Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը իր նախընտրական ծրագրով նախատեսում է գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել երկրի համախառն ներքին արդյունքի 1-2%–ի, այս մասին այսօր կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ նրա, ՀՅԴ-ն նախատեսում է տասն անգամ ավելացնել գիտության ոլորտի պետական ֆինանսավորումը՝ հասցնելով ՀՆԱ-ի 1-2%-ին: Ըստ Լիլիթ Գալստյանի՝ տնտեսական նախագծերը կիրականացվեն բացառապես շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության փորձաքննության և համապատասխան եզրակացության առկայության դեպքում, իսկ դրանց արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը: Լիլիթ Գալստյանի խոսքով՝ աստիճանաբար կներդրվի առողջության պարտադիր ապահովագրության պետական կորպորատիվ վճարումների համակարգ, ինչպես նաև կապահովվի ուսման մատչելիությունը։ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի՝ արտահանման և փոքր և միջին գործարարության խթանմանն առնչվող դրույթները: “Կգործադրվի հակամենաշնորհային օրենսդրություն, կվերացվի շուկաներ ազատ մուտք գործելու արհեստական սահմանափակումները: Կընդունվի գնագոյացման օրենսդրություն, կստեղծվի հակագնագցման միջգերատեսչական հանձնաժողով, որը կպաշտպանի տեղական արտադրողներին”ե,- ասաց նա և շարունակեց ներկայացնել այս ոլորտում ՀՅԴ–ի առաջ քաշած լուծումները, որոնք, ըստ նրա, իրատեսական են։
Նռանյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ն այն միակ կուսակցություն է, որը նախկին ընտրություններից հետո հետամուտ է եղել իր ներկայացրած ծրագրերի իրականացմանը: “ՀՅԴ-ն ավելի հետամուտ էր, քան իշխող քաղաքական ուժը”,- ասաց նա: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց գյուղատնտեսական և հակաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունից: “Առաջնահերթ գյուղացուն պետք է տրվի պետական աջակցություն, կմեղմվի գյուղատնտեսական վարկերի տրամադրման պայմանները, կսուբսիդավորվեն վարկերի տոկոսադրույքները”,- ասաց նա և ներկայացրեց լուծում ենթադրող շուրջ երկու տասնյակ քայլեր: