոլոր գյուղերում էլ նույն խնդիրն է: Հայաստանի բոլոր գյուղերում կենտրոնացված աղբահանություն է արվում, իսկ մեզ մոտ չէ՞: Նման բան չկա: Ես իմ ուժերով միայն կարողանում եմ կենտրոնական փողոցն աղբահանել, որովհետեւ գյուղի միջով է մայրուղին անցնում: Իսկ գյուղի մյուս փողոցները մաքրելը մեր ուժերից վեր բան է:
-Ինչո՞ւ: Համայնքի բյուջեն չի՞ բավարարում:
-Իհարկե, չի բավարարում: Մեզ որտեղի՞ց գումար: Մենք չենք կարող մեքենաներ վարձել, որ աղբահանություն անի: Մի կազմակերպությունից հետաքրքրվեցինք, բայց իրենք էլ իրենց աշխատանքը տարեկան գնահատեցին 20 մլն դրամ: Մենք որտե՞ղ ունենք այդչափ գումար, որ վճարենք: Մեր սեփական ուժերով վաստակած գումարի չափը կազմում է միայն 10 մլն դրամ:
-Պարոն Պողոսյան, բնակիչների պնդմամբ՝ Աղստեւ գետն էլ է լցված աղբով:
-Արդեն 30 տարի է, ինչ Դիլիջան քաղաքի կոյուղին լցվում է Աղստեւ գետը: Դա մեզ հետ կապ չունի: Բայց հիմա մեր գյուղից ներքեւ կեղտաջրերի մաքրման կայան է կառուցվում, որպեսզի այն չթափվի Աղստեւ գետ:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆՈՐԱՆՇԱՆԱԿՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Օրեր առաջ Սերժ Սարգսյանը հրամաններ էր ստորագրել, որոնց համաձայն ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, իսկ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ադոնցը` նույն կարգավիճակով գործուղվել է Իսպանիայի Հանրապետություն: Հիշեցնենք, որ Թաթուլ Մարգարյանն այժմ ՀՀ նախագահի խորհրդական, էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի եղբայրն է: Նշենք, որ Թաթուլ Մարգարյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը չի փայլում իր առատությամբ: Մարգարյանն ունի ընդամենը 45 հազար դոլար, եւ վերջ: Հավելենք, սակայն, որ տարվա սկզբում այս գումարը կազմում էր 35 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում դեսպանի եկամուտն աշխատավարձն է եղել՝ 4723 դոլար: Իսկ Ադոնցը, բացի դրամական միջոցներ եւ եկամուտ հայտարարագրելուց, նշել է նաեւ վերադարձված կամ հանձնված փոխառություն, որն էլ կազմել է 19,300 եվրո: Այժմ Ադոնցի դրամական միջոցները կազմում են 40 հազար եվրո: Մեկ տարվա ընթացքում նրա` որպես դիվանագետ, ստացած աշխատավարձը կազմել է 41,400 եվրո:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՋՐԱՀԵՂՁՎԵԼ ԷՐ ՍԵՎԱՆՈՒՄ
Ըստ armlur.am-ի՝ նախօրեին Սեւանում 27-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել: Նա Ծովակ գյուղի բնակիչ Արկադի Վարդանյանն էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը հայտնեց, որ Արկադին դեպքի օրը պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաք, սակայն օդանավակայանից նրա տոմսերը վերադարձրել են` պատճառաբանելով, թե թռիչքը երկու օր անց պետք է լինի: Համայնքապետի փոխանցմամբ` այդ օրը Արկադին Երեւանում պետք է մնար, սակայն ծնողները զանգահարել եւ ասել են նրան, որ գնա գյուղ եւ ներկա լինի եղբոր ծննդյան արարողությանը: «Կարճաղբյուրի մոտ լողափ կա, էնտեղ պետք է նշեին ծնունդը: Ու ժամը 5-ի կողմերը իմացանք, որ ջրահեղձ է եղել: Հարազատները մի պահ նկատել են, որ նա բացակայում է, ու փնտրելուց հետո պարզվել է, որ Արկադին խեղդվել է: Խելոք, աշխատասեր տղա էր, ուղղակի դժբախտ պատահար էր»,-պարզաբանեց գյուղապետ Գարիկ Հակոբյանը` հավելելով, որ Արկադին չորս եղբայր ունի, որոնք, ինչպես եւ նա, ամուսնացած չեն: Գյուղապետը չկարողացավ հստակեցնել, թե ինչից կարող էր 27-ամյա երիտասարդը ջրահեղձ լինել, միայն վստահեցրեց, որ նա ալկոհոլ օգտագործել չէր սիրում, եւ բացառեց դրա ազդեցության տակ ջրահեղձ լինելու հնարավորությունը:

 




Լրահոս