ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՊ-Ի ԱԼԻԿԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԱԺ-Ի 50 ՕՐԵՆՔՆԵՀՋՖ

Նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի հայտարարություններից պարզ դարձավ, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում կլինեն անխուսափելի թանկացումներ. շուրջ 7 հազար անուն ապրանքների վրա կգործեն ավելի բարձր մաքսատուրքեր, քան ներկայում է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանից (ՄԱՊ-ի Ալիկ) պարզել, թե նա ինչպես է վերաբերում սպասվելիք թանկացումներին: Նշենք, որ պատգամավորը բազմիցս հայտարարել է, թե ՄՄ-ին անդամակցելը ՀՀ իշխանությունների ամենաճիշտ որոշումն էր:

-Պարո՛ն Պետրոսյան, արդեն հայտնի է, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում անխուսափելի թանկացումներ են լինելու: Դուք դա ինչպե՞ս եք գնահատում` հաշվի առնելով Ձեր դիրքորոշումը, որ ՄՄ-ին անդամակցությունը մեծ օգուտներ կբերի ՀՀ տնտեսությանը:
-Անկեղծ ասած՝ ես ցանկանում եմ, որպեսզի այդ բոլոր փաթեթներն ԱԺ-ում քննարկվեն, որ մենք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Օդի մեջ չես կարող ասել, թե ինչ ասել է շուրջ 7000 անուն ապրանքի թանկացումը: 50 օրենք մենք պետք է ԱԺ-ով անցկացնենք, չէ՞, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա բխի մեր երկրի շահերից, մեր գործարարների շահերից:
-Իսկ Ձեզ համար սպասելի՞ էր, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում թանկացումներ են լինելու:
-Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, ինչ թանկացումներ են լինելու, ինչ ապրանք է թանկանալու:
-Դա վերաբերում է նաեւ սննդին, առաջին անհրաժեշտության ապրանքներին, ընդհանուր առմամբ մոտ 7 հազար անուն ապրանք, հնարավոր է, թանկանա:
-Հիմա Դուք ինչ ասում եք, իմ ձեռքի տակ չկա, ու ես չեմ ցանկանում ենթադրելով խոսել, դրա համար երբ որ ցանկը կգա Ազգային ժողով, մենք կնայենք, պետք է այնպես անենք, որ… Իմ կարծիքով՝ ՄՄ-ին միանալու դեպքում ամենաշատը շահելու են արտահանող կազմակերպությունները: Արտահանումն ավելի շատ է խթանվելու, քան ներմուծումը: Հիմա էլ Հայաստանում 4 անգամ ավելի շատ է ապրանք ներմուծվում, քան արտահանվում: Եթե այդպես է, թող արտահանումն ուժեղանա, մեր երկիրը հարստանա: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է պարտադիր գնաս, «Ֆոլցֆագեն» առնես, բերես ստեղ ու թանկ հարկ չտաս: Խոսքը սենց բաների մասին է, դրա համար մենք պետք է էականորեն տարբերենք՝ ո՞ր ապրանքը, էն ապրանքը, որը ՌԴ-ն արտադրո՞ւմ է, թե՞ էն ապրանքը, որը ՌԴ-ն Իտալիայից ներմուծում է ինչ-որ մաքսատուրքով, ու դու էլ ես ներմուծում Իտալիայից ու, իհարկե, նույն մաքսատուրքով պետք է բերես: Դրա համար մենք պետք է հասկանանք դա, ես հիմա չեմ կարող Ձեր հարցին պատասխանել:
-Այսինքն` Դուք դեռեւս տեղյակ չեք, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչպիսի գնային փոփոխություններ կլինեն հայաստանյան շուկայում:
-Չէ՛, իհարկե ո՛չ, որովհետեւ եթե տենց ամեն ինչ պարզ է, ինչո՞ւ ենք մենք այդ 50 օրենքն ընդունում, ուրեմն դեռեւս պարզ չի, չէ՞, բանակցությունների տեղ կա, ասելու տեղ կա, մենք ունենք ակցիզային ապրանքներ, իրենք ունեն ակցիզային ապրանքներ, հազար հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն:
-Բայց եթե բոլոր հարցերը քննարկված չեն, եւ մեր ակնկալելիք օգուտներն ու վնասները հաշվարկված չեն, այդ դեպքում ինչպե՞ս էիք այդքան միանշանակ պաշտպանում ՄՄ-ին անդամակցելու` ՀՀ իշխանությունների որոշումը:
-Հիմա էլ եմ պաշտպանում, որովհետեւ մինչեւ հիմա Դուք ասել եք, թե ինչպես է եղել, որ Հայաստանը 4 անգամ ավելի է ապրանք ներմուծում, քան արտահանում է, հիմա էլ սա ենք քննադատում: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում՝ արտահանող երկի՞ր դառնանք, թե՞ ներմուծող: Եթե ձեթը թանկանալու է, ապա բերե՛ք ձեթի գործարան սարքենք ու ձեթ չներմուծենք: Ինչը որ պետք է դրսից թանկ բերենք, եկե՛ք դա մեր երկրում արտադրենք ու թող էժան լինի: Մենք կարող ենք ձեթ արտահանել ՌԴ, թե պետք է մենք միշտ դրսի արտադրողից առնենք:
-Եվ, այդուհանդերձ, առանց հաշվարկելու՝ ինչպե՞ս կարող եք միանշանակ պնդել…
-Եթե Հայաստանում այս 20 տարվա մեջ 100 գործարաններ են փակվել, դա ոչինչ, հա՞, իսկ եթե երկու հատ ներմուծող կազմակերպություն փակվի, արդեն սկսել ենք իրենց մասին մտածել: Իսկ ես էլ մտածում են, որ սրա արդյունքում 100 գործարան կսարքվի ու հազարավոր աշխատատեղեր կբացվեն: Հիմա էլ եմ պաշտպանում ՄՄ-ին, որովհետե ՄՄ-ին միանալու դեպքում տվյալ երկրի էկոնոմիկան զարգանում է, եթե երկու հատ ներմուծող տուժելու են…. ես կողմնակից եմ, որ մարդիկ իրենց երկրում բան ստեղծեն, աշխատեն ու ապրեն, իսկ սա բերում է տնտեսության աճի: Ես չգիտեմ՝ ներմուծման հետ կապված ինչ կլինի, բայց որ ՀՀ-ում տասնյակ գործարաններ կբացվեն… պարտադի՞ր է՝ նասկին ներմուծես, դու արտադրի՛, գործարան բացե՛ք ու սարքե՛ք: Թող ՀՀ-ում սարքեն, էժան ծախեն, թող իրենք դառնան արտահանող: Սովորել ենք այս 20 տարվա մեջ, որ ամեն ինչ պետք է դրսից բերենք, հիմա փակված գործարանները թող բացվեն: Ինչը որ կարող է ՀՀ-ում արտադրվել, ես դեմ եմ, որ դա ներմուծվի: Որ մեկը պետք է «Ֆոլցֆագեն» առնի, է՛, թող առնի, իսկ ո՞վ է ասել, որ պետք է գնաս, Գերմանիայի խանութից առնես, հետո էլ մտածես, որ դա թանկ հաճույք է, թանկ է՝ թանկ ա՛ռ: Ժողովրդի 90 տոկոսը դրա հնարավորությունը չունի, իսկ եթե 10 տոկոսն ունի, թող 10 անգամ թանկ տա, ես ավելի շատ մտածում եմ սովորական գյուղացու, քաղաքացու ապրելակերպի բարելավման մասին:

 

 

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԻՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Երեկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացրեց 2014թ. գերակա խնդիրներն ու իրականացվելիք ծրագրերը: Նախարարի ելույթից հետո, ինչպես սովորաբար լինում է ասուլիսներում, նրան պետք է հարցեր ուղղեին լրագրողները: Սակայն ԲՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Արմեն Վարդանյանն ամեն ինչ արեց, որպեսզի «Ժողովուրդ»-ի լրագրողը հարցեր հնչեցնելու հնարավորություն չունենա: Ավելին, ասուլիսի մեկնարկից առաջ հատուկ զգուշացրեց. «Թեմայից դուրս հարցեր չտալ»:

«Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, մեկ հարց ուղղեց նախարարին: Հիշեցնելով «Ջրի ազգային պաշար ծրագրով» սահմանված չափորոշիչները, ըստ որոնց՝ տարեկան 1 մլրդ խմ ջրից ավելի չի կարելի հանել ընդերքից, քանի որ միայն այդ ծավալի դեպքում է, որ բնությունն ի վիճակի է վերականգնել ընդերքային պաշարները, նախարարին խնդրեցինք կոնկրետ նշել, թե այժմ ինչքան ջուր է հանվում ընդերքից: Նա բավականին հուզված տոնով պատասխանեց. «Դուք ասում եք ջրառը… ես Ձեզ ասում եմ երեկվա տվյալ, որպեսզի Ձեր ու Ձեր նման ապատեղեկատվություն տարածողների համար պարզ դառնա՝ 928 հազար այսօրվա դրությամբ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` Արարատյան դաշտավայրի ջրառը, ձկնաբուծության, ոռոգման, խմելու, տնտեսական նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների ծավալը, Ձեր նշած 1 միլիարդից 72 հազարով պակաս է»: Ապա նախարարն անմիջապես ձեռնամուխ եղավ մյուս լրագրողների հարցերին պատասխանելուն` այդպես էլ չլսելով մեր հաջորդ հարցերը:
Մի կողմ թողնելով սահմանված մաքսիմումից ընդամենը 72 հազար խմ-ով պակաս ցուցանիշի հավաստիության քննարկումը (դրանով զբաղվում են համապատասխան մարմինները)` նշենք, որ մեզ համար միանգամայն ընկալելի է նախարարի վերաբերմունքը. Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթի իրականացրած եւ շարունակվող հետաքննությունը բավականին նյարդայնացրել է նախարարին: Այն աստիճան, որ նա անթաքույց ձեւով դրսեւորում է իր զգացմունքները` «Ժողովուրդ»-ի թղթակցին ասելով. «Ես ձեր թերթի հարցերին չեմ պատասխանում:
Սակայն, պարզվում է, Ա. Հարությունյանը «վիրավորվել է» նաեւ սեփական կենսագրության հրապարակումից: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 1992-1994թթ.՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր արդեն տարոնանժդեհական գաղափարախոսության կրող նախարարը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու փոխարեն մեկնել է «խոպան», պարզ ասած` փախել է: Նախարարի պաշտոնական կենսագրությունում նշված է, որ այդ թվականներին նա եղել է ՌԴ-ում եւ զբաղվել առեւտրային գործունեությամբ: Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ ավարտվել է ԼՂ պատերազմը, եւ աշխատել որպես «Հայինկոմսպասարկում» ՊԶ տնօրեն: Անհասկանալի է, որ նախարարն իր կենսագրության հրապարակման համար վիրավորվել է ոչ թե իրենից, այլ «Ժողովուրդ» օրաթերթից: Ի վերջո, ինքն է փախել պատերազմից, մենք եղել ենք եւ մնում ենք մեր երկրում:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՈՒՐԻՇ ՈՎՔԵՐ

Հունվարի 30-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր հոգեհանգստին ներկա է գտնվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Մեզ հայտնի դարձավ, որ բացի նրանից՝ այդ հոգեհանգստին ներկա են եղել նաեւ պատգամավորի խնամին` տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն), ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, սիրված երգիչներ Ներսիկ Իսպիրյանն ու նրա եղբորորդի Աղասի Իսպիրյանը:
Ներսիկ Իսպիրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ մահացած Արթուր Սաֆարյանն իր հորեղբոր թոռն էր: Մեր հարցին, թե ինչ գիտի կատարվածի մասին, ով կարող էր սպանել իր բարեկամին, Ներսիկ Իսպիրյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, թե դա իր ոլորտը չէ, եւ ինքը ոչինչ չի ցանկանում խոսել այդ մասին:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանից պարզել, թե ինչու է ՊԵԿ-ը մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների հաշվապահներին զգուշացնում վճարել կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար նախատեսված գումարները, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ: Սակայն Ա. Ալավերդյանը, լսելով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, հայտարարեց. «Ես չեմ կարող հեռախոսով անձնական հարցերի պատասխանել, սա իմ անձնական հեռախոսն է, սա իմ պաշտոնական հեռախոսը չէ, դուք ինձ մի՛ սովորեցրեք, թե ես ով եմ, զանգահարե՛ք լրատվական ծառայություն»: Դե իհարկե, երբ ավարտվում են փաստարկները, սկսվում է ագրեսիան:

 

ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԴԱՏԸ

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Այժմ նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) եւ 215-րդ հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների մաքսանենգությունը) հատկանիշներով:




Լրահոս